Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Ինչ էլ ավանդեք, թող ձեր շուրթերից հնչող հայերենը օրինակելի լինի». Դավիթ Գյուրջինյան

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը մասնակցեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին  կուրսեցիների երդման արարողությանը։ Այն անցկացվեց Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում։

Լեզվի կոմիտեի և Հայկական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դ. Գյուրջինյանն իր ելույթում ուսանողներին խորհուրդ տվեց ճիշտ տնօրինել ուսումնառության ժամանակը, մշտապես ինքնակատարելագործվել ու փնտրել նորը։

«Ավ. Իսահակյանը մի առիթով ասել է, որ հայոց ոգին իր ամենավառ արտահայտությունն ունեցել է չորս գրքերում. դրանք են՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» ու Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» աշխատությունները, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանը և Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն:

Կարդացե՛ք այդ գրքերը, բոցավառվե՛ք հայրենասիրության ոգով, կարողացե՛ք Նարեկացու նման նայել ձեր ներսը»,- կոչ արեց Դավիթ Գյուրջինյանը:

Կոմիտեի նախագահը հատուկ ընդգծեց մեր ազգային ինքնությունը ձևավորող մայրենի լեզուն պահել-պահպանելու կարևորությունը, հորդորեց օրինակելի հայերենով խոսել և հետագայում, անկախ մասնագիտությունից (պատմաբան, մաթեմատիկոս, ֆիզիկոս և այլն), այդպիսի հայերենով դասավանդել։