Լեզվի կոմիտեի «Այսօրվա հայերենը» բաժնում ներկայացրել էինք ՏԵՍԱԴԱՐԱՆ և ՁԱՅՆԱԴԱՐԱՆ բառերը։ Հիշենք, թե ի՛նչ են նշանակում։
ՏԵՍԱԴԱՐԱՆ նշանակում է «տեսագրությունները զետեղելու, պահելու և պահպանելու տեղ՝ պահոց», իսկ ՁԱՅՆԱԴԱՐԱՆ նշանակում է «ձայնագրությունները զետեղելու, պահելու տեղ»։
Այս բառերի նմանությամբ ստեղծվել է ԼՍԱԴԱՐԱՆ բառը և գործածվում է հայերենի գրական երկու տարբերակներում էլ՝ արևելահայերենում և արևմտահայերենում։
Լսադարանը կայքի առանձին բաժին է, որտեղ տեղադրված են տարբեր լսագրքեր (աուդիոգրքեր): Այլ կերպ ասած՝ լսադարանը լսագրքերը զետեղելու, պահելու և պահպանելու տեղն է, լսագրքերի առցանց պահոցը։
Ավելի շատ, սակայն, գործածվում է բառի օտար արմատով տարբերակը՝ աուդիոդարան-ը։ Այն նաև գրանցված է Հր․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կազմած «Նոր բառեր» բառարանում (պրակ Դ, Երևան, 2018 թ․)։
Խրախուսե՛նք հայերեն ԼՍԱԴԱՐԱՆ տարբերակի գործածությունը։