-Իհարկե՛ ոչ,- կասի ընդդիմախոսը: Իսկ եթե փորձեք առարկել, ձեր առջև միանգամից կդնի մի քանի բացատրական բառարան:
Բարի: Եվ քանի որ մեր առջև արդեն դրված են, ուստի տեսնենք, թե ի՛նչ է նշանակում բեմադրել-ը: Ըստ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի»՝ «Թատերական որևէ գրվածք որոշ սկզբունքներով և արվեստի նեղ եղանակով ներկայացնել (թատրոնում և կինոյում)»: Ըստ Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի»՝ «թատերական գրվածքը ներկայացնել»:
Գրեթե նույն բացատրությունն է մյուս բառարաններում:
Թվում է՝ որևէ հարց լինել չի կարող: Անշուշտ, տրամաբանական է. բեմադրվում է գրվածքը, օրինակ՝ պիեսը, և դրանից հետո գրավոր ստեղծագործությունը դառնում է ներկայացում: Բնականաբար, չի կարող բեմադրվել մի բան, որը դեռևս չկա: Տվյալ դեպքում՝ ներկայացումը:
Սակայն անմիջապես ծագում է հարց. իսկ ի՞նչ ասենք, երբ խոսքը վերաբերում է արդեն բեմի վրա եղող ներկայացումներին: Օրինակ՝ 2018 թվականին ի՞նչ է արվել «Հարսնացու հյուսիսից» ներկայացումը Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Խուսափենք «բեմադրել» բառը գործածելուց և նախադասությունը ձևակերպենք ամբողջովին ա՞յլ բառերով, ա՞յլ ձևով:
Այս տրամաբանությամբ սխալ պետք է համարենք նաև «ֆիլմ նկարահանել» արտահայտությունը: Ինչո՞ւ: Որովհետև ֆիլմն էլ այն է, որն ունենում ենք նկարահանումից հետո: Ուստի՝ տվյալ դեպքում էլ նկարահանվում է ոչ թե ֆիլմը, այլ սցենարը…
Անցնենք առաջ:
Ի՞նչն է բեմադրվում օպերայի պարագայում: Լիբրետո՞ն…
Հապա պարային, կրկեսային ներկայացումների՞ դեպքում…
Իսկ բալետի՞ (բալետային ներկայացմա՞ն)…
Օրինակ՝ ի՞նչ թատերական գրվածք է բեմադրվել օպերային թատրոնում, որ դառնա «Սպարտակ» բալետ:
Այս ամենը՝ ըստ մեր «դիտարկած» տրամաբանության: Բայց ընթերցողին գուցե հետաքրքրի, թե ի՛նչ իմաստով է գործածվում «բեմադրել» բառը բառարանային էջերից դուրս: Թե ի՛նչ են «բեմադրում» մեր գրողները, լրագրողներն ու հենց թատերարվեստի մարդիկ:
Մեջբերումներ շատ չեմ անի: Պարզապես առաջարկում եմ բացել «Արևակ» որոնման կայքը (http://eanc.net) և ընթերցել օրինակները: Ես նույնպես «ընթերցեմ» դրանցից մի քանիսը. «Դասականներին ժամանակակից վերընթերցումով բեմադրված ներկայացումներից են…», «Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումները…», «Հ. Թումանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ բեմադրված «Տերն ու ծառան» ներկայացումը…», «…ներկա եղանք Վառնայի օպերային թատրոնում բեմադրված Դոմինիկո Չիմարոզոյի «Գաղտնի ամուսնություն» ներկայացմանը…»:
Կարծում եմ՝ անվիճելի է, որ խնդրո առարկա բառի բառարանային իմաստին չհետևող հեղինակները գրական գրվածքի հետ միասին հավասարապես «բեմադրում» են նաև ներկայացումներ: Ընդ որում՝ այդպիսի «բեմադրություններ» հաճախ են հանդիպում մեր հեղինակավոր հրատարակության՝ «Հայկական սովետական հանրագիտարանի» էջերում:
Օրինակների շարքն ավարտեմ՝ պատահական ընտրությամբ անելով երկու մեջբերում նշանավոր թատերագետի գրքից. «Սարգիս Տիգրանյանը և Թեոդորոս Խադամյանը իրենց ընկերների հետ Մոսկվայի համալսարանում ներկայացումներ էին բեմադրում», «Նույն ժամանակամիջոցում՝ 1850-ական թվականներին, ավելի ու ավելի հաճախակի էին բեմադրվում սիրողական ներկայացումները…» (Գեորգ Գոյան, «Ո՞րն է ազգային թատրոնը», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, էջ 286-287):
Հետևություն անել, իհարկե, արդեն կարելի է, բայց ես միայն կհարցնեմ. «բեմադրել» բառին տալով միայն թատերական գրվածքը ներկայացնողի դեր՝ արդյոք չե՞նք նեղացնում, սահմանափակում նրա իմաստը:
Չմոռանանք նաև «ներկայացում» բառի հոմանիշների՝ «բեմադրության» և «թատերախաղ»-ի մասին: Եթե բեմադրություն է, նշանակում է, բառացիորեն ասած, բեմի վրա «դրվել»՝ բեմադրվել է: Իսկ եթե բեմադրությունը կարող է «բեմի վրա դրվել», այլ կերպ ասած՝ ստեղծվել, արարվել, ինչո՞ւ նույն կերպով չի կարող արարվել նաև ներկայացումը: Մի՞թե այստեղից չի բխում, որ բեմադրելը ոչ միայն ներկայացնելն է, այլև թատերական սկզբունքներով, միջոցներով, եղանակներով արվեստի գործ, երկ ստեղծելը, արարելը:
Գուրգեն Միքայելյան
Հղումը սկզբնաղբյուր կայքում։