Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Կողմից» կապով կազմվող կրավորական կառույցները չարաշահելու մասին

Մեր լեզվի քերականական բազմաձևությունից օգտվելու փոխարեն մենք երբեմն նախապատվություն տալիս ենք միայն մեկ ձևի, դա դարձնում կաշկանդող կաղապար։

Այս անգամ կխոսենք այդպիսի կաղապարներից մեկի՝ «կողմից» կապով կազմվող կրավորական կառույցների մասին։ Արդեն այնքան է չարաշահվել այս ձևի գործածությունը, որ ոմանց սխալմամբ թվում է, թե չի կարելի ասել, օրինակ, «Մեր կատարած աշխատանքը» և պարտադիր պետք է ասել «Մեր կողմից կատարված աշխատանքը»։ Շատերը խուսափում են «Մեր իրականացրած ծրագրերը» ասելուց և նախընտրում են «Մեր կողմից իրականացված ծրագրերը» տարբերակը։ Կարծեք բացառված է, որ կառավարությունը կամ առհասարակ որևէ մարմին ինչ-որ աշխատանք ձեռնարկի, որոշում ընդունի, կարգ սահմանի։ Այդ աշխատանքը պարտադիր կատարվում է կառավարության կողմից, որոշումն ընդունվում է գերատեսչության կողմից, կարգը սահմանվում է իրավասու մարմնի կողմից։ Խոր մոլորություն…

Արդեն հասել ենք այնպիսի ծայրահեղության, որ օրենքներում, օրենսգրքերում ոչ կրավորական ձևեր գրեթե չեն հանդիպում։ Որևէ բան ոչ ոք չի անում, ամեն ինչ նրանց կողմից կատարվում է։ Բերենք օրինակներ.

«Հոգաբարձուների խորհուրդը պայմանագիր է կնքում իր կողմից նշանակված կառավարչի հետ»։ «Խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը»։ «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են….»: «Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից»։

Եթե որևէ իրավաբանի ասենք, որ այսպիսի դեպքերում կարելի է, առավել ևս գերադասելի է գրել. «Հոգաբարձուների խորհուրդը պայմանագիր է կնքում իր նշանակած կառավարչի հետ», «Խախտում է համարվում անձի կատարած անօրինական գործողությունը», «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են…․», «Օրենքն ընդունել է Ազգային ժողովը», նա հավանաբար կառարկի. «Դա իրավաբանական լեզու է»։ Դրան էլ առարկում ենք մենք. դա ոչ թե իրավաբանության լեզու է, այլ լեզվի թերիմացության հետևանք։

Այդ թերիմացության պատճառով էլ երբեմն «մոռանում ենք», որ «կողմից» բառը պահանջում է կրավորական սեռի բայ, և գրում ենք. «Դատարանի կողմից ակտն անվավեր ճանաչելու դեպքում….», «Ղեկավարի կողմից .… որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո…», «…. ամուսիններից մեկի մահվան կամ դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով»։

Այդպես էլ կողմից-ը սխալ է գործածվում այնպիսի կառույցներում, որտեղ կարող էր պարզապես բացառական հոլովաձև լինել: Այսպես.

«Այդ ընթացքում երկու թեկնածուի կողմից ընկերությունը հայտ է ստացել»։ «Լիցենզավորված անձ՝ կարգավորող հանձնաժողովի կողմից…. լիցենզիա ստացած անձ»։

Պարզ է, որ ընկերությունը հայտ է ստացել ոչ թե երկու թեկնածուի կողմից, այլ երկու թեկնածուից, և լիցենզավորված անձը ոչ թե հանձնաժողովի կողմից լիցենզիա ստացած անձն է, այլ հանձնաժողովից ստացած անձը։

Նկատի ունենալով այս ամենը, ինչպես նաև լեզվի անցանկալի կրավորականացումից խուսափելու նպատակով

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

չչարաշահել «կողմից» կապով կազմվող կրավորական ձևերի գործածությունը, օգտվել մեր լեզվի քերականական բազմաձևությունից և նախապատվություն տալ ոչ կրավորական կառույցներին։

Լեզվի կոմիտեն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվար սոցիալական հարթակներում հրապարակել է հորդորակ, նյութեր և հարցումներ դպրոցներում ուսուցչին դիմելու հայերեն ձևերի մասին։

➡️Ամբողջական՝ https://bit.ly/3a3kT7s

Հիշե՛ք

Բժշկական այս գործիքը, որն օգտագործում են վիրահատությունների ժամանակ, կոչվում է ՆՇՏԱՐ։
#ՉԱՍԵՔլանցետ

Կոտայքի Ավան գյուղը Երևանի այժմյան Ավան թաղամասն է: Անցյալում «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից: «Ավան» բառով կազմվել են շատ բնակավայրերի անուններ՝ Ստեփանավան, Սևակավան, Արտավան, Բերքավան և այլն:

ԻՆՉՊԵՍ ԵՆ «ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ» ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

Բառաչել - կով, եզ, ցուլ
Մկկալ - այծ
Մայել - ոչխար
Խռխռալ, խռնչալ - խոզ
Խրխնջալ, վրնջալ - ձի
Զռալ - ավանակ
Մռնչալ - վայրի գազաններ՝ առյուծ, վագր, արջ և այլն
Մլավել, մռլտալ, մռմռալ - կատու
Հաչել, կլանչել, կաղկանձել - շուն
Ոռնալ - գայլ

«Կոնդ» անվանումը տիպական է այն տեսակետից, որ հասարակ անունը դառնում է հատուկ տեղանուն: Բնակավայրը Կոնդ է կոչվել բարձր դիրքի պատճառով: Հայերեն նշանակություններից մեկն է «բլուր, բլրակ, թումբ»:

Կոնդի մի մասը հնում կոչվել է Ծիրանի թաղ:

Ավելին