Շարունակենք հետևել վերջին տարիներին նկարահանված հայկական կինոյի լեզվին: Այս անգամ նույնպես թիրախում հումորային ֆիլմերն են: Դրանցից դուրս գրված լեզվական սխալների մեջ պարզապես աչք են ծակում խառնալեզու և «ներմուծված» տրամաբանությամբ հայերեն նախադասությունները: Այսօր հենց դրանցից էլ կսկսենք:
«Մերսի, որ էկար: Պակա»:
Թե՛ կյանքում, թե՛ կինոյում երբեմն օտար լեզվին դիմելու անհրաժեշտություն է լինում: Բայց «Սկոտչ և վիսկի» ֆիլմին ի՞նչ է պատահել, որ նրա գլխավոր հերուսուհին մի փոքրիկ խոսքի մեջ միանգամից երեք լեզու է գործածում` ֆրանսերեն, հայերեն, ռուսերեն, փոխանակ ասելու` «Շնորհակալ եմ, որ եկար: Ցտեսություն (կամ՝ մինչ հանդիպում)»: Կամ էլ՝ կարճ՝ հաջող:
«Էրեխեք, ես վաբշե չեմ երևում»:
Բանավոր խոսքում «երեխաներ» գրական ձևի փոխարեն «էրեխեք» ձևով դիմելը մտերմիկ մթնոլորտ է ստեղծում: Իսկ հիմա հենց այդ՝ մթնոլորտ ստեղծելու տեսանկյունից նայենք այս վաբշե-ին: Վերևում նշված օտար բառերի պես սա էլ գրեթե սովորական դառնալու աստիճան տարածվել է մեր խոսքում: Ի՞նչ դերակատարություն ունեն հաճախ ամենևին ռուսերեն չիմացողների բառապաշարում լավ տեղավորված այս բառերը:
Եթե դպրոցը պայքարում է նման խոսվածքի դեմ, ապա պետք չէ, որ պատանեկան ֆիլմի («Իմ փոքրիկ փեսացուն») միջոցով խրախուսվի այն: Մանավանդ՝ առանց ֆիլմի կինեմատոգրաֆիական արժեքը վտանգի ենթարկելու այստեղ կարելի էր ասել ընդհանրապես, բոլորովին բառերը կամ հենց մեր բարբառային հեչ-ը:
«Վանդան դա ընդգծում է կնոջ խորհրդավորությունը, իսկ հերբերաները դրանք երջանկության սիմվոլն են»:
Սիմվոլը հայերեն խորհրդանիշն է: Նաև՝ այս նախադասության մեջ ավելորդ են դա, դրանք դերանունները: Հայերենում նախադասության անվանական անդամը դերանվամբ չի «վերարտադրվում», ինչպես որ ռուսերենում է («ванда-это…, гербера-это…»), որտեղից էլ սխալմամբ փոխանցվել է հայերենին ու մի ոստյունով հասել «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմին: Այս նախադասությունները ճիշտ ու թեթև կլինեին առանց այդ դերանունների:
«Պլաստիկ վիրաբուժությունը դա կորցրած գեղեցկությունը վերադարձնելու համար է»: Այս դա-ն իր ավելորդ ներկայությամբ միայն վերևում չէր ու միայն այս՝ «Ուրիշի փոխարեն» ֆիլմում չէ: Այն առկա է մտավորականների խոսքում, պաշտոնատար անձանց խոսքում, բեմում, հետնաբեմում, մի խոսքով՝ ամենուր: Ամենուր կա, բայց չպիտի լինի:
«Ուզում է իմանալ` ինչ կստացվի նրա մոտ»: Այս մոտ կապը ինչքա՜ն է մեր խոսքը հեռացնում հայերենից: Այս կաղապարը ռուսերեն у меня, у тебя-ի պատճենն է: Մենք՝ հայերս, մեր միտքը կառուցում ենք այսպես. «Ուզում է իմանալ` նա ինչ կկարողանա անել» («Պահանջվում է միլիոնատեր»):

«Համարյա մոտդ ստացվում ա, հա՞, էդ բարմենիցդ լրագրող դարձնել»: Դարձյալ այս մոտ կապը: «Համարյա կարողանում ես». այսպես թե՛ գեղեցիկ է, թե՛ ճիշտ: Բայց այստեղ միակ մեղավորը «ռուսահայերենը» չէ: «Բարմենիցդ լրագրող դարձնել». սա էլ ճիշտ չէ: Կա՛մ «բարմենիդ լրագրող դարձնել», կա՛մ «բարմենիցդ լրագրող սարքել» («Առաջին դեմք»):
«Բա որ քո հետ մի բան լիներ»: Այստեղ էլ հետ կապով է մեր լեզուն հեռացել իրենից: Ռուսերեն с тобой-ի պատճենն է սա: Հայերեն այս միտքը ձևակերպվում է այսպես` «բա որ քեզ մի բան լիներ» կամ՝ «բա որ քեզ մի բան պատահեր» («Սկոտչ և վիսկի»):
«Ես լրագրող եմ, սովորել եմ ժուռնալիսծիկայի ֆակուլծետում»: Ցանկություն է առաջանում պատասխանելու՝ «Եվ շատ վատ ես սովորել»: «Առաջին դեմք» ֆիլմի սիրելի՛ ստեղծողներ, հայերենում տ-ն միշտ հնչում է այնպես, ինչպես գրվում է: Եվ վատ է, որ ձեր այս ժուռնալիսծը, ներեցե՛ք, ժուռնալիստը (լրագրող) չգիտի այդ մասին:
Իրականում՝ ո՛չ հայերենն են այսպես սիրում, ո՛չ ռուսերենը: Այս ամենի անունը ո՛չ առաջադիմություն է, ո՛չ լեզվական անմիջականությունը: Այս ամենի անունը լեզվական անպատասխանատվություն է:
Շարունակելի
Երազիկ Գրիգորյան
Նյութը հրապարակվել է «Եթեր» շաբաթաթերթի 06․09․2018-ի համարում։