Հանրային հեռուստաընկերության «Կնոջ օրագիր» հաղորդաշարի լեզվի վերլուծություն
Թեև հյուրերին ուղղած հարցերը հաղորդաշարից հաղորդաշար գրեթե նույնությամբ կրկնվում են, այնուամենայնիվ հաղորդավարի խոսքում նկատված սխալները քիչ չեն։ Մեծ թիվ են կազմում սխալ ձևակերպված մտքերը։ Դրանք ներկայացրել ենք առանձին բաժնով։ Հյուրերի խոսքը չենք ուսումնասիրում։
«Ինչպե՞ս է լինում, որ անց տասնյակ տարիներ Ձեզ համար Ձեր ամուսինը ամենա-ամենան է» (19․09.2022)։
Առաջին նշումը՝ բայի սխալ ժամանակաձև է ընտրված։ Երկրորդ նշումը՝ շարադասության սխալ է։
Ճիշտ է՝ «Ինչպե՞ս է եղել/Ինչպե՞ս է պատահել, որ տասնյակ տարիներ անց Ձեզ համար Ձեր ամուսինը ամենա-ամենան է»։
«Բոլոր այն կանայք, ով փորձում են անցնել այս ամենի միջով՝ մի քանի խորհուրդ» (19․09.2022)։
Թվային անհամաձայնություն կա․ կանայք՝ հոգնակի, ով՝ եզակի։ Նաև՝ այստեղ ոչ թե ով (ով/ովքեր-ը ճիշտ են միայն դերանունների հետ՝ դու, ով/նրանք, ովքեր ևն), այլ որոնք։ Այստեղ մի սխալ էլ կա․ մի քանի խորհուրդ ոչ թե կանայք, այլ կանանց։
Ճիշտ է՝ «Բոլոր այն կանանց, որոնք փորձում են անցնել այս ամենի միջով՝ մի քանի խորհուրդ»։
Թվային անհամաձայնության մի այլ դեպք․
«Շատ կարևոր է մսի ընտրությունը, մշակումը և պահպանման պայմանները» (12․12.2022)։
Ճիշտ է՝ «Շատ կարևոր են մսի ընտրությունը, մշակումը և պահպանման պայմանները»։
«Այդ հարցը չենք կարող խուսափել»։ (19․09.2022)։
Խուսափում են ոչ թե ինչ-որ բանը, այլ ինչ-որ բանից։
Ճիշտ է՝ «Այդ հարցից (այստեղ նախընտրելի է՝ խնդրից) չենք կարող խուսափել»։
«Երեխայի դաստիարակության համար պետք է քննարկել, խոսել թե՛ մայրը և հայրը, թե՛ արդեն իսկ մեծահասակները» (19․09.2022)։
Սխալ կապ է գործածվել։ Քննարկում, խոսում են որևէ բանի մասին, այլ ոչ համար։ Ճիշտ է՝ պետք է քննարկել, խոսել, բայց այստեղ՝ մայրը և հայրը պետք է քննարկեն, խոսեն։ Արդեն իսկ-ը ավելորդ է։
Ճիշտ է՝ «Երեխայի դաստիարակության մասին պետք է քննարկեն, խոսեն թե՛ մայրը և հայրը, թե՛ մեծահասակները»։
«Ի՞նչ հոգեբանական ապրումներ կարող է առաջացնել ամուսնալուծությունը» (20․09․2022)։
Ապրումները ոչ թե հոգեբանական են լինում, այլ հոգեկան։ Հոգեբանական կարող են լինել, ասենք, խնդիրները։
Ճիշտ է՝ «Ի՞նչ հոգեկան ապրումներ կարող է առաջացնել ամուսնալուծությունը» կամ «Ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող է առաջացնել ամուսնալուծությունը»։
«Կարծում եմ, երեխայի՝ առանձին քնելու մշակույթը մեզանում այդքան էլ կայացած չէ» (20․09․2022)։
Հայերենում կա այնքան էլ արտահայտությունը, որը ունի ոչ բոլորովին կամ բոլորովին էլ ոչ իմաստները։ Այդ իմաստները չունեն այդքան էլ կամ այսքան էլ վերջին շրջանում տարածված արտահայտությունները։
Ճիշտ է՝ «Կարծում եմ, երեխայի՝ առանձին քնելու մշակույթը մեզանում այնքան էլ կայացած չէ»։
«Թե ինչով են հղի բռնության ամենատարբեր ձևերը երեխայի հոգեբանության զարգացման վրա, մեզ կօգնի հասկանալ․․․» (11․10․2022)։
Երեխայի հոգեբանության զարգացման վրա բռնության ձևերը ոչ թե հղի են, այլ ազդում են։ Եվ ազդում են ոչ թե ինչով, այլ ինչպես։
Ճիշտ է՝ «Թե ինչպես են ազդում բռնության ամենատարբեր ձևերը երեխայի հոգեբանության զարգացման վրա․․․»։
«Ակնհայտ է, որ պետք է չստել երեխային, որովհետև յուրաքանչյուր տարիքում երեխան դա զգում է և տարբեր ձև է ընկալում» (11․10․2022)։
Ստելը չեզոք բայ է, թիրախ չի պահանջում. մեկը կարող է պարզապես ստել։ Իսկ որևէ մեկին նա ոչ թե կստի, այլ կխաբի։ Երկրորդ նշումը՝ բանավոր խոսքում տարածված սխալ է։
Ճիշտ է՝ «Ակնհայտ է, որ պետք է չխաբել (նախընտրելի է՝ պետք չէ խաբել) երեխային, որովհետև յուրաքանչյուր տարիքում երեխան դա զգում է և տարբեր կերպ է ընկալում»։
Նշված երկրորդ սխալի մի այլ դեպք․
«Եթե այս ուղեղով լինեինք, ուրիշ ձև կնայեինք» (29․12.2022)։
Նաև ուղեղով լինեինք-ի փոխարեն նախընտրելի է ուղեղն ունենայինք։
Ճիշտ է՝ «Եթե այս ուղեղն ունենայինք, ուրիշ կերպ կնայեինք»։ Նախընտրելի է՝ «Եթե այս խելքին լինեինք, ուրիշ կերպ կնայեինք»։
«Կարծում եմ՝ հեռուստասերիալը, ֆիլմերը առիթ դարձան, որպեսզի հանդիպեք» (20․10․2022)։
Որպեսզի շաղկապը նպատակի պարագա երկրորդական նախադասությունը կապակցում է գլխավորին։ Իսկ այստեղ երկրորդական նախադասությունը նպատակի պարագա չէ։
Ճիշտ է՝ «Կարծում եմ՝ հեռուստասերիալը, ֆիլմերը առիթ դարձան, որ հանդիպեք»։
Որպեսզի շաղկապի ևս մի սխալ կիրառություն․
«Ուզում եմ մաղթել, որպեսզի ձեր երազանքները իրականություն դառնան» (29.12.2022)։
Ճիշտ է՝ «Ուզում եմ մաղթել, որ ձեր երազանքները իրականություն դառնան»։
«Իսկ ի՞նչն էր, Նարբե, քեզ կանգնեցնում ավելի շուտ առաջարկություն չանել, յոթը տարի սպասել» (10․11.2022)։
Տրամաբանական խառնաշփոթ է։ Նարբեին ինչ-որ բան կանգնեցնում էր (նախընտրելի է՝ խանգարում էր) առաջարկություն ոչ թե չանել, այլ անել։ Ոչ թե յոթը, այլ յոթ․ այս թվականի վերջում ը չկա։ Այդ ինչ-որ բանը Նարբեին նաև կանգնեցնում՝ խանգարում էր յոթ տարի սպասե՞լ։ Իհարկե՝ հակառակը։
Ճիշտ է՝ «Իսկ ի՞նչն էր, Նարբե, քեզ խանգարում ավելի շուտ առաջարկություն անել, յոթ տարի չսպասել»։
«Ի՞նչ փոխվեց երեխաների ծնունդից հետո ձեզ մոտ» (10․11.2022)
Մոտ կապի օտարաբան կիրառություն է։
Այստեղ ճիշտ է՝ «Ի՞նչ փոխվեց երեխաների ծնունդից հետո ձեր կյանքում»։
Մոտ կապի սխալ կիրառության այլ օրինակներ․
«Այս երկու դեպքերում զգացողությունը երեխայի մոտ նո՞ւյնն է» (30․11․2022)։
Ճիշտ է՝ «Այս երկու դեպքերում երեխայի զգացողությունը նո՞ւյնն է»։
«Հուսով եմ, որ այդ երազանքը իրականություն կդառնա քեզ մոտ»։
Ճիշտ է՝ «Հուսով եմ, որ այդ երազանքդ իրականություն կդառնա»։
«Օրագիրը հիանալի հուշերով էր լրացված Հռիփսիմեի մոտ» (29․12.2022)։
Ճիշտ է՝ «Հռիփսիմեի օրագիրը հիանալի հուշերով էր լրացված»։
«Եթե կա սեր, խանդը պարտադի՞ր է, որ պետք է լինի» (10․11.2022)։
Նշվածն ավելորդ է կամ ձևակերպումն է պետք փոխել։
Ճիշտ է՝ «Եթե կա սեր, խանդը պարտադի՞ր է, որ լինի» կամ «Եթե կա սեր, խանդը պարտադիր պետք է/պիտի լինի՞»։
«Եթե այն (խանդը) սահմանը չի հատում, հարաբերությունները հնարավո՞ր է ամրեցնե՞ն» (10․11.2022)։
Ամրանալ-ը ա խոնարհման բայ է, ուստի ոչ թե ամրեցնեն, այլ ամրացնեն։ Այս բայը թվով պետք է համաձայնեցնել ոչ թե հարաբերություններ գոյականի, այլ այն դերանվան հետ։
Ճիշտ է՝ «Եթե այն սահմանը չի հատում, հարաբերությունները հնարավո՞ր է ամրացնի»։ Նախընտրելի է՝ «Եթե այն սահմանը չի հատում, հնարավո՞ր է, որ դրանից հարաբերություններն ավելի ամրանան»։
«Կանայք տղամարդկանց աչքերով․ ինչպիսինն են նրանք տեսնում մեզ» (14․11.2022)
Բառը չի կարող կրկնակի որոշիչ հոդ ստանալ․ ինչպիսի-ինչպիսին, բայց ո՛չ ինչպիսինը կամ ինչպիսինն։
Ճիշտ է՝ «․․․ ինչպիսին են նրանք տեսնում մեզ»։
Ավելորդ որոշիչ հոդի այլ դեպքեր․
«Հենց այսպիսինն եմ, ինչպիսին կամ» (30․11․2022)։
Ճիշտ է՝ «Հենց այսպիսին եմ, ինչպիսին կամ»։
«Ինչպիսի՞նն էիք մանկությունում» (19․12.2022)։
Այստեղ նաև անհաջող է մանկությունում-ը։
Ճիշտ է՝ «Ինչպիսի՞ն էինք մանկության տարիներին/մանուկ ժամանակ»։
«Բայց մեկ օր այդ ամենը դուրս է գալիս ջրի երես» (14․11.2022)։
Այստեղ պետք էր գործածել ոչ թե մեկ թվականը, այլ մի անորոշ դերանունը։
Ճիշտ է՝ «Բայց մի օր/օրերից մի օր այդ ամենը դուրս է գալիս ջրի երես»։
«Ազատության, կարելի է և չի կարելի սահմանների մասին զրուցելու ենք տեսակով շատ ազատ համարող մարդ Լյուսի Հայրապետյանի հետ» (30․11․2022)։
Առաջին նշումի մասին․ այդպիսի սահմաններ չկան, կան կարելիի և չի կարելիի սահմաններ։ Հաջորդ նշումը՝ կա՛մ պետք է կրավորականի վ-ով լինի՝ համարվող, կա՛մ եթե համարող, ուրեմն՝ ինքն իրեն համարող։ Խոսքը ազատ մարդ լինելու մասին է, և նախընտրելի է ազատ մարդ բառակապակցությունը չխախտել։
Ճիշտ է՝ «Ազատության, կարելիի և չի կարելի սահմանների մասին զրուցելու ենք տեսակով շատ ազատ մարդ համարվող Լյուսի Հայրապետյանի հետ» կամ «Ազատության, կարելիի և չի կարելի սահմանների մասին զրուցելու ենք տեսակով ինքն իրեն շատ ազատ մարդ համարող Լյուսի Հայրապետյանի հետ»։
«Հենց դրա մասին էինք փորձում փորփրել և գտնել, թե ո՞րն է այն կարմիր գիծը հենց ինքներդ Ձեզ համար» (30․11․2022)։
Որևէ բանի մասին փորփրել և գտնել փորձելը սխալ է։ Այստեղ խոսքը հարցնելուն, իմանալուն է վերաբերում։ Կամ պետք է միտքը ձևակերպել առանց մասին կապի։ Երկրորդ նշումը՝ ավելորդ է։
Ճիշտ է՝ «Հենց դրա մասին էինք փորձում հարցնել, իմանալ, թե ո՞րն է այն կարմիր գիծը Ձեզ համար» կամ «Հենց դա էինք փորձում փորփրել և գտնել, թե ո՞րն է այն կարմիր գիծը Ձեզ համար»։
«Խոսքը գնում է յոգայի մասին» (30․11․2022)։
Տարածված օտարաբանություն է։
Ճիշտ է՝ «Խոսքը յոգայի մասին է»։
«Ինչպիսի՞ սպիեր են մնում վիրահատությունից հետո» (01․12.2022)։
Սպի բառի հոգնակին կազմվում է -ներ վերջավորությամբ։
Ճիշտ է՝ «Ինչպիսի սպիներ են մնում վիրահատությունից հետո»։
«Առաջի երեխային պետք է ունենալ մինչև երեսուն տարեկան» (20․12.2022)։
Նշված բառերը սխալ ձևով են գործածվել։
Ճիշտ է՝ «Առաջին երեխային պետք է ունենալ մինչև երեսուն տարեկանը»։
«Ի՞նչ հատուկ մեսիջ ունեք կանանց համար» (12․12.2022)։
Պետք էր գործածել նշված օտար բառի հայերեն համարժեքը։
Ճիշտ է՝ «Ի՞նչ հատուկ ուղերձ ունեք կանանց համար»։
Ստորև առանձին խմբով ներկայացնում ենք հաղորդավարի սխալ ձևակերպած նախադասությունները և դրանց ճիշտ տարբերակները
«Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում մարդու օրգանիզմում, երբ բերում է սեռական ցանկության նվազմանը» (11․10․2022)։
Ճիշտ է՝ «Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում մարդու օրգանիզմում, որոնք բերում են սեռական ցանկության նվազման»։
«Իսկ ուրիշ ի՞նչ հետևանքներ կարող են լինել երեխաների հետ» (11․10․2022)։
Ճիշտ է՝ «Իսկ ուրիշ ի՞նչ հետևանքներ կարող են թողնել երեխաների վրա»։
«Ընդամենը մեկ հարց տվեք ձեզ, և այդ հարցի պատասխանով կկարողանաք գտնել ինչ-որ պատասխաններ» (11․10․2022)։
Ճիշտ է՝ «Ընդամենը մեկ հարց տվեք ձեզ, և այդ հարցի պատասխանով կկարողանաք կողմնորոշվել»։
«Մայրիկի դերում իրեն լավ է զգում, բայց կարիերային երկարատև դադար կամ առավել ևս հրաժարվել չի պատրաստվում» (19․10.2022)։
Ճիշտ է՝ «Մայրիկի դերում իրեն լավ է զգում, բայց կարիերային երկարատև դադար տալ կամ առավել ևս դրանից հրաժարվել չի պատրաստվում»։
«Կա տենդենց, որ դիմում են պլաստիկ վիրահատությունների» (20․12.2022)։
Այստեղ նաև պետք էր տենդենց բառի հայերեն համարժեքը գործածել։
Ճիշտ է՝ «Կա պլաստիկ վիրահատությունների դիմելու միտում»։
«Ազատությունով ծնվո՞ւմ են, թե՞ ձեռք են բերում» (30․11․2022)։
Ճիշտ է՝ «Ազատ/ազատ մտքով ծնվո՞ւմ են, թե՞ այն ձեռք են բերում» կամ «Ազատամիտ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում են այդպիսին»։
«Արդյո՞ք որևէ մեկը կկարողանա փոխարինել մոր դերը երեխայի կյանքում» (30․11․2022)։
Ճիշտ է՝ «Արդյո՞ք որևէ մեկը կփոխարինի մորը երեխայի կյանքում» կամ «Արդյո՞ք որևէ մեկը կկարողանա կատարել մոր դերը երեխայի կյանքում»։
«Իսկ այդ բարդույթը հնարավո՞ր է մեծ տարիքում անցնել» (30․11․2022)։
Ճիշտ է՝ «Իսկ այդ բարդույթը հնարավո՞ր է մեծ տարիքում հաղթահարել»։
«Շատերի համար հույս ու հավատ եք ներշնչում» (29․12․2022)
Ճիշտ է՝ «Շատերին հույս ու հավատ եք ներշնչում»։
Լեզվական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ՝
Երազիկ Գրիգորյան