Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ինչ հայերեն է ներկայացնում հանրային հեռարձակողը

Մեր աշխատակիցը զրուցել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ:

Մեկուկես տարի է, ինչ Լեզվի կոմիտեն սերտ աշխատում է զանգվածային լրատվամիջոցների հետ, լեզվական սխալները մեկնաբանող ամփոփագրեր ուղարկում նրանց։ Այդ հանգամանքը հույս է ներշնչում, որ հայկական լրատվամիջոցները կփոխեն վերաբերմունքն իրենց հիմնական աշխատանքային գործիքի՝ հայերենի նկատմամբ:

– Իհարկե, չեմ կարող ասել, թե մեզ բավարարում է հանրային հեռուստա-ռադիոարտադրանքի լեզվավիճակը: Չեմ կարող ասել նաև, որ մենք ոչինչ չենք անում վիճակը շտկելու, մասնավորապես Լեզվի կոմիտեի աշխատանքը նպատակակետին հասցնելու ուղղությամբ: Հանրային ռադիոյում վերջերս ստեղծվել է լեզվի պահապանների խումբ: Խմբի անդամները մեր խմբագիրներն են, որոնք ստանձնել են նախկինից ավելի հետևողական աշխատանք տանելու պարտավորությունը: Բայց պիտի ասեմ, որ թե՛ ռադիոյի, թե՛ հեռուստատեսության լրատվության օղակում, որտեղ կա օպերատիվության խնդիրը, լեզվական իմաստով դրական վիճակ ապահովելը դժվար է: Լուրը կա՛մ մանրակրկիտ պիտի խմբագրվի և հեռարձակվի ուշացած, կա՛մ պիտի հանրայնացվի, այսպես ասած՝ տաք, բայց մի քիչ հում վիճակում: Այսպես, նրանք հաճախ ստիպված են լինում շրջանցել խմբագրի օղակը:

– Գաղտնիք չէ՝ մեր հասարակությունը հատուկ ուշադրությամբ է հետևում լրատվական հաղորդումներին: Ձեր ասածից չի՞ բխում արդյոք, որ նորությունների հետ հաճախ լեզվական սխալներ են մատուցվում ունկնդրին:

– Վստահաբար կարող եմ ասել, որ կադրում աշխատող հաղորդավարները բավական գրագետ խոսք են ներկայացնում: Հիմնական սխալները կադրից դուրս հնչող տեքստերում են լինում: Լրագրողները դրանք գրում ու արագ կարդում են: Գիտեմ, որ արտասանական թերություններ էլ շատ կան: Դրանց մասին խոսվում է նաև Լեզվի կոմիտեի ամփոփագրերում: Բայց մենք փորձում ենք բարելավել վիճակը: Վերջերս դասընթաց կազմակերպեցինք, և հույս ունեմ, որ արդյունքը երկար չի սպասեցնի: Հայտնի հաղորդավար Վարուժան Օլքինյանը մի ամիս շարունակ աշխատեց Հանրային հեռուստատեսության «Լուրերի» լրագրողների հետ: Նա սովորեցնում էր հետևել սեփական խոսքին, լսել այն կողքից։ Օլքինյանը աշխատել է մեկ տասնյակ լրագրողների հետ անհատապես՝ ոչ միայն արտասանական, այլև լեզվական այլ անցանկալի դրսևորումները շտկելու ուղղությամբ: Համոզված եմ, որ այս դասընթացը մեր երիտասարդ լրագրողներին օգնեց հասկանալու, թե ինչքա՛ն կարևոր է լեզվական անաղարտությունը պահպանելը:

– Այդ անաղարտությունը միայն լրատվական հաղորդումներում չէ, որ խաթարվում է: Շատ վատն է ժամանցային հաղորդումների լեզուն: Հասկանալի է՝ այդպիսի հաղորդումների լեզուն կարող է և կանոնական չլինել: Եթե մեր ամփոփագրերը թերթեք, կտեսնեք, որ մենք չենք անդրադառնում բանավոր խոսքում թույլատրելի լեզվական սխալներին, քանի որ ռադիոյի և հեռուստատեսության խոսքը հիմնականում բանավոր է: Մենք անդրադառնում ենք անթույլատրելի աղավաղումներին: Չենք հետևում նաև հաղորդման հյուրերի խոսքին: Բայց լրագրողները հյուրերին օգնելու, նրբորեն շտկելու փոխարեն հաճախ կրկնում են նրանց լեզվական սխալը:

– Այո, ընդունում եմ, որ խնդիր ունենք: Բայց այդ խնդիրը միայն զանգվածային լրատվամիջոցներինը չէ: Պետք է հիմքից սկսել: Իսկ հիմքը մեր կրթական համակարգն է: Գրագիտության, խոսքի մշակույթի վրա բծախնդիր աշխատելու սովորությունը վաղուց է մոռացված մեզանում:

– Հանրային հեռուստատեսությունը կարող է լրացնել կրթության բացը։ Գրագետ խոսք ներկայացնելուց բացի, կարելի է եթերից լեզվուսուցում իրականացնել։ Ի դեպ, Հանրայինը մի հրաշալի ձեռնարկում ուներ՝ լեզվական սխալներին նվիրված մի փոքրիկ էջ «Առավոտ լուսո» հաղորդաշարում, որ կոչվում էր «Ճի՞շտ, թե՞ սխալ»։ Էջը վարում էր Ռաֆի Թադևոսյանը՝ Լեզվի կոմիտեի մասնագիտական աջակցությամբ։ Գիտենք, որ բազում հեռուստադիտողներ անհամբեր սպասում էին այդ էջին։ Ափսոս, Ռաֆիի բանակ գնալով այն փակվեց։ Մինչև նրա վերադարձը հնարավոր չէ՞ որևէ փոխարինող բան ձեռնարկել։

– Մենք բաց ենք հետաքրքիր առաջարկի համար։ Պիտի ասեմ, որ հեռուստաաշխատողներից առայժմ այն չի հնչել։ Գիտեմ, որ միայն հայաստանցիների համար չէ, որ կարևոր է լեզվուսուցմանը նվիրված հաղորդում ունենալը։ Այն կհետաքրքրի նաև աշխարհի ցանկացած վայրում ապրող մեր հայրենակիցներին և հնարավոր է՝ մայրենիի ուսուցման հարցում նախանձախնդիր վերաբերմունք ձևավորելու խթան հանդիսանա։ Մեր լրագրողներն էլ կհետևեն ու կբարելավեն իրենց լեզվիմացությունը։

– Հանրային հեռուստատեսության լրագրողներից մեկը տարիներ առաջ մեր ուղարկած ամփոփագրերը փակցնում էր լրատվականի պատին, որ իր ու մյուս բոլոր լրագրողների աչքի առաջ լինեն իրենց թույլ տված սխալներն ու մեր առաջարկած ճիշտ տարբերակները: Հավատացե՛ք, այդ բարեխղճությունն էկրանից այն կողմ նկատելի էր: Մշտապես օրինակելի է վիճակը «Շողակաթ» հեռուստաընկերությունում, որը նույնպես հանրային հեռարձակող է: Լեզվի կոմիտեն երբևիցե ամփոփագիր չի ուղարկել այդ հասցեով:

Առիթից օգտվելով ուզում եմ հայտնել մեր լրագրողներին, որ Լեզվի կոմիտեն բաց հարթակ է: Մենք միշտ պատրաստ ենք լեզվական աջակցություն ցուցաբերելու: Եկե՛ք, զանգահարե՛ք, սիրելի՛ լրագրողներ: Միասին շտկենք մեր տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների լեզվական վիճակը: Հայերենն արժանի է մեր համատեղ ջանքին:

– Մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքի։ Շարունակե՛ք ուղարկել մեր թույլ տված լեզվական սխալների ամփոփագրերը: Մշտապես կապի մեջ կլինենք Լեզվի կոմիտեի հետ: Ինձ հետաքրքիր է կոմիտեի թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքը մեր լրագրողների մասին: Հանրային հեռարձակողներն իրենց աշխատանքի որակով պետք է օրինակ լինեն մյուս բոլոր լրատվամիջոցների համար:

Զրույցը վարեց Երազիկ Գրիգորյանը

📣 Հարգելի՛ հետևորդներ, Լեզվի կոմիտեն առաջարկում է մասնակցել հայերեն «Տարվա բառի» ընտրությանը։

Քվեարկեք Լեզվի կոմիտեի պաշտոնական կայքում ⤵️
https://www.langcom.am/%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a2%d5%a1%d5%bc%d5%a8-3/

Հորդորում ենք ճիշտ գործածել #անգլիագիր, #անգլիալեզու, #անգլիախոս բառերը։
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ac%d5%ab%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ac%d5%ab%d5%a1%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ac/

🔷ՀՀ լեզվի կոմիտեն հրապարակել է 2019-2022 թթ. հայաշխարհի լեզվավիճակին վերաբերող տեղեկագիր։

🔶Աշխատանքն անվանվել է «#Հայաստանի, #Արցախի և #Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր»:

🔻Տեղեկագիրը կարող եք կարդալ առցանց կամ ներբեռնել այստեղից՝ http://www.langcom.am

Ավելին
facebook