Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ինչ լեզվով է խոսում հայկական կինոն (մաս 3-րդ)

Ասում են՝ մարդուն ծիծաղեցնելն ավելի դժվար է, քան լացացնելը: Ժամանակակից հայ կինոն կարծես թե այս դժվարությունից չի խուսափել. հայկական ֆիլմերը հիմնականում հումորային են: Միայն թե լեզվական գեղագիտություն կրող հանդիսատեսը ֆիլմում հնչած մի սխալ արտահայտությունից մինչև մյուսը դժվար թե հասցնի թոթափել վրդովմունքն ու լիարժեք տրվել սցենարական սրամտություններին:

Խոսքային արվեստը ոճի ու ճաշակի իմաստով միշտ էլ ընտրության լայն հնարավորություն ունի, և վերջապես նյութն ինքն է հաճախ ընտրություն թելադրում: Միայն թե այդ «թելադրությունը» չի կարելի գրել «տառասխալներով», մանավանդ որ ֆիլմի դեպքում դրանք անուղղելի են:

Հետևենք, խնդրեմ, մեր հումորային ֆիլմերի խոսքին: 

««Կազիրյոկ» նվագախումբն ի շնորհիվ Արտավազդի` աշխատանք ունի»: Այս ի շնորհիվ-ը բավական տարածված սխալ է: «Հյուսիս-հարավ» ֆիլմն էլ ի՛ր հերթին է այն տարածել: Եթե մեկը կասկածում էր՝ շնորհի՞վ, թե՞ ի շնորհիվ, ահա ֆիլմը  տալիս է պատասխանը, միայն թե՝ սխալ: Ի նախդիրը եկել է գրաբարից (ի գիտություն, ի լրումն, ի դեմս ևն): Շնորհ բառի գրաբարյան շնորհիվ հոլովաձևի կողքին ի նախդիր երբևէ չի դրվել. ավելորդ է ու սխալ: Պարզապես՝ շնորհիվ:   

«Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմի գովազդային պաստառը։

«Ամեն ինչ էդքան էլ վատ չի»: Այնքան էլ (էնքան էլ) արտահայտության մեջ, որ  նշանակում է ոչ բոլորովին, բոլորովին էլ ոչ, դերանունը գործածվում է միայն երրորդ դեմքով՝ այնքան (էնքան): Սա լեզվական կայուն ձև է, որն հանիրավի փորձում է խախտել վերջին շրջանում ռուսերեն-հայերեն վատ թարգմանություններից  «ներթափանցած» այս սխալ էդքան էլ-ը: Եվ խնդրեմ, այն ներկա է նաև «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմում՝ որպես հերթական էկրանավորված լեզվական սխալ:  

«Սա Նյու-Յորքում համար առաջին վիսկին էր»: Այս համար առաջին-ի հաղթական ընթացքը շատ ենք փորձել կասեցնել, բայց այն սողոսկել է անգամ գեղարվեստական ֆիլմ («Պահանջվում է միլիոնատեր»): Ճիշտ է` համար մեկ կամ առաջին, բայց ո՛չ երբեք համար առաջին: Նույնն էլ մյուս բոլոր թվականների դեպքում՝ «համար երկրու» կամ «երկրորդ», «համար տասը» կամ «տասներորդ» և այլն: Պարզապես պիտի հիշենք, որ համար բառի հետ դրվում են միայն քանակական թվականներ:

«Մեծ ռազմերն էլ ունենք»: Այստեղ էլ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմը մեր չափ բառը թողած՝ օտար ռազմերն է գործածել:

Անցնե՛նք առաջ:

 «Քո մոտ անևրիզմ է»: Նախ՝ ոչ թե քո մոտ, այլ քեզ մոտ: Բայց սա առհասարա՛կ հայերեն նախադասություն չէ: Ճիշտ է՝ «Դու անևրիզմ ունես»: «Սքոտչ և վիսկի»  ֆիլմի ստեղծագործական խումբը, եթե ուշադիր լիներ, կնկատեր նաև, որ սցենարում խոսքը մոռանալու մասին է: Ուրեմն ոչ թե անևրիզմ (անոթալայնանք), այլ ամնեզիա: Ահա քեզ՝ փոքրիկ, բայց այսքա՜ն սխալական նախադասություն: Ճիշտ է՝ «Դու ամնեզիայով ես տառապում» կամ «Դու ամնեզիա ունես»:   

 «Մեր ամուսնության օրը բռնիր ձեռքս ու ասիր, որ երջանիկ ես»: «Սքոտչ և վիսկի» ֆիլմում հնչում է մե՛կ անգլաֆրանսիական լեզվախառնուրդ, մե՛կ բարբառային խոսվածք: Այս մեջբերումը մի գյուղացու խոսքից չէ, այլ հաջողակ գործարարի, որը, ճիշտ կլիներ՝ ասեր. «Մեր ամուսնության օրը բռնեցիր ձեռքս ու ասացիր, որ երջանիկ ես»:   

«Որոշել եմ քեզ պահեմ էնքան, մինչև ամեն ինչ կբացատրես» («Սքոտչ և վիսկի»): Ճիշտ է` «…մինչև ամեն ինչ բացատրես»:  

Ա՛խ քեզ (խփելիս) կամ վերցրո՛ւ: Այս արտահայտությունների փոխարեն բանավոր խոսքում հատկապես դեռահասները հաճախ են գործածում ան քեզ  արտահայտությունը, ինչն ամենևին հանձնարարելի չէ, մանավանդ մշակույթի «ձեռքով» («Իմ փոքրիկ փեսացուն»):    

«Շուստրի, մերսի»: Այս օտար բառերը նույնպես պետք չէ հանձնարարել դեռահասին` նրան հասցեագրված ֆիլմի միջոցով: Նայում ես «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմի այս կադրը ու մտածում՝ քանի՜ տարբերակ է առաջարկում հայերենը, իսկ մենք ռուս-ֆրանսիական շիլային ենք մեկնել մեր ձեռքը: Ճարպիկ, ճստիկ, հնարամիտ, խորամանկ՝ առաջին բառի փոխարեն, կեցցես, ապրես, շնորհակալություն՝ երկրորդ բառի փոխարեն:    

Մի տարածված սխալ էլ ահա «առաջարկում» է «Խաղ իմ կանոններով» ֆիլմը: «Առաջին ազգն ենք, ով քրիստոնեությունը որպես պետական կրոն ա ընդունել»: Որ-ի փոխարեն այս ով-ը նույնպես վերջին շրջանում զարտուղի ճանապարհով անցել է հայերենի սահմանը: «Առաջին ազգն ենք, որ(որը) քրիստոնեությունը որպես պետական կրոն ա(է) ընդունել»:

Գոնե այսպիսի մտքերը փորձենք արտահայտել առանց լեզվական սխալի:

Երազիկ Գրիգորյան

Նյութը հրապարակվել է  «Եթեր»  շաբաթաթերթի  27․09․2018-ի համարում։

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Մեզ հարցնում են 👇 ․ #հայերեն #հայոցլեզու
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-10/

#հայերեն

Մեզ հարցնում են 👇
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-9/

Ավելին