Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Զգուշանալ յ-ի սխալներից. [11 դեպք]

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Յ կիսաձայնի գրությանը հայերեն սովորողներն առնչվում են գրել սկսելու առաջին իսկ օրերից։ Ասվում է, որ Յ գրվում է Ա-ից և Ո-ից հետո, ինչպես՝ ՏՂԱՅԻ և ԵՐԵԿՈՅԻ։ Ինչո՞ւ։ Որովհետև գրաբարում (հին հայերեն) բառավերջում Ա-ից և Ո-ից հետո Յ է գրվել՝  տղաՅ և երեկոյ, այդպես էլ արքաՅ – արքաՅի և այլն։ Մյուս ձայնավորների դեպքում Յ-ն բնականաբար չի գրվում, ինչպես՝ ափսեի, վերարկուի (գրաբար ափսէ, վերարկու) և այլն. Յ չի եղել, չենք էլ գրում։ Ամեն ինչ հստակ է։

Դժվարություններ են ծագում մի շարք բառերի գրության և արտասանության ժամանակ։

  1. ԶԳՈՒՅՇ և ԱՇԽՈՒՅԺ

ԶԳՈՒՅՇ և ԱՇԽՈՒՅԺ բառերը մարդիկ հաճախ արտասանում են առանց Յ-ի և այդպես էլ գրում են, որը սխալ է։ Բայց չմոռանանք, որ Յ չկա սրանցից կազմված ԶԳՈՒՇԱՆԱԼ, ԶԳՈՒՇՈՐԵՆ, ԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ, ԱՇԽՈՒԺԱՆԱԼ, ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ և այլ բառերում, քանի որ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

  1. ՏՈՒՅԺ

Շա՜տ հին բառ է, Յ-ով հասել է մինչև մեր օրերը։ Յ-ն «հեռանում է» նոր բառ կազմելիս, ինչպես՝ ՏՈՒԺԵԼ (բայց երբե՛ք «տուժվել»), ՏՈՒԺԱՆՔ, որը ՏՈՒԳԱՆՔ-ի «երկվորյակն է»։

  1. ՁՅՈՒԹ

Այս բառում Յ-ն և՛ արտասանվում է, և՛ գրվում (ուստի ոչ մի դեպքում՝ «ձութ»)։ Ի դեպ, գրվում է ՁՅՈՒԹ-ից կազմված բառերում նույնպես՝ ՁՅՈՒԹԵԼ, ՁՅՈՒԹԱԾԱԾԿ, ՁՅՈՒԹԱՊԱՏ։

  1. ՀԱՄԲՈՒՅՐ

Այս կարևոր բառն անգթորեն աղավաղում են՝ ասելով «համբյուր» և սխալ կազմելով նաև գործողության անունը՝ «համբյուրել»։ Այնինչ ՀԱՄԲՈՒՅՐ, որից էլ օրինաչափորեն՝ ՀԱՄԲՈՒՐԵԼ (առանց Յ-ի)։

  1. ԱՂՅՈՒՍԱԿ և ՍՅՈՒՆԱԿ

ԱՂՅՈՒՍԱԿ և ՍՅՈՒՆԱԿ բառերը  միանման կազմություն ունեն. ԱՂՅՈՒՍ և ՍՅՈՒՆ արմատներին միացել է –ակ ածանցը։ Բայց ոմանք –ակ-ը դարձնում են –յակ (ամենայն հավանականությամբ՝ արմատի Յ-ի ազդեցությամբ)՝ առաջ բերելով «փափուկ ձևեր» («աղյուսյակ», «սյունյակ»), որոնք անկասկած սխալ են։

Ոմանք այդպես «քնքշացնում են» ՊԱՅՈՒՍԱԿ-ը՝ ասելով «պայուսյակ», կրկին սխալ։

  1. ԲՈՒՅԺ, ԲՈՒՅԾ

Այս արմատն առանձին չի գործածվում (գրաբարից մի քանի վկայություն կա միայն)։ Բառեր կազմելիս կենսունակ է։ Երբ առաջին բաղադրիչ է, ապա ԲՈՒՅԺ-ը դառնում ԲՈՒԺ՝ ԲՈՒԺԱՐԱՆ, ԲՈՒԺԵԼ, ԲՈՒԺԻՉ, ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂ, ԲՈՒԺՔՈՒՅՐ, ԲՈՒԺԱԿ և այլն։ Բայց երբ վերջին բաղադրիչ է, ապա ԲՈՒՅԺ-ն անփոփոխ է մնում. Յ-ն արտասանվում և գրվում է։ Այսպես՝ ԱԿՆԱԲՈՒՅԺ, ՄԱՆԿԱԲՈՒՅԺ, ՎԻՐԱԲՈՒՅԺ, ՀՈԳԵԲՈՒՅԺ, ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ, ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺ, ԱՍԵՂՆԱԲՈՒՅԺ և այլն (բայց, իհարկե, ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ և այլն)։

Այդպես էլ ԲՈՒՅԾ-ի դեպքում է՝ ԲՈՒԾԵԼ, ԲՈՒԾԱՐԱՆ, բայց ՄԵՂՎԱԲՈՒՅԾ, ՃԱԳԱՐԱԲՈՒՅԾ, ԾԱՂԿԱԲՈՒՅԾ և այլն:

  1.  ՔՐԻՍՏՈՆՅԱ

Գրաբար ՔՐԻՍՏՈՆԵԱՅ, նոր ուղղագրությամբ՝ ՔՐԻՍՏՈՆՅԱ։ «Քրիստոնիա»-ն և «քրիստոնեա»-ն սխալագրություններն են և մերժելի են։

  1.  ՔՆՔՈՒՇ

Այս բառի Յ-ն արդեն չի գրվում. ՔՆՔՈՒՅՇ տարբերակը հանդիպում է դասական գրականության մեջ։

  1.  ԱՆՈՒՇ – ԱՆՈՅՇ (ԱՆՈՒՅՇ)

ԱՆՈՒՇ-ն արևելահայերենում ընդունված գրությունն է։ Արևմտահայերենում Յ-ով են ասում և գրում ԱՆՈՅՇ (ԱՆՈՒՅՇ), թեև Յ-ից հրաժարվելու կողմնակիցներ կան։

  1. ՆՈՎՈԿԱԻՆ և ՊՈԵՄ

Փոխառյալ բառերում ա-ից և ո-ից հետո Յ գրելու կանոնը (դրա մասին սկզբում խոսեցինք) այստեղ չի գործում, ուստի ՆՈՎՈԿԱԻՆ (դեղամիջոց է), ՊՈԵՄ և այլն։

  1. ՓՐԿՎԵԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ և ՀՈՒՍՈՎ ԵՄ

ՀՈՒՅՍ բառի ձևերն են՝ ՀՈՒՅՍԻ, ՀՈՒՅՍԻՆ, ՀՈՒՅՍԻՑ, ՀՈՒՅՍՈՎ, ուստի ասում ենք. «Փորձանքից փրկվելու ՀՈՒՅՍՈՎ դիմեցի այդ քայլին»։ Յ-ով, բնականորեն։

Բայց եմ բայի ձևերի հետ գործածվելիս առանց Յ-ի է։ Այսպես՝ «ՀՈՒՍՈՎ ԵՄ (այսինքն՝ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ), որ օգտակար գործ է արվում» կամ ՀՈՒՍՈՎ ԵՆՔ, որ լավ օրեր կգան»։

«Art 365» մշակութային, ճանաչողական, լրատվական  կայք

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook