Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Կայծակնային փոխադրողը՝ «կրիչ» անունով

USB-ն տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս կապակցել համակարգիչը և որևէ արտաքին, օժանդակ սարքավորում, օրինակ՝ հավելյալ հիշողության սարքը (Britannica.com: http://bit.ly/3aB0S6L

USB-ն անգլերեն հապավում է, բացվում է Universal Serial Bus (Cambridge Dictionary: http://bit.ly/2VP7Lxt): Բառացի թարգմանությամբ նշանակում է «համապարփակ սերիական փոխադրող»։ Այսինքն՝ այս տեխնոլոգիան թույլ է տալիս տվյալներ փոխադրել մի սարքավորումից մյուսը։

Drive-ը որպես բայ անգլերենում նշանակում է «շարժվել կամ վարել՝ քշել (մեքենա, հեծանիվ)», բայց համակարգչային գիտություններում ունի նաև «էլեկտրամեխանիկական սարքավորում, որը պարունակում է մագնիսային կամ օպտիկական սկավառակ, մագնիսային ժապավեն կամ գրում դրանց վրա կամ կարդում դրանցից» (Yourdictionary: http://bit.ly/2vzDGr3) նշանակությունը:

Ուրեմն USB Drive-ը USB (Universal Serial Bus) տեխնոլոգիան գործածող սարքավորում է, որը կարող պահպանել կամ որի միջոցով հնարավոր է փոխադրել թվային բովանդակություն։

Իսկ ինչո՞ւ USB Flash Drive։ Հատկանշական է, որ անգլերենում այս բաղադրիչը այնքան էլ չի շեշտվում, մինչդեռ հայերենում կամ ռուսերենում տեղեկություն փոխանցող այդ առարկան ավելի հաճախ այդ բառով է կոչվում՝ ֆլեշ (ռուսերենի ազդեցությամբ՝ ֆլեշկա) / флеш (флешка):

Անգլերենում Flash նշանակում է «1․ գ․, կայծակնային առկայծող լույս, 2․ բ․, շարժվել շատ արագ» (Cambridge Dictionary: http://bit.ly/2TsxeLq)։ Բնականաբար, սարքավորումը Flash է որակվել բառի հավանաբար հենց այս՝ երկրորդ նշանակությամբ, որովհետև դրանով տեղեկություն փոխանցելն իսկապես վայրկյանների հարց է։ Ի դեպ, համակարգչային աշխարհը նույն այդ երկրորդ իմաստն այնքան է «սեփականաշնորհել», որ շարժապատկերներ (անիմացիա) ստեղծելու համար նախատեսված որոշ գործիքներ (և ոչ միայն) հենց այդ բառն են կիրառում իրենց ապրանքանիշն անվանակոչելիս (օր․՝ Adobe Flash Player):

Վերջապես առարկայի հայերեն անվան մասին։ Խոսակցական լեզվում կիրառվում է ֆլեշ կամ ֆլեշկա օտար բառը։ Գրական խոսքում այն կրիչ է։ Որքան էլ հետաքրքրական է, այս երկուսի միջև, ըստ էության, իմաստային ընդհանրություն չկա։ Կրիչը համընկնում է անգլերենի Drive-ին, ոչ թե Flash-ին։

Իմաստային տեսակետից կրիչը գրեթե ամբողջությամբ արտահայտում է USB Drive-ի իմաստը։ Հաճախադեպ է նաև USB կրիչ կապակցությունը։

Արդի հայերենի բացատրական բառարաններում կրիչը բացատրվում է որպես «կրող»։ Ակադեմիական բացատրական բառարանը բառի բացատրությունն ավելի ընդարձակ է ներկայացնում, որը հետաքրքիր է բառի այսօրվա կիրառության առումով․ «Մի տեղից մի այլ տեղ տեղափոխող՝ կրող» Փաստորեն, հենց այս գործառույթն ունի այսօրվա USB կրիչը։ Այն կրում է տեղեկություն և նախատեսված է այդ տեղեկությունը փոխանցելու՝ փոխադրելու համար։

Իմիջիայլոց, անգլերեն Drive բառի դիմաց հայերենի կրելու իմաստը բավականին ընդունված է այլ կապակցություններում ևս։ Էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող մասնագիտական կենտրոնները նախընտրում են DVD Drive-ը թարգմանել DVD սկավառակակիր։

Աշխատանքային հարաբերություններում անհարկի կիրառվող օտար բառերն ու արտահայտությունները գործածողների «ծուլության» պատճառով ներթափանցում են մայրենի լեզու, ապականում այն։
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-16/

🚛 Ներկայացնում ենք տարբեր նշանակություն ունեցող բեռնատար, շինարարական, գյուղատնտեսական, փրկարար և այլ մեքենաների անվանումներ։
Իմանանք և գործածենք մեքենաների հայերեն անվանումները։

4

✈️Ներկայացնում ենք օդանավակայանին և օդանավերին առնչվող հայերեն բառապաշարի մի մասը՝ հիմնականում նրանք, որոնք միայն մասնագիտական չեն։
🧳Հուսով ենք, որ ճամփորդությունների ժամանակ այս բառերը հաճախ կգործածեք։ Հայերեն բառերը թող ամուր տեղ ունենան մեր խոսքում և թևածեն ամենուրեք։

4
Ավելին
facebook