Ասում են՝ նվերը երբեք փոքր չի լինում։ Եթե անգամ տեղավորվում է բռիդ մեջ, միևնույն է՝ մեծ է, շա՜տ մեծ։ Ձմեռ պապի տված մեծ ու փոքր չափի նվերների մեջ էլ միայն մի տարբերություն կա․ փոքր նվերները նա դնում է երեխաների բարձի տակ, իսկ մեծերը՝ տոնածառի։ Վա՜յ, այս ինչքան շատ օգտագործեցի նվեր բառը։ Մեկ, երկու, երեք, այս վերջինն էլ՝ չորս։
Խոսելիս, թե գրելիս, լավ չէ նույն բառը մի քանի անգամ կրկնելը, բայց երբեմն ստիպվա՛ծ ես լինում։ Այդպիսի դեպքերում հաճախ օգնության են գալիս հոմանիշները՝ իմաստով իրար մոտ կամ նույն իմաստն ունեցող բառերը։ Իսկ նվեր բառը հոմանիշ ունի՞։ Ես փնտրեցի ու գտա։ Դա ընծա-ն է։ Ի՜նչ լավ բառ է։ Ուզում եմ, որ Ձմեռ պապն ինձ գիրք ընծայի, այսինքն՝ նվիրի։ Լավ կլինի՝ գիրքը բացեմ ու տեսնեմ նրա ընծայագիրը։ Այս բառն էլ հենց նոր սովորեցի։ Դա նվերի վրայի գրությունն է՝ նվիրողի կողմից։ Ասենք այսպես՝ «Ձմեռ պապիկից՝ իր ամենասիրելի թոռնիկին՝ Արամին»։
Գիտե՞ք, որոշել եմ ես էլ Ձմեռ պապին մի բան նվիրել․ իմ հավաքած դրամով գնել եմ խանութի ամենամեծ ձեռնոցները, դրել եմ մի սիրուն տուփի մեջ ու ընծայագրել․
Գիտե՛մ, գիշերը դու թաքուն կգաս,
Ինձ ու քույրիկիս նվերներ կտաս։
Այս փոքրիկ տուփն էլ վերցրու ու ցնծա,
Այնտեղ կգտնես դու մի մեծ ընծա։
Երազիկ Գրիգորյան
մանկագիր, սցենարիստ
Նյութը հրապարակվել է «Կախարդական բանալի» ամսագրում