Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (1-ին թողարկում)

Հայտնի իրողություն է, որ լեզուներն առանց փոխառությունների չեն լինում: Դրանք  եղել են, կլինեն և մերժելի չեն, եթե անհրաժեշտաբար են փոխառվել: Իրողություն է նաև, որ ամեն լեզու փորձում է հնարավորինս զերծ մնալ օտար բառերից՝ ստեղծելով դրանց համարժեքները: Երբ տվյալ լեզվում ստեղծվում է համապատասխան բառը, որը հասարակությունն ընդունում է, փոխառությունը դառնում է օտարաբանություն:

Ի տարբերություն փոխառության՝ օտարաբանությունը մերժելի է, որովհետև նախընտրելով օտարաբանությունը՝ նսեմացնում ենք մայրենի լեզուն, խանգարում նրա բնականոն ընթացքը: Հայերեն շատ բառեր, ցավոք, երբեմն անտեսվում են:

Նկատի ունենալով վերը ասվածը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

ստորև  բերված օտար բառերի փոխարեն գործածել հայերեն համարժեքները.

  1. աբոնեմենտ – բաժանորդագիր
  2. աբստրակտ – վերացական
  3. աբսուրդ –անհեթեթություն,  անհեթեթ
  4. ամբիցիոզ – հավակնոտ      
  5. ավտոռեֆերատ – սեղմագիր
  6. ատեստատ – վկայական
  7. բալանս – հաշվեկշիռ
  8. դեֆիցիտ – պակասուրդ
  9. դիվիդենտ – շահաբաժին
  10. դիսերտացիա – ատենախոսություն
  11. դիսպետչեր – կարգավար
  12.  էմոցիա – հույզ
  13. իմիջ – կերպար
  14. ինվալիդ – հաշմանդամ
  15. ինվեստիցիա – ներդրում
  16. լեգիտիմ – օրինական, օրինակարգ
  17. լոգիկա – տրամաբանություն
  18. կոլեգիա – վարչանի
  19. կոմպետենտ – 1. իրազեկ, 2. իրավասու
  20.  կոմպրոմիս – փոխզիջում
  21. կոնցեպցիա – հայեցակարգ
  22. կրեատիվ – ստեղծագործ
  23. մաքսիմում – առավելագույն
  24.  մենեջմենտ / մենեջմենթ – կառավարում
  25.  մոնոպոլիա – 1. մենաշնորհ, 2. մենատիրություն
  26.  մոնոպոլիստ – 1. մենաշնորհյալ, 2. մենաշնորհատեր
  27.  մենտալիտետ / մենթալիտետ – մտածելակերպ
  28.  մինիմում – նվազագույն
  29.  նեգատիվ – բացասական
  30. շանս – հնարավորություն
  31.  չեկ / չեք– վճարագիր, անդորրագիր
  32.  պոզիտիվ – դրական
  33.  պոպուլիզմ – ամբոխահաճություն
  34.  պոպուլիստ – ամբոխահաճ
  35.  պրակտիկ – գործնական
  36. պրինտեր – տպիչ
  37.  ռեալ – իրական
  38. ռեյտինգ – վարկանիշ
  39. սանկցիա(ներ) – պատժամիջոց(ներ)
  40. սիմվոլ – խորհրդանիշ
  41.  սիմվոլիկ – խորհրդանշական
  42.  սիստեմ – համակարգ
  43. սիտուացիա – իրադրություն, իրավիճակ
  44.  ստատիստիկա – վիճակագրություն
  45.  տրենաժոր – մարզասարք
  46. քսերոքս – պատճենահան
  47.  քրոնիկոն – ժամանակագրություն
  48. օպոնենտ – ընդդիմախոս
  49. ֆեյք – կեղծ
  50. ֆորում – համաժողով

Լեզվի կոմիտեն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվար սոցիալական հարթակներում հրապարակել է հորդորակ, նյութեր և հարցումներ դպրոցներում ուսուցչին դիմելու հայերեն ձևերի մասին։

➡️Ամբողջական՝ https://bit.ly/3a3kT7s

Հիշե՛ք

Բժշկական այս գործիքը, որն օգտագործում են վիրահատությունների ժամանակ, կոչվում է ՆՇՏԱՐ։
#ՉԱՍԵՔլանցետ

Կոտայքի Ավան գյուղը Երևանի այժմյան Ավան թաղամասն է: Անցյալում «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից: «Ավան» բառով կազմվել են շատ բնակավայրերի անուններ՝ Ստեփանավան, Սևակավան, Արտավան, Բերքավան և այլն:

ԻՆՉՊԵՍ ԵՆ «ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ» ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

Բառաչել - կով, եզ, ցուլ
Մկկալ - այծ
Մայել - ոչխար
Խռխռալ, խռնչալ - խոզ
Խրխնջալ, վրնջալ - ձի
Զռալ - ավանակ
Մռնչալ - վայրի գազաններ՝ առյուծ, վագր, արջ և այլն
Մլավել, մռլտալ, մռմռալ - կատու
Հաչել, կլանչել, կաղկանձել - շուն
Ոռնալ - գայլ

«Կոնդ» անվանումը տիպական է այն տեսակետից, որ հասարակ անունը դառնում է հատուկ տեղանուն: Բնակավայրը Կոնդ է կոչվել բարձր դիրքի պատճառով: Հայերեն նշանակություններից մեկն է «բլուր, բլրակ, թումբ»:

Կոնդի մի մասը հնում կոչվել է Ծիրանի թաղ:

Ավելին