Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ինչպե՞ս գտնել պալկովնիկին կամ հրավեր «Բլյուզ կաֆե»

Չէ՛, այսօր լեզվական հարցերի մասին խոսել մտադիր չեմ։ Ուզում եմ ձեզ պարզապես հրավիրել ընթրիքի։ Սուրճ էլ անշուշտ կլինի։ Ո՞ւր։ Հիմա ասեմ․․․

Պալկովնիկի մոտ:

Մի՛ խոժոռվեք․ չենք խոսի նաև ռազմական հարցերից։ «Պալկովնիկի մոտ»-ը խորտկարանի անունն է։

Խորտկարա՞ն․․․

Ի՜նչ լավ բառ։ «Օբյեկտիս» վրա գրեմ, ծիծաղի առարկա հո չե՞մ դառնա․․․

Բայց ահա արդեն շեղվեցի․ ախր որոշել եմ այսօր այսպիսի հարցերի մասին չխոսել։

Լավ, ուրեմն, ձեզ կսպասեմ «Պալկովնիկի մոտ»։ Չգիտեք, թե որտե՞ղ է։ Ասեմ։

«Ռոյալ ֆուդ»-ի տեղը գիտե՞ք․․․ «Ֆուդ կորտ»-ի մոտ է՝ «Մեդլայն»-ի դիմաց, «Մոմերիա»-ից մի քիչ ներքև․․․

Չիմացա՞ք։

Այլ կերպ բացատրեմ։

Հայտնի «Ռիելթի»-ից վերև «Ունո շուզ» խանութն է․․․

Ես ի՞նչ իմանամ՝ ի՛նչ է նշանակում։ Կոշիկ են վաճառում։ Կողքին էլ կա մի ուրիշ խանութ։ Վրան հայերեն գրված է՝ «Մարկետ»․․․

Չէ՛, շուկա չէ։ Հայերենում մարկետ-ը «նշանակում է» խանութ։

Ինչո՞ւ եք ծիծաղում․․․

Գրում ենք «մարկետ», որովհետև հիմա հայերենը «մոդա» չէ։ Այ, եթե «անտիկվարի» խանութ լինի, ուրիշ բան, թե չէ հիմա ո՞վ իր «եվրոպական» ժամանակակից «օբյեկտի» վրա կգրի խանութ։

Բայց թեմայից չշեղվենք․ մենք պիտի գտնենք պալկովնիկին։

Ուրեմն՝ հասնում եք այդ «մարկետ»-ին, մի քիչ բարձրանում վերև, անցնում նորակառույց «հոթելի» կողքով․․․

Հոթե՞լ-ը․․․ Այո՛, հայերեն հյուրանոց-ն է․․․ Դե, ես ի՞նչ իմանամ՝ ինչո՛ւ․․․ Երևի այն պատճառով, որ հյուրանոց-ը հայերեն է, իսկ հոթել-ը․․․

Իսկ հոթել-ը, օ՜․․․

Բայց, չէ՛, չշեղվենք։ Այսօր՝ լեզվական ոչ մի հարց․ գնում ենք ուղիղ պալկովնիկի մոտ։

Ուրեմն, անցնում եք նաև այդ «հոթելը»․․․ Դրան դեմ դիմաց «Երևան city»-ն է։ Երևան-ը՝ հայերեն, city-ն` անգլերեն։ Աջ կողմում կա «բիստրո»։ Դա նույնպես հայերեն է գրված, մեծ-մեծ տառերով։

Դարձյա՞լ չեք պատկերացնում։ Էլ ինչպե՞ս բացատրեմ։

Այդ դեպքում գուցե գնանք «Շաուրմա ժառկո» կամ «Բուրգեր բար»։

Ո՞չ։

Իսկ սրճարա՞ն։ Հարմար տեղում կա։ Կոչվում է «Բլյուզ կաֆե»։ Նույն փողոցում է, որտեղ «ՕՔԵՅ տուր»-ը։

«Կաֆե», այո՛, հենց այսպես էլ գրված է․․․

Չգիտեմ, երևի այն պատճառով, որ սրճարան-ը հայերեն է, իսկ մենք էլ, նորություն չէ, հայերենի հետ մի քիչ լավ հարաբերություններ չունենք։ Մեղմ ասած․․․․

Հա՛, իհարկե՛ ամոթ կլիներ․ սա ո՞ր թիվն է․․․

Ոչ թե՝ մոթել, այլ՝ ամոթ․․․ Այո՛, «մոթել» էլ կա, անունը՝ «Էֆորեա», բայց դա հեռու է։

Էլի շեղվեցինք։

Մի խոսքով՝ անցնում եք «Ֆեշն թայմ»-ը, «Քուլ շոփ»-ը, «Բեյքրի»-ն, «Օնլի հոմմեյդ»-ը, «Պատիսեղի»-ն, «Բուլանժեղի»-ն, «Օլլ այզ օն մի»-ն․․․

Չեմ կակազում․ անունն այդպես է․․․

Չգիտեմ։ Թարգմանիչ չեմ։

Զուգահեռ փողոցում էլ «Ուայթ հաուզ»-ն ու «Սլիփ հաուսն» են, «Բլյու ընդ ուայթ»-ը։ Կա նաև մի «Ցենտրալ հոթել»․․․

Ո՞վ ասաց՝ չենք սիրում։ Մենք մեզ էլ, մեր Հայաստանն էլ շատ ենք սիրում։ Ավելին՝ պաշտում ենք, բայց․․․

Բայց, ճիշտն ասած, արդեն իմ ախորժակն էլ փակվեց, սուրճ խմելու ցանկությունն էլ, իսկ այսքան օտար անվանում գրելուց հետո լեզվի մասին չխոսել էլ ուղղակի չի լինի։

Մեզանից շատերը և հատկապես տնտեսավարողները այս որքա՜ն չեն հարգում մեր լեզուն։ Մեր լեզուն՝ ասել է՝ հենց մեզ․ այն ինչ հայկական է։ Եվ սոսկալին ոչ թե այս ցուցանակներն են, այլ այդ երևույթը։

Այո՛, լեզվի մասին օրենքը պահանջում է, որ ցուցանակները ձևավորվեն հայերեն։ Եվ, ահա, ինչպես տեսնում ենք, դրանք, օրենքի պահանջին համապատասխան, «հայերեն» էլ ձևավորվում են, սակայն․․․

Սակայն ո՞ւմ է պետք օրենքի պահանջի այսպիսի ձևական կատարումը։

Անձամբ իմ կարծիքով՝ հայատառ այսպիսի գրությունները լեզվի համար ավելի վտանգավոր երևույթ են, քան օտար տառերով գրվածները։

Կասեք՝ օրենքի պահանջը՝ հայերեն, չի նշանակում պարզապես հայատա՞ռ։

Համամիտ եմ, բայց արի ու տես, որ հայերեն ասելով՝ հայատառ այսպիսի օտար բառերը, օտար լեզուն են հասկանում թույլտվություն տվող տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքապետարանները, պատասխանատու պաշտոնատար անձինք, դատարանները, որոնք բերված բոլոր դեպքերում օրենսդրությունը մեկնաբանում են օտարամոլ տնտեսավարողների տեսանկյունից, համարում, որ տվյալ պարագայում կատարվում է օրենսդրության պահանջը։ Այսինքն՝ որ հայերեն են, օրինակ, պատիսեղի-ն ու բուլանժեղի-ն,  կաֆե-ն, մարկետ-ն ու սուպերմարկետ-ը, սլիփ հաուսն-ն ու ցենտրալ հոթել-ը։

Ասեմ, որ մեր բազում տնտեսավարողներ էլ շատ հնարամիտ են․ անմիջապես կողմնորոշվում են, թե ինչպես կարելի է հայերեն չգրել․․․

Ահա թե ինչի՛ է հանգեցնում ազգային, ես կասեի նաև՝ լեզվական արժանապատվության բացակայությունը։ Իսկ երբ դրան էլ գումարվում է օրենսդրության պահանջի ձևական կատարումը, վիճակը դառնում է ահա այսպիսին։

Հ․ Գ․ Հրապարակման մեջ որոշ «օբյեկտների» հասցեն փոխված է, ինչպես ընդունված է ասել, գեղարվեստական նկատառումներով։

Գուրգեն Միքայելյան

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը «Art 365» կայքի խնդրանքով ներկայացրել է հայերենում ամենատարածված 7 սխալները։ Նյութն ամբողջությամբ՝ https://bit.ly/3217CIY

Սրճարաններում, ճաշարաններում, ռեստորաններում պահանջո՞ւմ եք հայերեն ճաշացանկ, եթե Ձեզ տրվածը միայն անգլերեն կամ այլ լեզվով է։

Ավելին