Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ինչ լեզվով է խոսում հայկական կինոն

Թե ինչ է ստեղծել հայկական կինեմատոգրաֆիան վերջին տարիներին՝ գնահատել են ու կվերագնահատեն մասնագետներն ու հանդիսատեսը: Իսկ մենք անդրադառնանք այդ ֆիլմերի լեզվին: Ի՞նչ լեզվով է խոսում այսօր հայկական կինոն, ինչպիսի՞ հայերենով են գրվում ֆիլմերի սցենարները: Եթե Վարոս Հովակիմյաններ դարը մեկ են ծնվում, ուրեմն լավատեսորեն հուսանք, որ հայ կինոյի սցենարական նոր հանճարեղությունը վայելողներ դեռ կլինեն: Իսկ մինչ այդ ուշադիր «լսենք» վերջին շրջանում ստեղծված հայկական ֆիլմերը:  

«Ամբողջ հարցը նրանում է՝ դու կկարողանա՞ս այդքան սպասել»: Սա ռուսերենից պատճենված արտահայտություն է, որը մի անգամ էլ «հայերենից» հայերեն էր պետք  թարգմանել, որպեսզի այն հնչեր այսպես. «Խնդիրն այն է՝ դու կկարողանա՞ս այդքան սպասել»: («Կյանք ու կռիվ-1»)

«Պապս բոյկոտել էր էդ հարսանիքի դեմ»: Բոյկոտում են ո՛չ թե որևէ բանի դեմ, այլ որևէ բան: Ուրեմն՝ «Պապս բոյկոտել էր էդ հարսանիքը»:

«Դուրներդ եկա՞վ արածներդ»: Բանավոր խոսքում այս սխալը գուցե իր տեղն արել է, բայց ի՜նչ լավ կլիներ, եթե ֆիլմում ասվեր. «Ձեր արածը ձեզ դուր եկա՞վ»:

«Բոլորն ասում էին, որ թողնեմ նրան, բայց ես շարունակում էի մնայի նրա հետ ու խնամեի»: Սա էլ «Կյանք ու կռիվ» ֆիլմի 2-րդ մասից է: «Շարունակում էի մնայի».  այսպես չեն խոսում անգամ հայերեն վատ խոսողները: Բայց չէ՞ որ գործ ունենք գեղարվեստական ֆիլմի հետ: «Բոլորն ասում էին, որ թողնեմ նրան, բայց ես շարունակում էի մնալ նրա հետ ու խնամել»: Այ սա հայերեն է:

«Մեր Աննայի՝ լեգենդար Տեր-Զաքարյանի դուստրի, մեր զինվորների կենացը»: Լեզվական գաղտնիք չէ, որ դուստր բառը սեռական հոլովում դառնում է ոչ թե դուստրի, այլ դստեր

«Պահանջում եմ Նարեկ Ֆռանգուլյանին պատժել օրենքի ողջ խստությամբ՝ հիմնվելով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն»: Սա հայերեն չէ: Հիմնվելովն ու համաձայնը չեն կարող այսպես գոյակցել նույն նախադասության մեջ: «Պահանջում եմ Նարեկ Ֆռանգուլյանին պատժել օրենքի ողջ խստությամբ՝ հիմնվելով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի վրա»: Կամ՝ «Պահանջում եմ Նարեկ Ֆռանգուլյանին պատժել օրենքի ողջ խստությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն»:

Անդրադառնանք «Գարեգին Նժդեհ» ֆիլմին:

«Կարսն ու Ալեքսանդրապոլը ամոթալի ձևով հանձնվեցին, սակայն իրավունք չունեին հանձնվելու, որովհետև մեր քաղաքական գործիչները Թիֆլիսում քամակ ու աթոռ են մաշում»: Անհեթեթ, աղավաղած միտք: Այս միտքը ճիշտ արտահայտելու մի քանի հնարավորություն կա: Ներկայացնենք մեկը միայն. «Կարսն ու Ալեքսանդրապոլը իրավունք չունեին հանձնվելու, սակայն ամոթալի ձևով հանձնվեցին, որովհետև մեր քաղաքական գործիչները Թիֆլիսում քամակ ու աթոռ են մաշում»:  

«Նրանցից և ոչ մեկը կարմիր բանակայինի համազգեստով չէին»: «Ոչ մեկը…չէի՞ն»: Իհա՛րկե ոչ: Ճիշտ է՝ «Նրանցից և ոչ մեկը կարմիր բանակայինի համազգեստով չէր»:

«Ես իմ սեփական անձնական կյանքով չեմ կարողանում զբաղվել»: «Սեփական անձնական…»: «Ես անգամ իմ անձնական կյանքով չեմ կարողանում զբաղվել»: Ահա թե ի՛նչ էր պետք ասել:

«Թուրքերի կողմից տարվում է հակահայկական քարոզչություն, որոնք իրենց հերթին օգտագործում են եվրոպացի ծախու գործիչներին»: Գիտե՞ք ինչ են ուզում ասել: Ուզում են ասել. «Թուրքերը հակահայկական քարոզչություն են անում, որի համար նրանք օգտագործում են եվրոպացի ծախու գործիչներին»: Ցավոք, այս ֆիլմից դուրս գրված սխալները, որոնցից ընդամենը մի քանիսը ներկայացրինք, հիմնականում Նժդեհի խոսքում են: Ֆիլմը դիտելիս, անկախ նրա գեղարվեստական արժեքից, անցյալի ցավն ու այսօրվա վրդովմունքը խառնվում են իրար:

Ինչպե՞ս չվրդովվես, երբ Գարեգին Նժդեհը, որը միայն զորավար չէր, այլ հանճարեղ մտքի ու անթերի գրագիտության տեր մարդ, առաջին անգամ իր մասին պատմող ֆիլմում քանիցս ասում է «այրուն թափել», ասում է «Շվեցայրա», «բարձրունք»: Ինքն իր անունը սխալ է ասում՝ Նժդե: Նժդեհը երբեք չէր ասի «Ես նորից կվերագրավեմ Լեռնահայաստանը», քանի որ գիտեր՝ կամ նորից գրավում են, կամ վերագրավում: Թոռանը չէր  ասի «Ավելի ուշ միասին կխաղանք», քանի որ գիտեր՝ դրան հայերեն ասում են «Հետո միասին կխաղանք»:

Եվ երբեք, ոչ մի պարագայում, մի քանի լեզու իմացող այս փառահեղ զորավարն ու փիլիսոփան, հայերեն շատ լավ իմացող, բայց ռուսերեն խոսող հայ չինովնիկի լեզվական կողմնորոշմանը տուրք չէր տա, նրա հետ ռուսերեն չէր խոսի ու խոսքը չէր եզրափակի՝ ասելով «Я Гарегин Нжде»: 

Երազիկ Գրիգորյան

Նմանատիպ նյութեր
Հայկական հեռուստաշուկայի «ցուցափեղկում» մանկական ապրանք քիչ կա: Չունենք հատուկ հեռուստաալիք, ոչ մանկական ալիքներում փոքր է մանուկ հեռուստադիտողի համար նախատեսված
Արի՛ հետ պտտենք ժամացույցի սլաքները ու միասին գնանք դեպի այն ժամանակները, երբ համացանց չկար, ու
Խնդրառությունը բառերի (լրացյալի և լրացման) կապակցության այն եղանակն է, երբ մի բառը (լրացյալը) պահանջում է
Բարև՛, պատանի՛ բարեկամ: Ծանոթ երգ է հնչում՝ «Միայն սիրո լարը մնաց / Սրտիս անհուն խորքերում»:
Մեր խոսքում հաճախ հանդիպող սխալներից մեկը կապված է մի «անմեղ» բառի՝ «անգամ»-ի հետ։ Որքա՜ն ենք

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին