Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հայերեն բառերով, բայց օտար մտածողությամբ ձևավորված կառույցներ [10 դեպք]

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Մեր գրավոր և բանավոր խոսքում աչք են ծակում և ականջ են սղոցում օտար այն բառերը, որոնց հայերեն ընդունելի համարժեքները կան։ Սրանք արմատախիլ անելը դժվար չի թվում, որովհետև օտար տարրը խոսքում հեշտ զանազանվում է։ Մնում է իմանալ հայերեն համարժեքը և դրանք գործածելու որոշում կայացնել։
Հայերեն բառերով, բայց օտար մտածողությամբ ձևավորված կառույցների  հարցն ավելի նուրբ է, քանի որ արտաքուստ խոսքի կազմիչները մայրենի լեզվով են։ Եվ ոմանք չեն զգում, որ ասվածն իրականում հայերեն չէ։
Օտարաբան կառույցների բազմաթիվ դեպքեր կան. ներկայացնենք դրանցից ընդամենը 10-ը։

 

  1. Ժողովրդի մոտ այնպիսի համոզմունք է ձևավորվել, որ ոչինչ փոխել հնարավոր չէ։

Իսկ ժողովրդի կողքին կլինի՞, գուցե շո՞ւրջը… Համոզմունքը ձևավորվել է ժողովրդի մեջ։

 

  1. Նախագահը գտնում է, որ հարցը պիտի նորից քննարկվի։

Ո՞վ էր կորցրել, որ նախագահն էլ գտնում է… Անխաթար հայերեն կլինի այսպես՝ «Նախագահը կարծում է՝ համոզված է»։

 

  1. Հաճախ կարող ենք լսել՝ «Ո՞նց ես կարծում, նա կհաղթի՞»։

Հայերեն կասենք՝ «Ի՞նչ ես կարծում, նա կհաղթի՞»։

 

  1. Ո՞նց-ը սխալ է նաև «Անունդ ո՞նց է» հարցման մեջ։

Ոմանք, իբր գրականացնելով ո՞նց-ը, ասում են «Անունդ ինչպե՞ս է»։ Երեխաներն այս հարցին երբեմն լուրջ-լուրջ պատասխանում են՝ «Լավ է»։ Երեխային պիտի հարցնել. «Անունդ ի՞նչ է»։ Իսկ մեկի որպիսությունն իմանալու համար, բնականաբար, հարցնում ենք՝ «Ո՞նց ես» կամ «Ինչպե՞ս եք»։

 

  1. Երկար տարիներ Զ. Կիրակոսյանը հանդիսացել է այդ գործարանի փոխտնօրենը։

Ինչո՞ւ հանդիսացել, ո՞ւմ է պետք բառային այս պաճուճանքը։ Հետո էլ ասում ենք, թե հայերեն խոսքը երկար է։ Ուղիղ կարող ենք ասել տնօրենն է եղել կամ էլ տնօրենն էր։

 

  1. Այն իրենից ներկայացնում է դեղնավուն թափանցիկ հեղուկ։

Ի՞նչ է նշանակում «իրենից ներկայացնում է». ոչինչ։ Նույն միտքը մաքուր և ճիշտ հայերենով կլինի այսպես՝ «Այն դեղնավուն թափանցիկ հեղուկ է»։

 

  1. Քեզ հետ ինչ-որ բա՞ն է պատահել։

Հե՞տ։ Առանց հետ-ի պիտի ասվի՝ «Քեզ ինչ-որ բա՞ն է պատահել»։ Սա՛ է ճիշտ հայերենը։  Անշուշտ ճիշտ է «Քեզ հետ կգնամ թեկուզ աշխարհի ծայրը» նախադասությունը, որտեղ հետ– ն իրեն բնորոշ միասնության իմաստով է գործածվել։

 

  1. Հանրության տարբեր խմբերում այդ մարդիկ մեծ աշխատանք են տանում։

Ո՞ւր են տանում, ինչո՞ւ են տանում, գուցե նաև բերո՞ւմ են, ո՜վ գիտի։ Այնինչ պարզ ու հստակ կարող ենք ասել. «Հանրության տարբեր խմբերում այդ մարդիկ մեծ աշխատանք են անում (կամ կատարում)»։

 

  1. Բանը նրանում(ն) է, որ ես ներկա չեմ եղել ժողովին։

Տարօրինակ է այս «բանը նրանում(ն) է» արտահայտությունը, որովհետև հայերեն մտածողության հետ կապ չունի։ Ոմանք ուղղում են, թե պիտի ասել՝ «Բանն այն է», մենք էլ ավելացնում ենք, որ կարող ենք առհասարակ հրաժարվել չարաբաստիկ «Բանը նրանում(ն) է»-ից։ Այդ դեպքում նախադասությունը կլինի այսպիսին՝ «Ես ներկա չեմ եղել ժողովին» կամ «Գիտե՞ք, ես ներկա չեմ եղել ժողովին» և կամ «Ասեմ, որ ես ներկա չեմ եղել ժողովին» և այլն։

Սրա «ազգականներն» են հարցը նրանում է…, խնդիրը նրանում է…, որոնց ճիշտ տարբերակներն են հարցն այն է…, խնդիրն այն է…։

 

  1. Իմ ունեցած միակ ակնոցները սրանք են։

Սխալ է, երբ խոսքը մեկ ակնոցի մասին է։ Իսկ եթե մի քանիսը լինեն, ապա, ինքնըստինքյան հասկանալի է, կասենք ակնոցներ։ Հաճախ էլ ասում են ակնոցներ է կրում։ Հայերեն մտածողությամբ պիտի ասվի ակնոց է դնում։

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook