Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Կետադրե՛նք միասին

Մի տես, թե ինչ է գրված։ Կուզեի լսել, թե ինչպես կարդացիք այս նախադասությունը։ Փոխեք առոգանությունը և այն կարող է երկու՝ իրար հակառակ իմաստներով ընկալվել։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև ես այն թերի եմ կետադրել։ Այս նախադասության իմաստը ճիշտ փոխանցելու համար պետք էր մի շատ կարևոր նշան գործածել՝ շեշտ։ Իսկ որտե՞դ դնել այն։ Եկեք միասին փորձենք։ Մի՛ տես, թե ինչ է գրված և ապա՝ Մի տե՛ս, թե ինչ է գրված։ Առաջին նախադասությունը արգելում է, իսկ երկրորդն ընդհակառակը՝ խնդրում, հորդորում է տեսնել, թե ինչ է գրված։ Մի փոքրիկ նշան, և իմաստային ի՜նչ տարբերություն․․․

Այդպիսին են կետադրական նշանները։ Առաջին հայացքից դրանք այնքան էլ կարևոր չեն թվում, բայց գրավոր խոսքին հաղորդում են այն, ինչով հարուստ է բանավոր խոսքը։ Դադար, հնչերանգ, ելևէջ, ի՜նչ ասես, որ չկա բանավոր խոսքում։

Հիմա՝ մի ուրիշ օրինակ։ Արամի ձեռքում իր եղբոր փայտից պատրաստած տնակն է։ Արամն իր եղբոր փայտից տնա՞կ էր պատրաստել։ Ո՜չ, պարզապես ես դարձյալ կետադրական նշան եմ բաց թողել։ Իմաստազատիչ բութը։ Արամի ձեռքում իր եղբոր՝ փայտից պատրաստած տնակն է։ Ուրեմն տնակը Արամը չի պատրաստել, ու փայտն էլ նրա եղբորը չի պատկանում։ Եղբայրը փայտից տուն է պատրաստել, Արամն էլ, ահա, բռնել է այդ փայտե տնակը։ Ա՛յ թե ինչ խառնաշփոթ էր առաջացրել բութը։ Եվ հենց ինքն էլ ամեն բան կարգավորեց։

Հիմա ես ձեզ մի հաղորդագրություն կուղարկեմ ձեր դասընկերուհու՝ Արփիի մասին։ Արփին ինչ գրավոր աշխատանք էր ներկայացրել։ Դուք, բնական է, կփորձեք ինձ պատասխանել, և դարձյալ մեղավորը ես եմ։ Չեմ կետադրել իմ հաղորդագրությունը, և դուք այն որպես հարց եք ընկալել՝ Արփին ի՞նչ գրավոր աշխատանք էր ներկայացրել։ Մինչդեռ իրականում ես կարդացել եմ ձեր դասընկերուհու գրավոր աշխատանքը ու հիացել նրա կարողությամբ։ Ուրեմն չպիտի մոռանայի բացականչական նշանը․ Արփին ի՜նչ գրավոր աշխատանք էր ներկայացրել։

Իսկ հիմա՝ դիմեք ձեր դասարանի «շատախոսին»։ Դուք, իհարկե, անմիջապես հասկացաք, որ չակերտներում գրված այս բառը ո՛չ ուրիշի ուղղակի խոսք է, ո՛չ  վերնագիր։ Այս կետադրական նշանը՝ չակերտները («») կարող է նաև այս կամ այն բառին կամ արտահայտությանը հակառակ իմաստը հաղորդել։ Ուրեմն դուք հաստատ կդիմեք ձեր դասարանի քչախոսին։

Հիմա հասկացա՞ք, թե ինչ կարևոր են կետադրական նշանները։ Հիմա՞ հասկացաք, թե ինչ կարևոր են կետադրական նշանները։ Ես հարցական նշանի տեղը փոխեցի, ու նախադասության իմաստը փոխվեց։

Փորձեք մի հուշ պատմել։ Գրեք այդ մասին առանց կետադրելու։ Կտեսնեք, որ ձեր գրածը բառերի մի կույտի կվերածվի։ Այդպիսի տեքստերը աշակերտներին տրվում են կետադրական աշխատանք անելու համար։ Դրանք նույնիսկ անուն ունեն․ կոչվում են «համր տեքստեր»։ Իսկապես համր են՝ ոչինչ չասող, չխոսող։ Այ թե ինչքան կարևոր են կետադրական նշանները։

Ահա ձեզ՝ մի «համր տեքստ»։ Փորձե՛ք այն կետադրել։

Արամը դասի կեսից դասարան մտավ Ուսուցիչը հարցրեց թե ինչու է ուշացել Արամն ասաց որ ինքը մեղավոր չէ զարթուցիչն էր քնած մնացել Ամբողջ դասարանը ծիծաղեց

Ուսուցիչը թաքուն ժպտալով Արամին խորհուրդ տվեց որ զարթուցիչին ժամանակին պառկեցնի քնելու որպեսզի նա առավորտյան քնած չմնա 

Իսկ հիմա․․․ Կախման երեք կետերը մատնեցին, որ ես դժվարանում եմ միտքս հայտնել։ Իսկապես դժվարանում եմ, քանի որ հրաժեշտ պիտի տամ ձեզ։

Մինչ նոր հանդիպում։

Հեղինակ՝ Երազիկ Գրիգորյան
Նյութը տպագրվել է «Կախարդական բանալի» ամսագրում

Սրճարաններում, ճաշարաններում, ռեստորաններում պահանջո՞ւմ եք հայերեն ճաշացանկ, եթե Ձեզ տրվածը միայն անգլերեն կամ այլ լեզվով է։

Ներկայացնում ենք օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Հորդորում ենք նախապատվությունը տալ հայերեն բառերին։

➡️ https://bit.ly/3oGCEP9

Լեզվի կոմիտեն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվար սոցիալական հարթակներում հրապարակել է հորդորակ, նյութեր և հարցումներ դպրոցներում ուսուցչին դիմելու հայերեն ձևերի մասին։

➡️Ամբողջական՝ https://bit.ly/3a3kT7s

Հիշե՛ք

Բժշկական այս գործիքը, որն օգտագործում են վիրահատությունների ժամանակ, կոչվում է ՆՇՏԱՐ։
#ՉԱՍԵՔլանցետ

Կոտայքի Ավան գյուղը Երևանի այժմյան Ավան թաղամասն է: Անցյալում «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից: «Ավան» բառով կազմվել են շատ բնակավայրերի անուններ՝ Ստեփանավան, Սևակավան, Արտավան, Բերքավան և այլն:

Ավելին