Ֆիլմարտադրության ժամանակակից հնարավորություններն ո՜ւր էին, երբ ստեղծվում էր հին ու բարի հայկական կինոն` ամեն անգամ առաջին անգամվա պես հուզող ու ծիծաղեցնող, դիտելուց հետո ներսումդ մնացող, գուցե այնտեղից երբեք էլ դուրս չեկող, կերտող ու մարդկային: Ինչի մասին էլ լիներ սցենարը, ֆիլմը միաժամանակ խոսում էր իր ստեղծողների, նրանց ժամանակի մասին: Եվ ինչպիսի՜ հայերենով էր խոսում հայ կինոն. ո՛չ հատուկ կոկած, ո՛չ էլ փողոցային, այլ բնական, սիրելի հայերենով:
Ամենագռեհիկ կերպարն անգամ անթերի կերպավորվում էր թույլատրելի խոսքով: Այդ ֆիլմերում գյուղացին գրական չէր խոսում, փողոցային տղան չէր դիմում գիտական ոճին: Նրանց խոսքը պարզապես բնական էր: Հայկական կինոն հարգում էր սպառողին:
Ֆիլմարտադրության ժամանակակից հնարավորություններով ստեղծված մեր այսօրվա ֆիլմերն էլ գուցե շատ արժանիքներ ունեն, բայց մեր ուշադրության կենտրոնում դրանց հայերենն է: Խոսենք վերջին շրջանի հումորային ֆիլմերի մասին:
Ավելի ճիշտ` իրենց լսենք:
«Այս դեղը տրվելու է կենդանիներին` ազատության բաց թողնվելուց առաջ» («Հյուսիս-հարավ»): Նախադասության երկրորդ հատվածը սխալ է ձևակերպված: Ճիշտ է` «…ազատ արձակելուց առաջ» կամ «…բաց թողնելուց առաջ»:
«Առաջարկդ ինչո՞ւմն է կայանում» («Հյուսիս-հարավ»): Նախ` ոչ թե ինչումն, այլ ինչում: Բացի այդ` ճիշտ են «ի՞նչ առաջարկ ունես» կամ «ո՞րն է քո առաջարկը» ձևակերպումները:

«Մեր փորձագետների այցելությունը ձեր ապրուստի վայր…» («Սուպեր մամա-1»): Ապրուստը վայր չի ունենում: Այստեղ խոսքը ապրելու վայրի մասին է, և հենց այդպես էլ պետք էր ասել:
«Ծրագրին մասնակցելու պայմաններից մեկը դա աշխատանքի առկայությունն է» («Սուպեր մամա-1»): Նախադասության անվանական անդամը դա դերանվամբ կրկնելը հատուկ է ռուսերենին, որտեղից էլ այն անցել է մեր լեզվին: Հայերենում այս ձևակերպումը սխալ է. դա դերանունն այստեղ ավելորդ է:
«Այդ ցուցանակը կարող եք չվերցնել օդանավակայան» («Ուրիշի փոխարեն»): Դարձյալ ռուսերենից եկած սխալ է` (не) взять в аэропорт: Ճիշտ է` «…կարող եք չտանել օդանավակայան»:
«Խնդիրը նրանում է, որ իմ ընկերն ամաչկոտ է» («Ուրիշի փոխարեն»): Ռուսերենում խնդիրը լինում է նրանում` в том, իսկ հայերենում ճիշտ է` խնդիրն այն է: Այստեղ ճիշտ կլիներ՝ «Բանն այն է, որ ընկերս ամաչկոտ է»:
«Ես ուզում եմ, որպեսզի դուք ինձ ծանոթացնեք Արսենի հետ, ասեմ ավելին` այնպես անեք, որպեսզի մենք ամուսնանանք» («Ուրիշի փոխարեն»): Որպեսզի շաղկապը որ-ի փոխարեն գործածելը տարածված սխալ է: Իսկ որտեղի՞ց է այս որպեսզի-ն: Դարձյալ ռուսերենից` мама хочет, чтобы…, я мечтаю, чтобы… Սա ճիշտ է ռուսերենում, իսկ հայերենում սխալ է: Հայերենում ճիշտ է` «ես ուզում եմ, որ…»:
«Մենք կարող ենք խոսել, ինչպես ասում են` կինը կնոջ հետ» («Ուրիշի փոխարեն»): Եթե միջանկյալ ինչպես ասում են-ը հանենք, կմնա անհեթեթ Մենք կարող ենք խոսել կինը կնոջ հետ-ը: Քանի որ այստեղ այս «ինչպես ասում են»-ի կարիքը չկա, կարելի էր խոսքը ձևակերպել ավելի հստակ ու ամենակարևորը` գրագետ` «Մենք կարող ենք խոսել, ինչպես կինը կնոջ հետ»:
«Շտապելու տեղ չկա, Հրա՛չ ջան» («Քայլ ձիով»): Մեկ սխալ ձևակերպման դիմաց կարելի է առաջարկել մի քանի ճիշտը` «շտապելու պատճառ չկա», «գնալու տեղ չկա», «պետք չէ շտապել» և այլն:
«Էդ մտահաղացումը իմն ա» («Ալաբալանիցա»): Այս սխալն այնքան է տարածվել, որ անգամ գեղարվեստական ֆիլմում է տեղ գտել: Այստեղ «միտք» և «հղանալ» բառերը միացած են ա հոդակապով: Հայերենում «հաղանալ» բառ չկա: Ճիշտ է` «մտահղացում»:
«Նայեք վերև: Աստղաթափ գիշեր է» («Իմ փոքրիկ փեսացուն»): Աստղաթափը` աստղային անձրևը, գոյական է, այլ ոչ ածական: Ճիշտ է` «Աստղաթափի գիշեր է», «Աստղաթափ է», կամ` «Աստղաթափ է լինելու»:
Շարունակելի
Երազիկ Գրիգորյան
Նյութը հրապարակվել է «Եթեր» շաբաթաթերթի 23․08․2018-ի համարում։