Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Իսկ դուք իմ երազը տեսե՞լ եք

Վազքի մրցույթ էր: Ամենքս մեր վազքուղին ունեինք ու պիտի անցնեինք հերթական նշագիծը: «Ըհը՛, անցա՛… հիմա հաջո՛րդը… մյո՛ւսը… դե՛…»: Ինչքան վազում էինք, ճանապարհն այնքան երկարում էր: Ո՞վ էր լինելու հաղթողը: Մեկ էլ լսվեց մրցավարի սուլիչի ձայնը, ու․․․ ես փռվեցի գետնին․․․

Աչքերս բացեցի ու տեսա, որ ընկած եմ իմ մահճակալի մոտ՝ հատակին: Սուլիչի ձայնն էլ իրականում զարթուցիչիս զնգոցն էր: Դպրոց պիտի գնայի: Քնատ, տրտնջալով հագնվեցի, անցա ծանոթ ճանապարհով ու մի քիչ ուշացած՝ տեղ հասա: Պարզվեց, որ այդ օրը մեր ուսումնական տարվա, ավելի ճիշտ՝ դպրոց գնալու վերջին օրն էր: Հաջորդ օրվանից պիտի սկսվեր անծանոթ ու անսովոր հեռավար ուսուցումը: Մի օրում շատ բան փոխվեց: Դպրոցին փոխարինեց մի բան, որից ծնողներս ինձ միշտ հեռու էին պահում, որ դասերիս չխանգարի: Համակարգի՛չս․․․ Ահա՛ իմ ընկերներն ու ուսուցիչը՝ նրա էկրանին: Ես էլ «մտա» համակարգչի մեջ: Դա շատ ավելի հեշտ էր, քան առավոտ վաղ դպրոց գնալը, բայց աղջիկների մազերը քաշել չէր լինում, տղաներին էլ գրատախտակի բարձիկով խփե՛լ չէր լինում: Ուսուցիչը սկսեց դաս բացատրել: Սովորեցնում էր, թե ինչպես է պետք տողադարձել գրադարակ բառը:

– Վերջում ն պիտի գրեիք,– բղավեցի՝ ուսուցչիս օգնելու ցանկությամբ:

Բոլորը ծիծաղեցին:

– Երեկ որ դասից ուշացած չլինեիր, կիմանայիր, թե ինչ է գրադարակը: Քո ասած գրադարանում դրանից շատ կա:

Ես հիշեցի, որ մեր տանն էլ շատ գրադարակներ կան, իսկ ես դրանց երբեք մոտ չեմ գնացել:

Մեզ բոլորիս տանը պահող համաճարակի պատճառով ազատ ժամանակ ունեի ու հեռավար դասից հետո սկսեցի թերթել մեր տնային գրադարանի գրքերը: Մի հին գիրք ձեռքս ընկավ: Մեջը խնամքով ծալած, խունացած մի թուղթ կար: Բացեցի ու սկսեցի դժվարությամբ կարդալ: Կոկիկ ու գեղեցիկ ձեռագիր էր, բայց, դե՛, ես ձեռագիր կարդալու սովոր չեմ:

Պապիկս էր գրել:

«Իմ լավ թոռնիկ, չգիտեմ, թե երբ ժամանակ կունենաս ու կթերթես այս գրադարակների գրքերը: Երբ էլ որ գտնես իմ նամակը, իմացիր, որ այն կարդալու ճիշտ ժամանակն է: Գուցե շատերից լսած կլինես, թե ինչ խելացի ու բանիմաց մարդ է եղել քո պապը: Որպես գաղտնիք պիտի ասեմ, որ դպրոցում ես շատ չարաճճի էի. քաշում էի աղջիկների մազերը, գրատախտակի բարձիկով խփում էի տղաներին: Մեկ-մեկ էլ դասից ուշանում էի: Բայց համեստություն չեմ անի. վերջում լավ գիտնական դարձա: Եվ գիտե՞ս, թե ինչն էր պատճառը: Հայերե՛նը: Որտեղ էլ լինեի՝ տանը, բակում, թե դպրոցում, շատ ուշադիր էի իմ լսած ու ասած ամեն մի բառի նկատմամբ: Այդպես էլ սովորեցի կարևորել ու ուսումնասիրել ամեն բան: Լա՛վ սովորիր հայոց լեզուն: Մայրենին կախարդական բանալի է: Ու մի բան էլ. կյանքում դժվարություններ շատ կան: Սովորի՛ր դրանք որպես հնարավորություն ընդունել»:

Ես ծալեցի պապիկիս նամակը ու սկսեցի մտածել իմ տեսած երազի ու բոլոր վազքուղիներում հևիհև վազող մարդկանց, համաճարակի ու իմ գտած ազատ ժամանակի մասին:

 

 

Սիրելի՛ ընթերցող, սովորիր այս բառերի նշանակությունը և փորձի՛ր դրանք գործածել քո հորինած պատմության մեջ:

 

վազքուղի- վազքի մրցույթի ժամանակ մարզիկների համար գծված ճանապարհ

Նշագիծ- որոշակի չափ ցույց տվող, սահմանող գիծ

Քնատ- բավարար չքնած, քունը կիսատ

Հեռավար- հեռվից, հեռավորության վրա վարվող

Գրադարակ- գրքերի համար նախատեսված դարակ

խունացած- գույնը գցած

հևիհև– հևալով՝ արագ-արագ շունչ քաշելով

 

Հեղինակ՝ Երազիկ Գրիգորյան
Նյութը տպագրվել է «Կախարդական բանալի» ամսագրում

Սրճարաններում, ճաշարաններում, ռեստորաններում պահանջո՞ւմ եք հայերեն ճաշացանկ, եթե Ձեզ տրվածը միայն անգլերեն կամ այլ լեզվով է։

Ներկայացնում ենք օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Հորդորում ենք նախապատվությունը տալ հայերեն բառերին։

➡️ https://bit.ly/3oGCEP9

Լեզվի կոմիտեն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվար սոցիալական հարթակներում հրապարակել է հորդորակ, նյութեր և հարցումներ դպրոցներում ուսուցչին դիմելու հայերեն ձևերի մասին։

➡️Ամբողջական՝ https://bit.ly/3a3kT7s

Հիշե՛ք

Բժշկական այս գործիքը, որն օգտագործում են վիրահատությունների ժամանակ, կոչվում է ՆՇՏԱՐ։
#ՉԱՍԵՔլանցետ

Կոտայքի Ավան գյուղը Երևանի այժմյան Ավան թաղամասն է: Անցյալում «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից: «Ավան» բառով կազմվել են շատ բնակավայրերի անուններ՝ Ստեփանավան, Սևակավան, Արտավան, Բերքավան և այլն:

Ավելին