Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՀԱՃԱԽ ԱՂԱՎԱՂՎՈՂ ՀԱՅԵՐԵՆ 10 ԲԱՌԵՐ

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուջինյանը  «Art 365» կայքի առաջարկությամբ անդրադարձել է հաճախ աղավաղվող հայերեն տասը բառերի։


Հայերեն մի շարք բառեր հաճախ աղավաղված են գործածվում գրավոր և բանավոր խոսքում: Մենք առանձնացրել ենք մեկ տասնյակ այդպիսի բառեր՝ հույս ունենալով, որ դրանք շուտով այս տասնյակում չեն լինի:

Ցանկով ներկայացնում ենք բառերի ճիշտ գրությունը, որպեսզի դրանց սխալ տարբերակները չամրակայվեն ընթերցողի հիշողության մեջ:

  1.  ՕՐԱԿԱՆ

ՕՐ արմատին միացել է –ԱԿԱՆ ածանցը՝ ՕՐԱԿԱՆ:  Բայց հաճախ ենք լսում, երբեմն նաև կարդում «օրեկան» սխալ տարբերակը: Որտեղի՞ց է այս Ե-ն:

ՏԱՐԵԿԱՆ բառի նմանությամբ է գոյացել:  ՏԱՐԻ բառի Ի-ն, -ԱԿԱՆ ածանցի Ա-ին միանալով, օրինաչափորեն դառնում է Ե: ՕՐԱԿԱՆ-ը ոչ մի կերպ Ե չի կարող ունենալ:

  1. ԲԱՐՅԱՑԱԿԱՄ

Բառը կազմվել է Ա հոդակապով՝ ԲԱՐՅԱՑ+Ա+ԿԱՄ, ուստի Ա-ն չպիտի զեղչել ու ասել «բարյացկամ» (կամ էլ «անբարյացկամ»):

  1. ՍՆԱՆԿԱՆԱԼ

Այս բառի հիմնական կազմիչներն են ՍԻՆ և ԱՆԿ: Բայ կազմելիս ՍԻՆ-ի Ի-ն հնչյունափոխվում է չգրվող Ը-ի՝ ՍՆ (ինչպես որ ունենք ՍՆԱՀԱՎԱՏ, ՍՆԱՄԵՋ), ապա՝ ՍՆԱՆԿ և վերջապես՝ ՍՆԱՆԿԱՆԱԼ: ԱՆԿ-ի Ա-ն մնում է անփոփոխ, ուստի լիովին մերժելի է «սննկանալ» տարբերակը:

  1. ՈՒԹՍՈՒՆ

Բացատրությունը դյուրին է. կազմվել է ՈՒԹ արմատից և -ՍՈՒՆ «տասը՝ տասնյակ» նշանակող ածանցից: Սխալմամբ ասում են «ութանասուն» (նաև «ուցուն»): Այսպես են ասում ՅՈԹԱՆԱՍՈՒՆ-ի նմանությամբ: ՅՈԹԱՆԱՍՈՒՆ-ի կազմության ընթացքը, սակայն, ուրիշ է. գրաբար ՅՈԹՆ, որի սեռական հոլովաձևը՝ ՅՈԹԱՆ, ապա՝ Ա հոդակապ և -ՍՈՒՆ ածանցը:

  1. ՀԱՄԲՈՒՐԵԼ

Բայն առաջացել է ՀԱՄԲՈՒՅՐ-ից, որի ՈՒՅ-ը դառնում է ՈՒ՝ ՀԱՄԲՈՒՐԵԼ: Բոլորովին անընդունելի է բառի «համբյուրել» տարբերակը, որի պատճառը «համբյուր» սխալն է:

  1. ՊԱՏՃԵՆ

Այս բառը վերջում Ն ունի, ուստի ՊԱՏՃԵՆԸ, ՊԱՏՃԵՆԻ, ՊԱՏՃԵՆՈՎ և այլն: Գրասենյակներում ասվող և գրվող «պատճե» տարբերակը պարզապես սխալ է:

  1. ԻՐՈՔ

Այս կարճ բառը ոմանք «երկարացնում են»՝ դարձնելով «իրոքից», որ լիովին խոտելի է: Այդպես է արվում խոսակցական ԻՍԿԱԿԱՆԻՑ, ՍՏԻՑ և համանման բառերի նմանությամբ թերևս:

  1. ՄԱՆՐԱՄԱՍՆ

Բառի վերջում Ն է, քանի որ գրաբարում եղել է ՄԱՍՆ, որից էլ՝ ԱՆՄԱՍՆ, ՄԱՍՆԻԿ, ՄԱՍՆԱԿԻ, ՄԱՍՆԱՎՈՐ, ԲԱՐԵՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ և այլն: Ամբողջովին մերժելի է Ն-ի փոխարեն Ը դնելը՝ «մանրամասը»:

  1. ՎԱՅՐԿՅԱՆ

Հինգերորդ դարից է հասել մեզ (ավանդական ուղղագրությամբ՝ ՎԱՅՐԿԵԱՆ): Արմատն է ՎԱՅՐ, որի Յ-ն  սղելը և բառը «վարկյան» դարձնելը սխալ է:

  1. ԱՆՁԻՆՔ

ԱՆՁՆ բառի գրաբարյան հոգնակին է ԱՆՁԻՆՔ, որն այդպես փոխանցվել է նոր հայերենին: «Անձիք» սխալ տարբերակը որևէ կերպ չի հիմնավորվում:

Ներկայացնում ենք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-14/

Այս տարի նշվում է «․հայ» դոմենային անունների տիրույթի ստեղծման 5-րդ տարեդարձը։

Այդ առիթով կազմակերպվել էր միջոցառում, որը նվիրված էր հայատառ «․հայ» տիրույթի խնդիրներին և զարգացման ուղիներին։
https://bit.ly/3d1qGwI

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Ավելին
facebook