Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Թվերի անունները

Սա մեր երկրորդ հանդիպումն է, և ես կարող եմ մտերմաբար հարցնել քեզ, թե ուրիշ ինչպե՞ս կարող ես գրել երկրորդ բառը։ Ճի՛շտ ես, արաբական թվանշանով և րդ մասնիկով՝ 2-րդ, ինչպես նաև հռոմեական թվանշանով՝ առանց մասնիկի՝ II։ Քիչ չէ. երեք ճիշտ գրելաձև՝ մի թվականի համար։ Բայց արի ու տես՝ ոմանք այս երեք ճիշտը թողած՝ սխալ ձև են ընտրում։ Խոսքը «2-րորդ», «II-րդ» գրելաձևերի մասին է:

Ինչպես քանակական թվականները, որոնք համապատասխանում են արաբական թվանշաններին (0-ից մինչև 9), այնպես էլ դասական թվականները, որոնք համապատասխանում են հռոմեական թվանշաններին (I, V, X, L, C, D, M), չեն թարգմանվում և ճանաչելի են ամբողջ աշխարհում: Իսկ նրանց «անվանակոչությանն», ահա, ամեն լեզու յուրովի է մոտեցել, և պետք է, որ ամեն ոք իմանանք, թե իր մայրենի լեզվով ինչպես է գրվում ու գործածվում այս կամ այն թվի անունը: Ցանկություն ունեցողի համար դա ամենևին բարդ չէ:

Հապա միասին հիշենք այն, ինչ չենք էլ մոռացել։

Հայերենում երկու թվական կան, որոնց վերջում ը կա՝ ինը և տասը: Ուրեմն ճիշտ չէ՞, երբ ասում են «յոթը գիրք», «չորսը ժամ», «ութը անգամ»: Իհա՛րկե ճիշտ չէ։ Այս թվականների հետ ը-ն կարող է միայն որպես որոշիչ հոդ գործածվել: Օրինակ՝ «Նստարաններից յոթը նորոգված են», «Նրանցից չորսը վերևում են» և այլն: Իսկ 9 և10 թվականների ը-ն իրենց անվան մասն է կազմում։ Հենց այդ ը-ն է, որին հանդիպում ենք բառամիջում, ու թեև նա հնչյունափոխվել, ն է դարձել, միևնույն է, անմիջապես ճանաչում ենք նրան․ իննսուն, իննական, տասներորդ, տասնհինգ և այլն։

Ամենուր կարող ես լսել քսան(յե)րկու, տասն(յե)րեք: Դու իհա՛րկե հիշում ես, իմ լա՛վ բարեկամ, որ բառասկզբի ե-ն կարդում ենք է, երբ այն բառաբարդման ժամանակ հայտնվում է բառամիջում: Դիմենք «երես» և «երկյուղ» բառերին․ «Գրիր դարձ(է)րեսին», «Ան(է)րկյուղ առաջ անցանք»: Այս կանոնին թվականներն էլ են ենթարկվում: Ուրեմն պետք է գրել քսաներկու, կարդալ քսան(է)րկու: Պետք է գրել տասներեք, կարդալ տասն(է)րեք և այլն:

Իսկ հիցուն-ն ու ութանասուն-ը ուղղակի աններելի սխալներ են: Հիշի՛ր, 50 այս թվականի անունը հիսուն է, իսկ 80 սրանը՝ ութսուն: Ութսունը շատերը շփոթում են յոթանասունի հետ: Բայց 70-ն իր ան-ը (յոթան) գրաբարից է իր հետ բերել, իսկ 80-ը ան չի ունեցել ու հիմա էլ չունի: Իսկ թե հիսուն-ի փոխարեն ինչու են հիցուն ասում, դա էլ երևի այդ սխալն անողների գաղտնիքն է: Ոմանք էլ վաթսուն-ի փոխարեն գրում են վացուն։  

Մի բան էլ է պետք հիշել: Թվերը, երբ հարյուրից ավելի հավաքվում են մի տեղ, սկսում են վիճել ու առանձնանալ։ Ահա՛ ապացույցը․ հարյուրից բարձր թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ հարյուր չորս, երկու հարյուր տասնհինգ, հազար երեք հարյուր վաթսունմեկ և այլն: Հարյուրից փոքր թվերի անունները միասին են գրվում՝ քառասունինը, վաթսունհինգ: Դրանք, վերևում նկատեցիք, միասին են գրվում նաև երկնիշ, քառանիշ և այլ թվերի անուններում:

Իմ գնալու ժամանակն է, բայց մի վերջին խնդրանք․ ինչքան էլ հաճախ լսեք, երբեք ճիշտ չհամարեք համար առաջին, համար հիսունիններորդ ձևերը։ Հիշե՛ք, համար բառի հետ գործածվում են միայն քանակական թվականներ՝ համար մեկ, համար հիսունինը։ Իսկ թե չեք համբերում ու անպայման ուզում եք ասել առաջին կամ, ասենք, հիսունիններորդ, հենց այդպես է ասեք։ Առանց համար-ի՝ առաջին, հիսունիններորդ։

Դե, մինչ նոր հանդիպում։

Հեղինակ՝ Երազիկ Գրիգորյան
Նյութը տպագրվել է «Ոսպնյակ» ամսագրում

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Մեզ հարցնում են 👇 ․ #հայերեն #հայոցլեզու
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-10/

#հայերեն

Մեզ հարցնում են 👇
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-9/

Ավելին