Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ԼԿ նախագահը մասնակցեց ամերիկահայ ուսուցիչների առցանց հավաքին։

Օգոստոսի 14-ին առցանց տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների հայերենի ուսուցիչների ամենամյա հավաքը, որին մասնակցեցին  70-ից ավելի ուսուցիչներ, հայագետներ ոչ միայն ԱՄՆ-ից։

Հավաքը բացվեց թեմակալ առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի օրհնության խոսքով և ընդհանրական աղոթքով։

Աշխատաժողովը կազմակերպել էին շաբաթօրյա դպրոցների հոգևոր տեսչությունը  և գիտակրթական հանձնախումբը։ Վերջինիս պատասխանատու դոկտոր Էլլա Անդրեասյանը ամփոփ ներկայացրեց շաբաթօրյա դպրոցների ձեռքբերումները, կրթական-մանկավարժական խնդիրները։ Հոգևոր տեսուչ Հովհաննես սարկավագ Գումրույանը հակիրճ խոսքով ներկայացրեց օրվա բանախոսներին, որոնք Հայաստանից էին միացել հավաքին։

«Հայաստանի ներկա լեզվավիճակը» թեմայով  խոսեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

«Հայկական կրթական միջավայր. ավանդույթ և հնարավորություններ» թեմայով խոսեց «Սփյուռք» գիտակրթական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը։

Բանախոսություններն ամփոփվեցին հարց ու պատասխաններով և քննարկումներով։

Աշխատաժողովի ավարտին սրբազան հայրը գնահատանքի ջերմ խոսք ասաց բանախոսներին և հայերենի ուսուցիչներին՝ առաջարկելով շարունակել համագործակցությունը այլ ձևաչափերով ևս։