Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Լեզվաքաղաքականություն և լեզվավիճակի մասին ոսումնասիրություն

Փետրվարի 2-ին նախատեսվում է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի մամուլի ասուլիսը։ Հիմնական թեմաներն են ՀՀ կառավարության ծրագրում լեզվաքաղաքականությունը և լեզվավիճակի ուսումնասիրությունները։

Լեզվաքաղաքականությունը ՀՀ կառավարության ծրագրում
ՀՀ կառավարության գործունեության 2019-2023 թթ. ծրագրում ներառվել են լեզվական պետական քաղաքականությանն առնչվող հետևյալ դրույթները.

  • ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար.
  • հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի հանրային հարաբերություններին փոխադարձ արհամարհանքի և ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից, ինչպես նաև լեզվական ցածրորակ արտադրանքից։ Կրթական և մշակութային քաղաքական առանցքային նպատակը պետք է լինի գրական հայերենի տարածումը, նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի լսարանի համար հատուկ ծրագրերի (ուսումնական, ճանաչողական հաղորդումներ, ֆիլմեր, մուլտֆիլմեր և այլն) միջոցով գրական հայերենի (այդ թվում՝ արևմտահայերենի) իմացության ամրապնդումը Հայաստանում և սփյուռքում:

Լեզվավիճակի ուսումնասիրություն
Հանրապետությունում լեզվավիճակի մշտադիտարկման և ուսումնասիրության ուղղությամբ կոմիտեն պարբերաբար հրապարակում է հորդորակներ: Դրանք երկու տեսակի են. ա) հանրությանն ուղղված հորդորակներ, որոնք պարզաբանում են լեզվական տարբեր հարցեր, բ) հեռուստատեսության և ռադիոյի առանձին հաղորդումների լեզվին անդրադարձող հորդորակներ։ Աշխատանքների արդյունավետությունը մեծացնելու և հետադարձ կապն ապահովելու նպատակով հորդորակները ոչ միայն հրապարակվում են, այլև ուղարկվում հասցեատերերին:

Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, բժշկական հաստատություններում, նախակրթարաններում և դպրոցներում  լեզվավիճակի ուսումնասիրությունը կատարվում է վերջիններիս ուղարկվող հարցաշարերի միջոցով:

Կայք եվ էլեկտրոնային շտեմարան
Սկսվել են կայքի ստեղծման աշխատանքները։ Կա նաև հայերենի մշտապես համալրվող էլեկտրոնային միասնական բառաշտեմարան ստեղծելու նախագիծ։

Ֆեյսբուքյան էջ
Շարունակում է գործել «Լեզվի կոմիտե» ֆեյսբուքյան էջը (ունի մոտ 20 հազար հետևորդ):

Կապը հանրության հետ
Կոմիտեն պատասխանում է քաղաքացիներից, պետական մարմիններից և կազմակերպությունների բազմաթիվ նամակների, հարցումների, հեռախոսազանգերի, որոնք վերաբերում են լեզվական տարաբնույթ հարցերի։

Այբբենարանների ձեռագիր տառաՏԵՍԱԿերի միասնականացում
Շարունակվում են կոմիտեի նախաձեռնած քննարկումները Հայաստանի և սփյուռքի դպրոցներում գործածվող այբբենարանների ձեռագիր տառատեսակների միասնականացման շուրջ։ Քննարկումների այս փուլում ձևավորվել է աշխատանքային հանձնախումբ, որը խնդրի վերաբերյալ մշակելու է առաջարկությունների ամբողջական փաթեթ։

Համագործակցություն

Կայքերի եվ պարբերականների հետ
Կայքերում և պարբերականներում շարունակվում են կոմիտեի աշխատակիցների պարբերական հրապարակումները զանգվածային լրատվության միջոցների լեզվի մասին:

Հանրային հեռուստաընկերության հետ
Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրի շրջանակում շարունակվում է լեզվական տարբեր հարցեր պարզաբանող «Ճի՞շտ, թե՞ սխալ» հաղորդաշարի հեռարձակումը։

«Ինտերնետ հանրություն» հկ-ի հետ
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի գործակցությամբ կոմիտեն նախաձեռնել էր հայատառ դոմենային անուններ գրանցելն ու կիրառելը խրախուսող միջոցառումներ:  Վարչապետի հանձնարարականով պետական հաստատություններին հանձնարարվեց գործարկել պաշտոնական կայքերի հայատառ «.հայ» դոմենային անունները («.am»-ին զուգահեռ), դրանք օգտագործել նաև պաշտոնական ձևաթղթերում:

«Թելադրություն» նախաձեռնության հետ
Լեզվի կոմիտեն «Թելադրություն» նախաձեռնության հետ սկսել է հայերենում առավել հաճախ սխալ գործածվող բառերի կազմությունը պարզաբանող հրապարակումների շարք։

Մարտի 30-ին Հայաստանում և Հայաստանից դուրս ցանկացողները կգրեն թելադրություն` հայոց լեզվի իրենց իմացությունը ստուգելու նպատակով: Կոմիտեում կգրվի թելադրության բնագիրը, ապա կոմիտեի աշխատակիցները կմասնակցեն ստուգմանը։