Հայաստանի ռուսական համայնքի 70-80 տոկոսը՝ շուրջ 3000 հոգի, մոլոկաններ են։
Մոլոկանները Ռուսաստանից Հայաստան են աքսորվել իրենց կրոնական համոզմունքների պատճառով, ցարական իշխանության օրոք 19-րդ դարի կեսերին։ Կենսական ծանր պայմանները չեն ընկճել այս համայնքին։ Նրանք մնացել են Հայաստանում ու հարմարվել։ Այսօր մոլոկանների յոթերորդ սերունդն է ապրում Հայաստանում, և ահա մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Ազգային Ժողովում ունենք մոլոկան պատգամավոր։ Ալեքսեյ Սանդիկովը «Իմ քայլը» դաշինքի ազգային փոքրամասնությունների ցուցակով խորհրդարանում ներկայացնում է Հայաստանի ռուսական համայնքը։
– Հետխորհրդային շրջանի արտագաղթը նոսրացրեց Հայաստանի ազգագրական պատկերը։ Բնակչության ընդհանուր թվի 3 տոկոսից էլ պակաս մնացած ազգային փոքրամասնությունների ներկայությունը պահպանելու համար մեր երկիրը հնարավորինս կարևորեց նրանց հոգսերը ու փորձեց լուծումներ տալ։ Դրանցից առավել էական են լեզվակրթական խնդիրները։
– Հայաստանի ազգային փոքրամասնություններն իսկապես ունեն լեզվակրթական խնդիրներ, բայց ռուսական համայնքում դրանք անհամեմատ մեղմ են արտահայտված։ Համահավաք բնակավայրերում, ինչպիսիք Լոռու մարզի Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերն են, դպրոցական ծրագիրն ամբողջությամբ ռուսերեն է: Երևանում գրեթե բոլոր համայնքներում կան ռուսերենով խորացված ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցներ, և մեր համայնքի դպրոցականներն այդ դասարաններն են հաճախում: Կարևոր իրողություն է նաև, որ բոլոր հայկական դպրոցներում ռուսաց լեզու է դասավանդվում: Կարելի է ասել՝ ընդհանուր առմամբ Հայաստանում ռուսազգի բնակչության մայրենիի պահպանությունը բարվոք վիճակում է։
– Ազգային փոքրամասնության համայնքների մայրենի լեզվի պահպանմանը նպաստելը մեր երկրի պարտավորություններից է, որ ամրագրված է «Լեզվի մասին» ՀՀ օրենքով (1993 թ․) և «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայով» (2002 թ.)։ Բայց կան լեզվական պարտականություններ և իրավունքներ, որոնք քաղաքացին կարող է առավել ազատ իրացնել պետական լեզվի իմացության պարագայում։
– Այդ իմաստով նույնպես Հայաստանի ռուսական համայնքը լուրջ խնդիրներ չունի։ Մենք հիմնականում ռուսական կրթություն ենք ստանում, բայց հայերենին տիրապետում ենք: Իսկապես, մեր շահերից է բխում հայերենի իմացությունը։ Համայնքում դա պետք է ամեն ոք գիտակցի։ Ճիշտ է, պետական ծրագրերը կարևոր են, բայց անհատից էլ շատ բան է կախված։ Ես, օրինակ, դպրո՛ցն էլ, բո՛ւհն էլ հայերենով եմ ավարտել: Հայաստանը մեր հայրենիքն է, և այս երկրի պետական լեզուն հայերենն է։ Յուրաքանչյուրիս պարտքն ու իրավունքն է պետական լեզվի իմացությունը։
– Ինքնության պահպանման հարցում կարևորությամբ լեզվապահպանությանը զուգահեռ է մշակույթի պահպանումը։ Ի՞նչ լեզվամշակութային խնդիրներ ունի ռուսական համայնքը Հայաստանում։
– Ռադիոն ու հեռուստատեսությունը ռուսերենով հաղորդումների ժամ ունեն։ Ռուսական թատրոն կա։ Կինոթատրոններն էլ շատ հաճախ ռուսերեն ֆիլմեր են ցուցադրում։ Գրախանութներում, գրադարաններում ռուսալեզու գրականության պակաս չկա։ Մենք լեզվական առումով մշակութային խնդիր չունենք։ Դա ամենևին չի նշանակում, թե անելիք չկա։ Անելիք շատ կա, բայց հիմնականում վիճակը բարվոք է։
Ես համագործակցում եմ Ռուսաստանի դեսպանատան հետ, Ռուսական մշակույթի կենտրոնի հետ։ Նաև նրանց օգնությամբ եմ ապահովում ռուսախոս համայնքի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի մշակութային կյանքում․ համատեղ ուժերով իրականացնում ենք մեր համայնքի լեզվապահպանությունը։ Արդյունքն ակնհայտ է։ Մեր վիճակը չի կարելի համեմատել ռուսաստանաբնակ հայերի ինքնության պահպանման խնդրահարույց վիճակի հետ: Ես հաճախ եմ առնչվում Ռուսաստանի հայ համայնքի հետ: Շփումների իմաստով նպաստավոր ժամանակաշրջանում նշվում էր հայկական համայնքի՝ Ղրիմից Ռոստով տեղափոխման 240-ամյակը։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով Ռոստով մեկնելիս առաջարկեցինք այստեղից մի թատերական ներկայացում տանել։ Հայկական համայնքը պատասխանեց, որ եթե ներկայացումը հայերեն է, տեղի երիտասարդությունը չի հասկանա: Այնտեղ կրթությունն ամբողջությամբ ռուսերեն է, և մեծ մասը հայերենին չի տիրապետում:
– Լեզվի կոմիտեն ազգային փոքրամասնությունների խնդիրներից կարևորում է լեզվականը։ Իսկ ձեզ համար ո՞րն է Հայաստանում ապրելու ամենամեծ դժվարությունը։ Կոմիտեի ու համայնքի պատկերացումները շա՞տ են տարբեր։
– Հիմնական խնդիրները սոցիալական են ու դրանց հետևանքն է արտագաղթը։ Ժամանակին Հայաստանում 7000 միայն մոլոկան կար, հիմա 3000 հազիվ լինենք: Ճիշտ է, արտագաղթի հիմնական ալիքը անցյալում է։ Մեր համայնքի մարդկանց այն տարավ Ռուսաստան, Ստավրոպոլի երկրամաս, ԱՄՆ, Ավստրալիա։ Բայց հիմա էլ երբեմն լքում են Հայաստանը։ Էթնիկ ռուսներ այստեղ քիչ են մնացել։ Տաշիրի շրջանի գյուղերը ժամանակին ռուսական էին, այսօր 10 հոգի հազիվ մնացած լինի: Լոռու մարզի Ուրասար գյուղում, որ ժամանակին Նովոկույբիշևո էր կոչվում և ամբողջությամբ ռուսական էր, այսօր ընդամենը 12 ռուս է մնացել: Փոքր համայնքը պահելն ավելի դժվար է, առավել բծախնդիր աշխատանք է պահանջվում։
– Համայնքների խնդիրները ազգային փոքրամասնություն լինելու հե՞տ են կապված։
– Ո՛չ։ Իհարկե, մեր համայնքի ու հայազգի բնակչության փոխհարաբերությունները մի քիչ յուրահատուկ են։ Այդտեղ միշտ ներկա են հայ-ռուսական հարաբերությունները: Բայց հանուն արդարության պիտի ասեմ, որ հայերն ընդհանուր առմամբ այլասեր ժողովուրդ են, և Հայաստանում հայերի ու ազգային փոքրամասնությունների խնդիրները հիմնականում նույնն են՝ գլխավորապես սոցիալական։ Կարևոր հանգամանք է․ Հայաստանը հետխորհրդային միակ երկիրն է, որ Սահմանադրությամբ ամրագրել է ազգային փոքրամասնությունների բաժնեմասերը Ազգային ժողովում: Օրինակ, Ռուսաստանը և Ղազախստանը ընտրական օրենսգրքո՛ւմ են բաժնեմասեր նախատեսել կանանց և ազգային փոքրամասնությունների համար, իսկ Հայաստանը՝ Սահմանադրությամբ:
– Անկասկած կան խնդիրներ, որոնք ներհամայնքային են, և արտաքին աշխատանքին զուգահեռ տարվող ներքին աշխատանքն ավելի արդյունավետ կարող է լուծել դրանք։
– Մոտ երեք տասնյակ կազմակերպություն կա Հայաստանում, որ զբաղվում է ռուս ազգաբնակչության ներհամայնքային խնդիրներով:
Մոլոկանների 80 տոկոսը էթնիկ ռուսներ են, մնացածը՝ էթնիկ մորդվիններ: 1840-ականներին, երբ համայնքը տեղափոխվել է Հայաստան, խառը ամուսնություններն այնքան շատ են եղել, որ մարդիկ հիմա կդժվարանան ասել՝ իրենք մորդվի՞ն են, թե՞ ռուս: Մենք մեզ համարում ենք մոլոկաններ, որոնք ռուսական համայնքն են ներկայացնում: Մինչև, այսպես ասած՝ համացանցի դարաշրջանը, մենք բավական փակ համայնք ենք եղել։ Արգելված էր օտարազգի մարդու հետ ամուսնությունը։ Անգամ տանը հեռուստացույց ունենալն էր արգելված։ Դա համարվում էր չարիքի փոխանցման միջոց: Հիմա բոլորի ձեռքին սմարթֆոն կա, որ և՛ հեռուստացույց է, և՛ համակարգիչ է, և՛ ամեն ինչ: Համայնքի շատ ներկայացուցիչներ սոցցանցերում բավական ակտիվ են: Դա և՛ լավ է, և՛ վատ է: Լավ է այն առումով, որ մեր միջից վերանում է փակ համայնքի կարծրատիպը: Մյուս կողմից՝ կարող են ինքնընկալման խնդիրներ, ձուլման վտանգ առաջանալ։ Փոքր համայնքի դեպքում հատկապես պետք է զգույշ լինել։ Ես, օրինակ, երբ գնում եմ Ռուսաստան, ինձ ավելի շատ հայ եմ զգում, այստեղի մարդ:
– Դա բնական է։ Ռուսաստանի հայերն էլ մեզանից են ինչ-որ բանով տարբեր:
– Ավստրալիայում՝ Ադելաիդայում, մոլոկանների մի համայնք կա, որ 1900-ականների սկզբներին Արևմտյան Հայաստանի՝ ներկայիս Թուրքիայի տարածքից է տեղափոխվել։ Երկրորդ մեծ հոսքը եղել է Հայաստանից՝ անկախացումից հետո։ Բայց արի ու տես՝ 1900-ականներին գնացած մոլոկանները սրանց ասում են «ереванские молоканы» (երևանյան մոլոկաններ): Կարծում եմ՝ նույն բանը տարբեր երկրների հայկական համայնքներում էլ կա:
Մենք Հայաստանում մեզ շատ ներդաշնակ ենք զգում։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ մեր համայնքի հարգը հայերի մեջ բավական բարձր է: Ռուսաստանում հայերն ավելի շատ են էթնիկ խնդիրներ ունենում: Դա կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանը բազմազգ երկիր է, իսկ Հայաստանի բնակչության մոտ 98 տոկոսը հայեր են: Այդ մի բուռ ռուս, եզդի և այլ համայնքներն այստեղ լուրջ խնդիրներ չեն ունենում:
-Նաև՝ չեն առաջացնում:
– Իհա՛րկե: Երբ ազգային փոքրամասնություններն իրենց մեծացող թվաքանակով սկսում են խախտել հավասարակշռությունը, երկիրը սկսում է երբեմն տեղին, երբեմն ավելորդ անհանգստություն ունենալ։ Դա բնական է և հանդուրժողականության հետ կապ չունի։ Այդ մտահոգությունը բխում է նաև երկրի ազգային փոքրամասնությունների շահերից։ Տեսե՛ք, ԱՄՆ-ը, որ ոչ թե բազմազգ, այլ անազգ պետություն է, ժամանակ առ ժամանակ անհանգստություն է ունենում, քաղաքականություն է վարում այս կամ այն ազգային համայնքի՝ մեքսիկացիների, աֆրոամերիկացիների, չինացիների, հնդկական համայնքի հետ։ Երբ նրանց թիվը հասնում է վտանգավոր սահմանի, պետական այրերը անհանգստություն են դրսևորում:
– Վտանգավոր է նաև ժողովրդագրական միատարրությունը: Ազգային փոքրամասնությունները ցանկացած երկրի գույնն են, հետաքրքրությունն ու ամենակարևորը՝ զարգացման ազդակը:
– Ի վերջո ինտեգրացիոն գործընթացները կբերեն նրան, որ մոնոէթնիկ երկրներ չեն լինի: Մոնոէթնիկ երկիրն անընդհատ փակ, ամբողջատիրական երկիր դառնալու վտանգի առաջ է: Եթե մենք ժողովրդավար երկիր ենք, պիտի պատրաստ լինենք այն բանին, որ այստեղ իրավունք ունենան ապրելու բոլոր ազգերը, անկախ իրենց հավատալիքներից ու մաշկի գույնից: Իհարկե, դա երբեք չպիտի հակասի երկրի ընդհանուր շահերին:
– Ամփոփենք։ Մեր երկիրն ի՞նչ ունի անելու ռուսական համայնքը չկորցնելու համար։
– Ամենամեծ անելիքը եղածը պահպանելն է: Ապա պետք է մտածել առաջ շարժվելու մասին։ Վերևում ես խոսեցի մեր համայնքի լեզվակրթական վիճակի դրական կողմերի մասին։ Բայց անելիքներ իսկապես շատ կան։ Չէ՞ որ մեծ համայնքում շատ խնդիրներ մեխանիկորեն լուծվում են, որոշ խնդիրներ չեն էլ առաջանում։ Որպես օրինակ՝ ռուսական մեծ, համահավաք բնակավայրերում մայրենիով կրթվելու խնդիր չկա, իսկ փոքր բնակավայրերում, որտեղ մեկ-երկու ռուսական ընտանիք կա, և տեղի դպրոցը չունի ռուսական դասարան, երեխաները հայկական դպրոց են հաճախում:
Մի կարևոր խնդիր էլ։ Մենք ունենք ավագ սերնդի հրաշալի մանկավարժներ: Նրանք իրենց գիտելիքները, փորձը երիտասարդ մասնագետներին փոխանցելու խնդիր ունեն: Քչերն են ընտրում մանկավարժությունը, քանի որ վարձատրությունը գայթակղիչ չէ: Այդ խնդիրն անկասկած միայն ռուսական համայնքը չէ, որ ունի։ Ավելին․ կարծում եմ՝ մանկավարժների որակի առումով այդ խնդիրը հայկական դպրոցներում էլ կա։
Զրույցը վարեց Երազիկ Գրիգորյանը