Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ինչպես է խոսում «երգիր, թե կարող ես»-ը

«Արմենիա» հեռուստատեսության «Երգիր, թե կարող ես» հաղորդաշարը պարզապես ժամանցային չէ: Եթե ուզում ես անորակ երաժշտությունից կայուն գիտելիքներ ձեռք բերել, այս խաղ-նախագիծը չի հիասթափեցնի: Այստեղ կարող ես նաև լեզվական բազաթիվ սխալ ձևերի ծանոթանալ, անգամ անգիր անել, քանի որ դրանք անընդհատ կրկնվում են: Իսկ կրկնողը հաղորդաշարը վարողն է՝ Վաչե Թովմասյանը: Նրա խոսքից դուրս գրված սխալներից մի քանիսը մի անգամ էլ մե՛նք կկրկնենք, իհարկե այլ՝ մատնացույց անելու նպատակով, որպեսզի հեռուստադիտողը կարողանա խուսափել դրանցից:
Հաղորդավարը հաճախ է դիմում օտար բառերի օգնությանը, և այն էլ ռուսական արտասանությամբ՝ «ֆանտասծիկ» (այստեղ՝ զարմանալի), «պոզիծիվ» (դրական), «սիմպածիչնի» (համակրելի) և այլն:


Սխալների մեջ մեծ տեղ են գրավում նաև ռուսական լեզվական կաղապարները:


«Ո՞նց ես կարծում՝ քանի՞ միավոր կկորցնես»,-հնչում է հարցը՝ ուղղված հերթական մասնակցին: Ոնց կամ ինչպես (как) կարծում են ռուսերենում: Հայերենում ճիշտ է՝ «Ի՞նչ ես կարծում՝ քանի՞ միավոր կկորցնես»:


Կամ՝ «Այս ակնոցները կփրկեն մեր մասնակիցների աչքերը»: Ռուսերենո՛ւմ է մեկ ակնոցը հոգնակի (անեզական)՝ очки: Հայերենում «ակնոցներ» ասում են մեկից ավելիին: Ուրեմն պետք էր ասել՝ «Այս ակնոցը կփրկի մեր մասնակիցների աչքերը»:


«Ես ուզում եմ, որպեսզի մեր հովանավորին ներկայացնեմ»: «Որ» շաղկապի փոխարեն որպեսզի-ն գործածելու մասին շատ ենք խոսել: Սա ռուսերեն чтобы-ի «մեղքով է»: Ճիշտ կլիներ՝ «Ես ուզում եմ, որ մեր հովանավորին ներկայացնեմ»: Ցանկալի կլիներ՝ «Ես ուզում եմ ներկայացնել մեր հովանավորին»:


Հաղորդաշարը ողողված է հետ-ի և մոտ-ի՝ ռուսերենին հատուկ կապային կառույցներով, ինչպես՝ «Մեզ մոտ Օնոն ջրվեց հինգ անգամ», «Հիմա կտեսնենք, թե քեզ հետ ինչ կպատահի» և այլն: Ճիշտ կլիներ՝ «Օնոն ջրվեց հինգ անգամ», «Հիմա կտեսնենք, թե քեզ ինչ կպատահի»:
Շատ են նաև այնպիսի լեզվական սխալները, որտեղ ռուսերենը, այսպես ասած՝ մեղք չունի: Ահա դրանցից մի քանիսը.
«Կանացի երաժշտական տրամաբանությունը այժմ մենք կտեսնենք»: Այս տարածված սխալի մասին շատ է գրվել ու խոսվել: Ճիշտ չէ «կանանց» կամ «կնոջ» բառերի փոխարեն «կանացի» բառը գործածելը: Պետք էր ասել՝ «Կնոջ երաժշտական տրամաբանությունը այժմ մենք կտեսնենք»:
«Եվ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել…»: Սա նույնպես տարածված սխալ է: Նաև-ի մեջ և-ը առկա է, ուստի այս շաղկապներից մեկն ավելորդ է. կա՛մ «և ուզում եմ», կա՛մ «նաև ուզում եմ»:


Անընդհատ լսում ենք՝ «էս թմից», «իր թմի համար»: Թիմ-ը օտար բառ է, ուստի չի հնչյունափոխվում: Ճիշտ է՝ թիմից, թիմի:
Հաճախադեպ սխալներից է՝ հույսով եմ: Ճիշտ է, ասում ենք «հույսով անել», «հույսով սպասել» և այլն, բայց հուսով եմ-ը քարացած լեզվական կառույց է, ընդունված է հնչյունափոխել:


Հաղորդաշարում, բնականաբար հաճախ են հնչում «երաժշտություն», «երաժշտական» բառերը, միայն թե, ցավոք, սխալ՝ «երաշտություն», «երաշտական» ձևով:


Հաղորդաշարի մասնակիցները նույնպես հաճախ են թույլ տալիս լեզվական սխալներ: Դրանց չենք անդրադառնա: Բայց չենք կարող չանդրադառնալ կադրից դուրս հնչող, խաղի կանոնները ներկայացնող խոսքին, որը, ի տարբերություն հաղորդավարի խոսքի, նախօրորք գրված-խմբագրված է ու պետք է որ անսխալ լիներ: Պատկերը, սակայն, միանգամայն այլ է:


«Յուրաքանչյուր մասնակցի տրվում է 60 վայրկյան ժամանակ՝ բացատրելու և 60 վայրկյան՝ անունը կռահելու համար»: Նախ՝ «ժամանակ» բառն ավելորդ է, քանի որ վայրկյանն այլ բան չէ, քան ժամանակ, բացի դրանից՝ այստեղ տրամաբանական սխալ կա: Տեքստից ենթադրվում է, որ յուրաքանչյուր մասնակցի ընդհանուր հաշվով տրվում է 120 վայրկյան: Իրականում՝ «Մասնակիցներից մեկին տրվում է 60 վայրկյան՝ բացատրելու, մյուսին՝ 60 վայրկյան՝ անունը կռահելու համար»: Կամ՝ «Մասնակիցներից յուրաքանչյուրին տրվում է 60 վայրկյան: Մեկին՝ բացատրելու, մյուսին՝ անունը կռահելու համար»:
«Նրանց խնդիրն է միմյանց համադրելով նկարները՝ կռահել պատկերները»: Համադրել՝ նշանակում է միմյանց կողքի դնելով համեմատել, ուստի «միմյանց» բառն այստեղ ավելորդ է: Ճիշտ է՝ «Նրանց խնդիրն է համադրելով նկարները՝ կռահել պատկերները»:


«Նա պետք է երգերը կատարի այնպես, որ մյուս մասնակիցը գուշակի այն»: Այստեղ թվային անհամաձայնություն կա: Ճիշտ է՝ «Նա պետք է երգերը կատարի այնպես, որ մյուս մասնակիցը գուշակի դրանք»:


Մենք ներկայացրինք հաղորդաշարի անհամար լեզվական սխալներից մի քանիսը միայն: Ո՛չ լեզվական, ո՛չ երաժշտական իմաստով հաղորդումն ուսանելի չէ:
Բայց գոնե վնասակար չլիներ:

Երազիկ Գրիգորյան
Լեզվի կոմիտեի աշխատակից

Նմանատիպ նյութեր
Շարունակենք վերլուծել «Հարրի Փոթեր» ֆիլմաշարի հայերեն թարգմանության մեջ տեղ գտած լեզվական սխալները: Ֆիլմի չորրորդ մասի
Առցանց ուսուցման օրերին Հարրի Փոթերի հասակակիցների և ոչ միայն նրանց համար Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց աշխարհն
Տեխնոլոգիական հնարամտությունները մի հպումով փոխեցին աշխարհը: Խելացի հեռախոսը գերեց մարդուն՝ բառի տարբեր իմաստներով: Մարդը վերանայեց
Շարունակենք մեր զրույցը պատմական թեմայով արտասահմանյան ֆիլմերի հայերեն թարգմանությունների որակի մասին: Նախորդ անգամ ներկայացրինք ուսումնասիրված
Մենք շարունակում ենք հայկական հեռուստաեթերի գրավիչ առաջարկներից մեկի՝ արտասահմանյան ֆիլմերի հայերեն թարգմանությունների ուսումնասիրությունը: Այս անգամ

Հարգելի՛ քաղաքացիներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում խնդրում ենք լեզվական տարատեսակ պարզաբանումներին առնչվող նամակները, դիմումները առաջիկա օրերին Լեզվի կոմիտեին փոխանցել կապի հետևյալ միջոցներով․

📧 contact@langcom.am
☎️ 010 266879, ներքին՝ 1 կամ 2

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

Ավելին