Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Խոսում է «Անհայտ բաժանորդը»

Տեխնոլոգիական հնարամտությունները մի հպումով փոխեցին աշխարհը: Խելացի հեռախոսը գերեց մարդուն՝ բառի տարբեր իմաստներով: Մարդը վերանայեց իր սոցիալական դերը ու սկսեց խաղալ այն: «Անհայտ բաժանորդ» ֆիլմի հերոսներն էլ տարված են իրենց կյանքը խաղալով: Բայց ահա հին ընկերների կազմակերպած իրական խաղը խոսեցնում է «գաղտնապահ» հեռախոսներին, ու իրականության վրայից չեղարկվում է ծածկույթը:
Իսկ մեզ, ինչպես միշտ, ֆիլմի լեզո՛ւն է մտահոգում:


Պարզ է. մեր առօրյան ներկայացնող ֆիլմը պետք է ներկայացներ մեր առօրյա խոսքը՝ հագեցած մոտ անցյալում անհասկանալի, այսօր՝ բոլորիս ծանոթ բառամթերքով: Առօրյա խոսքն իր տեղում, բայց սցենարը լավ խմբագրել էր պետք: Տեքստը բարդ չէ, և հեշտությամբ կարելի էր խուսափել լեզվական սխալներից, որոնցով, ի դեպ, լեցուն են վերջին տարիներին նկարահանված, հայկական կինեմատոգրաֆիայում բառիս ուղիղ ու ցավալի իմաստով՝ նոր խոսք ասող ֆիլմերը:


Անդրադառնանք այս ֆիլմի լեզվական սխալներին.
«Եկան»,- ասում է ֆիլմի հերոսներից մեկը: «Ո՞վ»,- հարցնում է մյուսը: Պարզ է՝ եթե եկան, ուրեմն ոչ թե ով, այլ ովքեր: Այսպիսի սխալները ներելի են առօրյայում կամ, ասենք, ուղիղ եթերի հանպատրաստից խոսքում: Բայց չէ՞ որ սա գեղարվեստական ֆիլմ է:


Լսում ենք՝ «Առաջին անգամ պիտի ծանոթանայի Ժորի ընկերների հետ»: Ծանոթանալը երկրորդ, երրորդ անգամ չի լինում: Ծանոթանում են միա՛յն առաջին անգամ: Ուրեմն պետք էր ասել. «Ժորի ընկերների հետ պիտի ծանոթանայի» կամ «Առաջին անգամ պիտի տեսնեի Ժորի ընկերներին»:
Տանտիրուհին ըմպելիք է մատուցում՝ ասելով՝ «ապերիտիվ»: Հյուրերից մեկն ընդվզում է. «Չէ՞ր կարա, չէ՞, լիներ զակուսկի: Պարտադիր՝ ապերիտիվ»: Ապերիտիվը թույլ ոգելից ըմպելիք է, ավելի հայտնի բառով՝ կոկտեյլ, իսկ զակուսկի-ն (ռուսերեն՝ закуска) ակրատն է՝ թեթև ուտեստը, ինչի հետ ոչ մի կապ չուներ այն, ինչ ֆիլմում մատուցվում էր:


«Հասկացի՛ր, հիմա Վիկայի մոտ ձևավորվում է սեփական վարքագծի մոդելը»: Մոտ կապով, բազում անգամ քննադատված այս ռուսական լեզվական կառույցը ողողել է առօրյա՛ խոսքը, եթերի՛ խոսքը: Բայց գոնե կինոյի խոսքը կարելի էր խնայել: Ահա այսպես՝ «Հասկացի՛ր, հիմա Վիկան իր վարքագծի ձևավորման շրջանում (տարիքում) է»:


«Կենդանիների մոտ ամեն ինչ լինում ա բնազդաբար»: Դարձյալ այս մոտ-ը: Ախր մոտ՝ նշանակում է «կողքը, մերձավոր»: Այս նախադասությունը դարձնենք հայերեն. «Կենդանիներն ամեն ինչ անում են բնազդաբար»:


«Դե՛, մենք քո ճաշակի վրա չենք կասկածում»: Այս նախադասության մեջ վրա կապն է «մեղավոր»: Հայերենում մեկի կամ մի բանի վրա չեն կասկածում: Պետք էր ասել. «Դե՛, մենք քո ճաշակին չենք կասկածում»:


«Իսկ ի՞նչ էր լինելու իմ երկու երեխեքի հետ»: Այստեղ էլ՝ հետ կապը, և դարձյալ խորթ լեզվական կառույցում: Ահա ճիշտ ձևակերպումը. «Իսկ ի՞նչ էին անելու իմ երկու երեխեքը»: Կամ «Իսկ ո՞նց կապրեին իմ երկու երեխեքը» և այլն:


«Ուզում եք ասել՝ ոչ մեկ ոչ մեկից գաղտնիք չունի, հա՞»: Այս սխալ ոչ մեկ-ի մասին շատ է խոսվել: Ճիշտ է՝ ոչ մեկը կամ ոչ ոք: Հիմա հղկենք այդ նախադասությունը. «Ուզում եք ասել՝ ոչ մեկս մյուսից գաղտնիք չունի, հա՞», «Ուզում եք ասել՝ մենք իրարից գաղտնիք չունենք, հա՞» և այլն:
«Չափազանցնում եք: Ամեն ինչ էդքան էլ վատ չի»: Հայերենում քարացած արտահայտություն կա՝ այնքան էլ (էնքան էլ)՝ «այնքան էլ վատ չէ», «այնքան էլ լավ չեմ» և այլն: Այս սխալը վերջին շրջանում վատ թարգմանիչներն են ռուսերենից փոխանցել՝ не так уж: Ճշտենք՝ «Չափազանցնում եք: Ամեն ինչ էնքան էլ վատ չի»:


Ֆիլմը «հարուստ է» նաև արտասանական սխալներով: Անընդհատ հնչում է՝ իմիչայլոց (փոխանակ՝ իմիջիայլոց), եռչանիկ (փոխանակ՝ երջանիկ), ստեսցյուն (փոխանակ՝ ցտեսություն), պսիխոտեռապևտ (փոխանակ՝ հոգեթերապևտ կամ գոնե փսիխոթերապևտ), Էդգառ Առամիչ (փոխանակ՝ Էդգար Արամի կամ գոնե Էդգար Արամիչ) և այլն:


Խոստովանենք՝ մեր շուրջը, եթերում, ամենուր ավելի անտանելի լեզվական մեղանչումներ կան, բայց գեղարվեստական ֆիլմում դրանք առավել աններելի են: «Անհայտ բաժանորդ» ֆիլմը թեև անչափահասների համար չէ, բայց հասանելի է ամենքին: Իսկ լեզվական սխալներով հագեցած գեղարվեստական ֆիլմ դիտելը հակացուցված է բոլոր տարիքներին:

Երազիկ Գրիգորյան
Լեզվի կոմիտեի աշխատակից

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Մեզ հարցնում են 👇 ․ #հայերեն #հայոցլեզու
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-10/

#հայերեն

Մեզ հարցնում են 👇
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-9/

Ավելին