Լեզվի կոմիտեն ամփոփում է անցած մեկ տարվա աշխատանքը։
Մայիսի 26-ին, ժամը 12։00-ին Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի մամուլի ասուլիսը։
Լեզվի կոմիտեի գործունեությունը կենտրոնացած է եղել մի քանի ուղղություններով։
Լեզվի կոմիտեի դիմագծի ստեղծում։ Լեզվի կոմիտեն փորձում է կերտել իր դիմագիծը։ Ստեղծվել է Կոմիտեի տարբերանշանը, մշակվել են գունային լուծումներ, դրանց հիման վրա կազմվել են Լեզվի կոմիտեի պաշտոնական ձևաթղթերն ու այցեքարտերը։
Հուլիսին պատրաստ կլինի Լեզվի կոմիտեի պաշտոնական կայքէջը՝ langcom.am և լեզվիկոմիտե.հայ URL հասցեներով։ Այն ծառայելու է որպես Կոմիտեի պաշտոնական լրատու և լեզվական հարթակ՝ հագեցած տարատեսակ նյութերով, նույնիսկ խաղերով։
Թվային տիրույթում ներկայացվածություն։ Կոմիտեի ֆեյսբուքյան էջում մեկ տարվա ընթացքում կատարվել է ավելի քան 700 գրառում, պատասխան է ուղարկվել օգտատերերից ստացված հարյուրավոր նամակների։ Էջի հետևորդների թիվը մոտենում է 22 հազարի։
Լեզվի կոմիտեի գործունեությանն առնչվող և կոմիտեի համագործակցությամբ պատրաստված բոլոր տեսանյութերը, հեռուստատեսային ռեպորտաժներն ու հաղորդաշարերն դասակարգվել և պահպանվում են YouTube-ի «Լեզվի կոմիտե» ալիքում։ Հասարակության տարբեր շերտերին հասանելի լինելու և տարբեր ձևաչափերով առցանց աշխատելու համար ստեղծվել է Լեզվի կոմիտեի նաև թվիթերյան հաշիվը՝ @LangComArmenia։
Հորդորակ։ Լրատվամիջոցներին, տեղական ինքնակառավարման և պետական մարմիններին է ուղարկվել երկու տասնյակից ավելի հորդորակ։
Հրապարակումներ։ Լեզվի կոմիտեի աշխատակիցները թղթակցում են տպագիր ու առցանց լրատվամիջոցներին, հրապարակում հայերենի այսօրվա խնդիրներին վերաբերող հոդվածներ։ Հրապարակումների թիվը շուրջ 4 տասնյակ է։
Կապը քաղաքացիների հետ: Այս կիսամյակում Լեզվի կոմիտեն պատասխանել է լեզվական տարբեր հարցերի վերաբերող մոտ 160 գրավոր դիմումների, շուրջ 200 հեռախոսազանգի: Լեզվական պարզաբանումներ տրվել են նաև ֆեյսբուքյան էջի միջոցով (140 հարց):
Վերահսկողություն: 2019 թ. փետրվարից Լեզվի կոմիտեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 22 վարույթ:
Համագործակցություն։ Հանրային հեռուստատեսության համագործակցությամբ շարունակում են նկարահանվել «Ճի՞շտ, թե՞ սխալ» խորագրով հաղորդումները։ Երեկ հեռարձակվել է 60-րդ թողարկումը։
Լեզվի կոմիտեն համագործակցել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հետ: Մանրակրկիտ ուսումնասիրվել են կադաստրի կոմիտեում գործածվող պաշտոնական բոլոր ձևաթղթերըերը, առաջարկություններ են արվել դրանք բարելավելու ուղղությամբ: