Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հայոց լեզվի նկատմամբ պետական վերաբերմունքի դրսևորումները Հայաստանի Հանրապետությունում 1918-1920 թթ.

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Հայաստանը անկախ հռչակվեց հայ ժողովրդի համար պատմական ծանրագույն պայմաններում. Օսմանյան կայսրության  իրականացրած ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանի հայությունը բնաջնջվել էր իր բնօրրանում, ողջ մնացածներն արտաքսվել էին հայրենի երկրից կամ սփռվել աշխարհով մեկ, Արևելյան Հայաստանը լցված էր հարյուր հազարավոր գաղթականներով, երկրի տնտեսությունը քայքայված էր,  մոլեգնում էին սովն ու համաճարակը…

Կործանարար հարված էր հասցվել նաև հայոց լեզվին. բնաջնջվել էր հայերեն (արևմտահայերեն) խոսողների զգալի մասը, հայոց պատմական հողերի վրա հայերենն այլևս չէր գործառում իբրև հայ հանրության հաղորդակցության միջոց:

Իսկ ինչպիսի՞ն էր լեզվական իրավիճակը Հայաստանի արևելյան հատվածում՝ նորանկախ Հայաստանի Հանրապետությունում: 1828-ից (մասամբ 1801-ից) Ռուսական կայսրությանը միացված Արևելյան Հայաստանում պետական մարմինների, դատարանի և բանակի լեզուն ռուսերենն էր: Ռուսական շուրջ հարյուրամյա իշխանության անմիջական հետևանքն էր, որ անկախ դարձած Հայաստանի պետական մարմիններում սկզբնական շրջանում գործավարության լեզուն գրեթե համատարած ռուսերենն էր, պաշտոնյաների զգալի մասը հայերեն չգիտեր կամ ուղղակի չէր ուզում գրել կամ խոսել երկրի  մայրենի լեզվով: Նույն պատկերն էր  հայոց բանակում:

1918-1920 թթ. հայաստանյան մամուլը հաճախ է անդրադարձել հայերենի, ապա նաև հայերենի և երկրի այլ լեզուների գործառության հարցերին: Այդ խնդիրներին կարևոր, ինչպես և հպանցիկ անդրադարձներ եղել են Հայաստանի խորհրդարանի և կառավարության նիստերի ընթացքում: Դրանց շարքում ամենակարևորը, անտարակույս,  հայերենը պետական լեզու հռչակելու պատմական փաստն էր (իր բոլոր դրական հետևանքներով):

Հետևենք խնդրի արծարծմանը ժամանակի մամուլում, ինչպես նաև պետական իշխանության բարձրագույն մարմինների նիստերի ընթացքում հարցին առնչվող քննարկումներին, ապա և ձեռնարկած քայլերին: Այդ կերպ կարող ենք որոշակի գաղափար կազմել երկրում տիրող լեզվական իրավիճակի, Առաջին հանրապետությունում սաղմնավորված, ապա հստակ ձևավորված լեզվական քաղաքականության մասին: Պետական լեզվաքաղաքականությունը վերաբերում է ինչպես հայերենի, այնպես էլ երկրի ազգային փոքրամասնությունների լեզուների կարգավիճակին և գործառությանը հանրային կյանքի տարբեր ոլորտներում:

Անկախության հռչակումից շուրջ մեկ տարի անց՝ 1919 թ. ապրիլին, ՀՅ Դաշնակցության երկրի կենտրոնական կոմիտեի  «Աշխատանք»  թերթը «Հայ լեզւի պաշտպանութիւնը» վերնագրի ներքո գրում էր.

«Հայաստանի Կառավարութիւնն իր պաշտօնաթերթը՝ «Կառավարութեան Լրաբերը», կը հրատարակէ ռուսերէն լեզւով: Հայաստան և ռուսերէն[1]:

Վերջերս «Վան քոփերաթիւր» սկսած է ռուսերէն նամակներ ստանալ Հարկային Տեսչութենէն և այլ պետական հաստատութիւններէ: Ղրկւած նամակները յետ վերադարձւած են, յայտնելով յիշեալ հաստատութիւններուն, որ պետական լեզւով միայն  գրութիւններ կրնան ընդունիլ:

Արևմտահայ Գործադիր Մարմինը նոյնպէս ետ է ղրկած ելևմտական նախարարութենէն ստացած ոչ պետական լեզւով գրւած գրութիւնը»[2]:

Հակիրճ, բայց և չափազանց խոսուն: Հարկ է ուշադրության առնել այն, որ ռուսերենի գերակայության դեմ պայքարում հատկապես գործուն մասնակցություն ունեին Հայաստանի Հանրապետությունում հաստատված արևմտահայ գործիչները և մտավորականները, որոնք արտահայտում էին ռուսերեն բոլորովին չիմացող արևմտահայ գաղթականության շահերը: Թեպետ ռուսերենի չիմացությունը բնորոշ էր նաև արևելահայ ժողովրդական զանգվածներին:

Խնդիրը միայն ռուսերեն հասկանալ-չհասկանալը չէր, այլ այն, որ օտար լեզուն փաստացի պետական-պաշտոնական գրագրության լեզու էր դարձել: Այդպիսով կասկածի տակ էր առնվում Հայաստան պետության անկախությունը: Ահա թե ի՛նչ է գրված ՀՅԴ Հայաստանի կենտրոնական և Երևանի քաղաքային կոմիտեների «Հայաստանի աշխատաւոր» թերթի 1919 թ. ապրիլի 27-ի համարի «Հայերեն» վերնագրով խմբագրականում. «Որքան էլ ցաւալի, բայց դառն ու տխուր փաստ է, որ Հայաստանի հանրապետութեան պետական լեզուն օտար և ժողովրդի մեծամասնութեանը անհասկանալի լեզու է: Այդ դեմոկրատական-պետական անոմալիան, մայրենի և ժողովրդին հասկանալի լեզւի վտարումը պետական հաստատութիւններից մեր կառավարութեան գլխաւոր արատներից մէկն է: Այդ և մի շարք այլ պատճառներով է, որ մեր հանրապետութիւնը որոշ գոյն չունի, որ դա միայն անունով է Հայաստան: Այլապէս չգիտես՝ թէ ինչ երկիր ու պետութիւն է այս»[3]:

Ավելի վաղ՝ 1918 թ. սեպտեմբերի 13-ին, խորհրդարանի 18-րդ նիստի ժամանակ, պատգամավոր Ա. Խոնդկարյանը, օրենքներ հրատարակելու օրինագծի վերաբերյալ իր առաջարկությունը պնդելով, ավելացնում է, որ «այդ գործը դատարանին հանձնելը գործնական տեսակետից էլ անհարմար է, որովհետև այնտեղի ծառայողները հայոց լեզու չգիտեն»[4]: Իսկ օրեր անց՝ 1918 թ. սեպտեմբերի 17-ին, հաջորդ՝ 19-րդ նիստում, պատգամավոր Գ. Ենգիբարյանը արդարադատության նախարարին քննադատում է, որ վերջինս հայերեն չիմացողների է նշանակել տարբեր պաշտոններում[5]:

Սա պարզորոշ ցույց է տալիս, որ երկրում լրջորեն ծառացել էր պաշտոնեության շրջանում հայերենի չիմացության հիմնախնդիրը, որը մեծ խոչընդոտ էր պետական և հասարակական մարմինների բնական գործունեության համար. խզված (կամ ընդհատ) էր պետական, դատական և այլ հաստատությունների կապը հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև արևմտահայ գաղթականների հետ:

1919 թ. սեպտեմբերի 26-ին կառավարության 160-րդ նիստում (Ա. Խատիսյանի նախագահությամբ) լսվել է հանրային կրթության մինիստրի զեկուցումը պաշտոնյաների համար հայոց լեզվի դասընթացներ բանալու մասին: Որոշվել է հանձնարարել ներկայացնել բոլոր մինիստրությունների պաշտոնյաների համար դասընթացներ հիմնելու մասին[6]:

Թեև հայերենը պետական լեզու չէր հայտարարվել, 1918 թ. օգոստոսի 6-ին խորհրդարանի 4-րդ նիստում վարչապետ Հ. Քաջազնունին ասում է, որ քննարկելի է  լեզուների հարցը. հարկավոր է օրինագիծ մշակել, իսկ մինչ այդ «կառավարությունը պետական լեզուն ընդունելով հայերենը՝ դրա հետ միասին թույլ է տալիս տեղական մյուս լեզուների գործածությունը»[7]: Փաստորեն հստակ ընդգծվում էր, որ պետական լեզու պիտի համարվի հայերենը, սակայն հանրապետության խորհրդարանում այդ հարցը քննարկվել է  ավելի ուշ:

Մինչ այդ պետությունը ձեռնամուխ էր եղել հայերեն չիմացող պաշտոնյաների համար հայոց լեզվի դասընթացներ սկսելուն  և ֆինանսավորել այդ գործը:

1919 թ. նոյեմբերի 28-ին խորհրդարանի 41-րդ նիստում պատգամավոր Պերճուհի Բարսեղյանը ներկայացնում է «Պաշտոնյաների համար հայոց լեզվի դասընթացներ հաստատելու օրինագիծը»՝ բառացի ասելով. «Ամենքիդ հայտնի է, որ պաշտոնյաների մեծ մասը հայերեն չգիտե, և շատ հիմնարկությունների մեջ գործավարությունը տարվում է օտար լեզվով: Այս աննորմալ երևույթի դեմ կռվելու համար է, որ առաջարկվում է ներկա օրինագիծը»: Պատգամավորը հայտնում է շտապողականություն, քննարկումից հետո օրինագիծն ընդունվում է[8]:

Մեծագույն ձեռքբերում էր հայերենի դիրքերի յուրաքանչյուր ամրապնդում:

1919 թ. հունիսի 4-ին խորհրդարանի 87-րդ նիստում ծավալուն (երկուսուկես ժամանոց) զեկուցմամբ հանդես է գալիս վարչապետ Ալ. Խատիսյանը: Վարչապետը հայտնում է, որ հիմնված է դատաստանական պալատ, որտեղ անցյալ օրը տեղի է ունեցել առաջին նիստը՝ հայոց լեզվով: Անկախության հռչակումից մեկ տարի անց հայերենով անցկացված նիստի փաստն արժանանում է ներկաների (խորհրդարանի անդամներ և հասարակության ներկայացուցիչներ) բուռն ծափերին[9]:

Լեզվական իրավիճակի փոփոխությունն ընթանում էր դանդաղ, հայերենն իր բնական իրավունքին մեծ դժվարությամբ էր տիրանում: 1919 թ. գարնանը Հայաստանում սկիզբ էր առել մի շարժում, որը հայտնի է «Հայացում» անունով (սա պետք է հասկանալ որպես «հայերենացում»[10]):

1919 թ. ապրիլի 17-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ հայերեն թերթերի ներկայացուցիչների առաջին ժողովը, որին մասնակցում էին «Աշխատանքի» խմբագիր Հմ. Մանուկյանը, «Հայաստանի աշխատավորի» խմբագիր Վ. Խորենին, «Աշխատանքի կոոպերացիայից»՝ Զ. Կորկոտյանը, «Վան-Տոսպից»՝ Ա. Ավետիսյանը: Ժողովը կայացրեց գործնական մեծ նշանակություն ունեցող որոշումներ.

  1. Կոչ ուղղել պետական, հասարակական ու մասնավոր հիմնարկություններին՝ խոսել ու գրել հայերենով:
  2. Մերժել ոչ հայերենով գրություններ, լուրեր ու հայտարարություններ ընդունելը: Բացառություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ նրան «ընկերանա» հայերենը, և կամ այն ոչ հայերի կողմից է տրվել:
  3. Պահանջել հայերենի պաշտոնականացում, իսկ մյուսների գործածությունը թույլատրել միայն որպես օժանդակ լեզուներ:
  4. Թերթերի մեջ ունենալ «հայացման» բաժին, ուր տպվելու են լուրեր թե՛ դրական և թե՛ բացասական, նույնիսկ ագիտացիոն բնույթ ունեցող՝ հայոց լեզվի գործածության շուրջ[11]:

Կազմվում է «Հայացման կոմիտե», որի մեջ մտնում են ներկաները, ինչպես և հրավիրվում են մասնակցելու բացակա թերթերի, նախարարությունների և քաղաքապետարանի ներկայացուցիչները, այն բաց էր լինելու՝ ընդունելու նոր անդամների: Կոմիտեն զբաղվելու էր նաև գործնական խնդիրներով՝ ցուցումներ տալով և օգնելով, որ տարբեր հիմնարկություններ արագ հայացվեին:

Դրվեց մեծածավալ լեզվաքարոզչության սկիզբը:  Հայացման շարժում հայտարարելուց տասն օր անց՝ 1919 թ. ապրիլի 27-ին, «Հայաստանի աշխատաւոր» թերթի 2-րդ և 3-րդ բացվող էջերի խորագիր է դառնում խոշորագիր հետևյալ կոչը՝ «Քաղաքացինե՛ր, պահանջեցէ՛ք, որ հայերէնը պետական լեզու ճանաչւի: Պահանջեցէ՛ք, որ ձեզ հետ խօսեն ձեզ հասկանալի լեզւով»[12]:

Հայացման կոմիտեի քարտուղարությունն ընդունում է «Կոչ Հայաստանի քաղաքացիներին», որում նկարագրվում է պետական, հասարակական հիմնարկություններում հայերենի գործառության տեսանկյունից տիրող բավական տխուր լեզվական վիճակը. «Շուտով կը լրանայ մէկ տարին, ինչ մենք մեզի անկախ ենք հռչակած ու մեր երկրի տէրը դարձած: Բայց այն օրւնէ մինչ այսօր դեռ մեր պետական, հասարակական հիմնարկութիւնները մեզ համար մնացած են օտար, կարծես ըլլային մեր անհարազատ, խորթ որդիները:

Պետական պաշտօնատները մինչև այսօր ալ ոչ միայն իրենց ամբողջ գրագրութիւնը կը կատարեն ռուսերէն լեզւով, այլև չեն ընդուներ այն գրութիւնները, որոնք հայերէնով, մեր մայրենի լեզւով են գրւած:

Սանձարձակութիւնն ու արհամարհանքը մեր տարիներով պայքարած սկզբունքներին՝ իրենց չափն ու սահմանը անցուցած են»[13]:

Հայացման կոմիտեն հանուն հայերենի իրավունքների հաստատման Հայաստանի քաղաքացիներին կազմակերպվելու և անդուլ պայքարի բաց կոչ է անում: Կոչը, ժամանակակից լեզվով ասած, անգամ քաղաքացիական անհնազանդության տարրեր է պարունակում.

«Քաղաքացինե՛ր, կազմակերպւած ու սիստեմատիք պայքար մղեցէք այդ օտարամոլների և հայատեացների դէմ:

Պահանջեցէ՛ք ամեն տեղ պետական լեզուն:

Հասարակական հիմնարկութիւններից  դուրս վտարեցէք անոնց , որոնք պետական լեզուն չգիտեն և կամ զայն արհամարհելով կը սիրեն ուրիշ լեզւով խօսել և գրել:

Մի՛ ընդունէք, մերժեցէք, ետ ճամբեցէք այն բոլոր գրութիւնները, որոնք պետական լեզւով չեն գրւած:

Մի՛ յաճախէք այն խանութները, սրճարաններն ու այլ վայրերը, որոնց ցուցանակներու վրայ պետական լեզուն տեղ չէ գտած:

Պահանջեցէ՛ք, որ դատարանի մէջ ձեզ լսեն ձեր մայրենի լեզւով:

Պահանջեցէ՛ք, որ օրէնքներն ու հրամանները հրատարակւին անպայմանօրէն պետական լեզւով:

Պէտք է որ ամեն հիմնարկութիւն ճանչնայ հայերէն լեզւի պարտադրութիւնը:
Քաղաքացինե՛ր, ձեր պահանջը արդարացի է և ատոր համար եղէք յամառ, անխնայ ու աններող: Զարկեցէ՛ք, հարուածեցէ՛ք բոլորին, ամեն տեղ ու ամեն պարագային»[14]:

Կոչը գրված է այնպիսի հայերենով, որի մեջ կան ինչպես արևելահայերենի տարրեր (հիմնարկութիւններից), այնպես էլ արևմտահայերենի բազմաթիվ իրողություններ (ըլլային, անոնց, ցուցանակներու, տեղ չէ գտած, ատոր, ճանչնայ և այլն): Սա ուշագրավ լեզվական որակ է, ինչպես նաև պարզորոշ վկայություն, որ արևմտահայերն ակնհայտ շահագրգռվածություն են ցուցաբերում պետական-պաշտոնական գործավարությունը ռուսերենի տիրապետումից ազատելու համար:

Հարկ է նշել, որ կոչում նշված որոշ քայլեր այժմեական են եղել նաև Խորհրդային Հայաստանում, մեկ-երկուսը տակավին արդիական են մեր օրերում:

Սկիզբ առած հայացման շարժումը լայն արձագանք գտավ մանավանդ մամուլի հետևողական աշխատանքի շնորհիվ: Շուտով կատարվեցին առաջին շոշափելի քայլերը: Հայացման շարժման ազդեցությամբ մայիսի 15-ին ներքին գործերի նախարարությունը հրապարակեց հետևյալ շրջաբերականը. «Առաջարկում եմ այսուհետև գավառում բոլոր գրագրությունը գավառական, հասարակական և գյուղական կոմիսարների և նմանապես բոլոր հիմնարկությունների պաշտոնյաների հետ վարել հայերեն՝ հասկացնելով ազգաբնակչության, որ խնդիրները, բացատրությունները հիմնարկություններին և պաշտոնյաներին պետք է գրել հայերեն: Նոր պաշտոնյաներին ընդունելիս պետք է պահանջել և գերադասություն տալ նրանց, որոնք տիրապետում են հայոց լեզվին: Թե գավառական կոմիսարների և թե բոլոր ստորադրյալ պաշտոնյաների կազմած արձանագրությունները պետք է լինեն հայերեն, իսկ եթե մեղավորը հայ չէ, արձանագրությունը կարելի է կազմել և ռուսերեն: Կարգադրեցեք, որ բոլոր հայ գյուղերում համախոսականներ, հրամաններ և, ընդհանրապես, ամբողջ գործավարությունը կազմվեն և կատարվեն հայերեն»[15]:

Հայացման շարժումն ընդգրկում է ողջ երկիրը: Հայաստանի խորհրդարանում ևս անդրադարձ է կատարվում պետական մարմինների հայացմանը (բառը պետական-պաշտոնական մակարդակով գործածվում էր հայոց լեզվի իրավունքները հաստատելու իմաստով): Հայացումը հետագայում դիտվել է Հայաստանի առաջին հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական բնորոշիչը[16]:

1919 թ. հունիսի 4-ին խորհրդարանի արդեն հիշատակված նիստում  վարչապետ Ալ. Խատիսյանը նշում է, որ «հայ պաշտոնեության մեջ կան բազմաթիվ հայերեն չիմացողներ, որոնց աջակցությունը հայրենիքի վերստեղծման գործում անհրաժեշտ է: Ունենք ռուս պաշտոնյաներ բոլորովին հայերեն չգիտեցող: Նախարարությունների մեջ հայացումն աստիճանաբար առաջ է գնում: Զինվորական և արդարադատության նախարարություններն են զուտ ռուսերենով գործողները: Մի քանի նախարարություններ գործը տանում են զուտ հայերենով, Նախարարական խորհրդում նույնպես»[17]: Ասվում էր նաև, որ կառավարությանը կից հանձնաժողովը (գործերի կառավարիչ Գ. Խատիսյանի նախագահությամբ) մշակել է հայացման օրինագիծ, «կարգադրված է հայերեն մտցնել այն զորամասերում, որտեղ հնարավոր է, որոշ զորամասերում մտել է արդեն: Հայերեն հեռագրեր են ստացված»: Հայերեն հեռագիր ստանալու փաստը հայոց խորհրդարանում արժանանում է բուռն ծափերի:

Փաստ է, որ անկախություն հռչակած Հայաստանում հայերենը պետական լեզու է հայտարարվել ավելի ուշ, թեև հայոց լեզուն թե՛ ժողովրդի և թե՛ կառավարության ու խորհրդարանի անդամների կողմից բնականորեն ընկալվում էր որպես պետական:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Հայաստանում կային քաղաքական ուժեր և հասարակական խմբեր, որոնք քննադատում էին հայացման գործընթացը և նրա մեջ ազգայնականություն տեսնում: Այդ մասին պարզորոշ գրված է «Ազգայնացո՞ւմ, թե հայացում» վերնագրով հոդվածում, որ լույս է տեսել Հայաստանի սոցիալիստ-հեղափոխականների կուսակցության թերթում[18]: Այստեղ առանձնահատուկ մատնանշվում է Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզվի (լեզուների) իրավունքների խնդիրը՝ հայացման քաղաքականությունը որակելով հակադեմոկրատական:

Երկրի և ազգի համար պատմական իրադարձությունը՝ հայերենը պետական լեզու հայտարարելը, տեղի է ունեցել խորհրդարանի 52-րդ նիստում, որը գումարվել է 1919-ի տարեվերջին՝ դեկտեմբերի 24-ին (նիստը վարում էր խորհրդարանի փոխնախագահ Լ. Շանթը): Ազգային-պետական հսկայական նշանակություն ունեցող այս հարցի շուրջ ծավալվել է բուռն ու երկարատև քննարկում[19] (նիստի աշխատանքն ավարտվել է գիշերվա ժամը 11-ին):

Հայոց լեզվի պետականացման օրինագծի մասին զեկուցում է Հ. Տերտերյանը: Ասվում է, որ պատգամավոր Հ. Մանուկյանն օրինագիծ է ներկայացրել հայերենի պետականացման մասին: Սակայն օրենսդրական հանձնաժողովը, օրինագծի հիմունքները ընդունելի համարելով, կարծում է, որ այն պիտի ենթարկվի մի քանի անհրաժեշտ փոփոխությունների, ուստի մշակել է երեք հոդվածից բաղկացած նոր օրինագիծ, որով հայերենը հռչակվում է պետական լեզու` բանակում և պետական-հասարակական հաստատություններում պարտադիր գործածվելու: Այլ լեզուների գործածության շրջանակները սահմանվելու են հատուկ օրենքով, իսկ մինչ այդ այլազգի քաղաքացիները իրավունք կունենան իրենց մայրենի լեզվով դիմումներ անելու: Գործնական քայլեր անելու և հայերենը պետական գործավարության լեզու դարձնելու համար առաջարկվում է երեք ամիս ժամանակ տալ[20]:

Քննարկման ժամանակ դրսևորվել են մի քանի մոտեցումներ՝

ա) լրամշակելով ընդունել օրենքը,  

բ) մերժել օրինագիծը՝ այն ուղարկելով լրամշակման,

գ) օրինագիծը մերժել, քանի որ ինքնին հասկանալի է, որ հայերենը Հայաստանի պետական լեզուն է,

դ) օրենք չընդունել, այլ հանդես գալ պետական լեզվի մասին հայտարարությամբ:

Անհրաժեշտ ենք համարում հանգամանալից անդրադառնալ լեզվի մասին օրենքի քննարկմանը, քանի որ այստեղ դրսևորվում են հասարակության տարբեր խավերի ու խմբերի, կուսակցությունների վերաբերմունքը հայերենի նկատմամբ, ինչպես նաև  բացորոշ ներկայացվում է հանրապետության լեզվական իրավիճակը, հայերենի գործածության իրական պատկերը, ուրվագծվում անելիքները և զարգացման հեռանկարները:

Պատգամավոր Հ. Մելիքյանը ընդգծել է, որ «պաշտոնեությունը հմուտ չէ հայերենին. շատ հիմնարկություններում կարևոր պաշտոնները գտնվում են օտարազգիների ձեռքին, այդպես է դատարանը, զինվորական նախարարությունը և այլն: Զինվորական հանձնաժողովը արդեն մտածել է զինվորական դիվանատները և հրամանները հայացնելու մասին և շատ տեղեր հրամանները տրվում են հայերեն» [21]: Հայացման համար նախատեսված եռամսյա ժամանակամիջոցը նա քիչ էր համարում՝ առաջարկելով դա անել աստիճանաբար, մեկուկես տարվա ընթացքում:

Պատգամավոր Հ. Մանուկյանը պարզաբանում էր, որ պահանջ չի դրվում, թե օտարազգիները երեք ամսվա ընթացքում հայերեն սովորեն. եթե կարևոր պաշտոնյաներ են, կարող են թարգմանչի միջոցով վարել գործը, «միայն թե հայ պաշտոնեությունը խոսի հայերեն և դատարանն էլ հայ մարդու դիմումին հայերեն պատասխան տա, կարծում եմ, որ այսքանը պահանջելու իրավունք ունենք»: Անհատ քաղաքացիներին օտար լեզվով դիմումներ անելու արգելք չկար, ուստի օրինագծում մատնանշված էին միայն հասարակական մարմինները[22]:

Օրինագիծը պարունակում էր որոշակի պարտադրանք, որ բխում էր ժամանակի պահանջից և Հայաստանում տիրող լեզվական իրավիճակից (մեկ այլ ելույթում նա նշում է, որ տուժողը ժողովուրդն է): Հ. Մանուկյանը դժգոհում էր, որ հայերենի պետականացման օրենքը չգործադրող պաշտոնյային ազատ արձակելու իր առաջարկությունն օրենսդրական հանձնաժողովը հանել է: Ապա հատուկ ընդգծում է, որ դա անհրաժեշտ է հարկադրանքի տեսակետից. «Մինչև այժմ հայերենը քմահաճույքի ենթակա է եղել, սրանից հետո պաշտոնեությունը հարկադրաբար պետք է գործադրե այն և եթե օրենքը պատժի ազդարարություն չանե, իրականացումը կդանդաղի»: Իր խոսքը պատգամավորը եզրափակում էր խոսուն նախադասությամբ. «Լեզուն անկախ Հայաստանի հիմնաքարերից մեկն է և քանի որ կառավարությունը ժողովրդի հետ չի խոսում մայրենի լեզվով, անկախությունը չի կարող իրական լինել»[23] (ընդգծումը մերն է.- Դ. Գ.): Սա լավագույն վկայությունն է, որ գիտակցվել ու մեծապես կարևորվել է հայերենի դերը հայկական պետության կայացման գործում:

Խորհրդարանի փոխնախագահ Ս. Տիգրանյանը նշում էր, որ  օրենսդրական հանձնաժողովը բառացի թարգմանել է Ռուսաստանի Հիմնական օրենքների երրորդ հոդվածը և որպես նոր օրինագիծ ներկայացրել խորհրդարանին: Նա պարզաբանում էր, որ նորանկախ Հայաստանը Ռուսաստանից ժառանգություն է ստացել օրենքների ժողովածու, որից վերցված որոշ հոդվածներ հակասում են հանրապետության իրավակարգին: Օրենքների մի մասն էլ վերցված, լրացված կամ փոփոխված է Անդրկովկասյան կոմիսարիատի, Սեյմի և Հայաստանի Խորհրդի ու պառլամենտի սահմանած կարգերով, մյուս հոդվածներն ու մասերը շարունակում են մնալ ուժի մեջ, մինչև որ նոր օրենքով փոփոխված կամ վերացված չհայտարարվեն[24]: Այնուհետև Ս․ Տիգրանյանը ներկայացնում է հիշյալ 3-րդ հոդվածը. «Ռուսերենը համապետական լեզու է և պարտադիր զորքում, նավատորմիղում ու բոլոր պետական ու հասարակական հիմնարկություններում», և քանի որ դա վերացված չէ, ապա պետական լեզվի գոյությունը չի հակասում հայաստանյան իրավակարգին, ուստի առաջարկում է միայն փոխել «ռուսերեն» բառը, որի փոխարեն ինքնին հասկացվում է «հայերենը»[25]:

Ըստ Ա. Խոնդկարյանի՝ պետությունը հռչակված է Հայաստան, այնինչ ոմանք ձգտում են հայկականի վերածել այն` հայերենը դարձնելով պետական լեզու. «լեզուն պիտի հարազատ լինի ոչ թե հայ, այլ Հայաստանի դեմոկրատիայի համար» և ապա նույն տրամաբանությամբ. «Հայաստանը ապազգային պետություն պիտի լինի …. Անդրկովկասի քայքայումից հետո ստեղծված Հայաստան պետությունը իր անունով, իր ծագման ու կազմակերպական հանգամանքներով բնորոշվում է որոշ ազգությամբ, հետևաբար նա ազգային պետություն է, և հայերենը` պետական լեզու. վերջին խնդիրը արդեն օրենքի ուժ ունի ռուսական հիմնական օրենքների 3-րդ հոդվածի համաձայն», ուստի «օրինագիծը …. մերժելի է, որովհետև այն, ինչ ուզում ենք հաստատել, արդեն հաստատված է»[26]:

Ս. Տիգրանյանի և Ա. Խոնդկարյանի հիշատակած ռուսական օրենքի 3-րդ հոդվածի առնչությամբ զեկուցող Հ. Տերտերյանը դիպուկ պատասխանում է. «Ռուսական օրենքը չի ենթադրում, թե Հայաստանում հայերենը պետական լեզու պիտի լինի, մենք հռչակել ենք Հայաստանի և ոչ հայկական հանրապետության, այնպես որ երբեք ըստինքյան հասկանալի չէ, որ հայերենը պետական լեզու է»[27]:

Ա. Աբեղյանը հակադրվում է մի կողմից իր այն գործընկերներին, որոնք կարծում են, թե օրինագծի հեղինակները շտապել են, մյուս կողմից էլ փոխնախագահ Ս․ Տիգրանյանին, որի  կարծիքով օրինագիծը միանգամայն ավելորդ է, որովհետև ինքնըստինքյան հասկանալի է: Ըստ Աբեղյանի՝ «Օրինագիծը բավական ուշացել է և թվում է, Հայաստանի անկախության հայտարարման օրը պետք է հայերենը պետական լեզու հռչակվեր»[28]:  Նա ներկայացնում է հանրապետության լեզվական իրավիճակը. հայերենի մասնակի գործադրությունը չի ապացուցում նրա պետական լինելը, հայերենը ոչ միայն իբրև պետական, այլ նույնիսկ իբրև տեղական լեզու արհամարհված է, հիմնարկությունների մեծ մասը վտարել է հայերենը, հայերեն չիմացող շատ պաշտոնյաներ այն չեն գործադրում[29]: Պատգամավորը եզրակացնում է, որ հայերենը հատուկ օրենքով պիտի պետականացվի, հայերեն չիմացող պաշտոնյաները պետք է աշխատեն սովորել լեզուն:

Սակայն այստեղ կրկին հապաղելու առաջարկություն է արվում: Հ. Սարգսյանի կարծիքով՝ անհնարին է հայերենի հարցը միանգամից լուծել, «որովհետև անհրաժեշտ պաշտոնյաներ կան, որոնք հայերեն չգիտեն, բայց որոնցից մենք հրաժարվել չենք կարող»[30]: Կողմնակից լինելով հայերենի պետականացման՝ նա առաջարկում է նոր օրինագիծ մշակել բոլոր մանրամասնություններով, այդ թվում հաշվի առնելով նաև այլազգիների հարցը: Այլապես միայն հայտարարություն պիտի արվի, որ հայերենը պետական լեզու է` մնացածը թողնելով ապագային:

Վ. Փափազյանը համոզված էր, որ «հայերենի պետականացումը կենսական խնդիր է»[31]: Առկա դրությունը նա բնական չէր համարում, ուստի կարծում էր, որ հայերենը պետք է հռչակել պետական, իսկ հայացումը՝ պարտավորեցուցիչ: Դրանից հետո կլինեն դրական հետևանքներ՝ կավելանան հայերեն իմացող մասնագետները, որոնք թարգմանություններ կանեն, հայերեն տերմիններ կստեղծվեն, գործավարական ոճ կմշակվի: Սա իրատեսական մոտեցում էր:

Պատգամավոր Ա. Հովհաննիսյանը կարծում էր, որ «Հայերենը պետական լեզու է անցյալ տարվա մայիսի 28-ից` այն օրից, երբ հայտարարվեց Հայաստանի անկախությունը»: Ըստ նրա՝ «այդ մասին վիճելը կնշանակե կասկածել, որ մենք անկախ ենք, կամ ցույց տալ, որ ուրիշ պետական լեզու կա. սակայն ամենքս գիտենք, որ այդպիսի բան գոյություն չունի, ռուսերենի գործածությունը մասնակի երևույթ է և մնացել է մինչև այժմ, որովհետև վերացնելու տեխնիկական հնարավորություն չի եղել»[32]:

Անվիճելի փաստ է, որ անկախության հռչակման հետ հայերենը պետական լեզու չի հայտարարվել, և երկրում լեզվական իրավիճակն աննպաստ էր հայերենի համար, որ նշանակում է՝ ազգային պետության համար:

Խ. Պապայանն արձանագրում էր, թե այն հիմնարկությունները, որտեղ հայացումն իրականացվել է, քննարկվող օրենքի կարիքը չունեն, սակայն այն անհրաժեշտ է, քանի որ շատ հաստատություններ հայացումը սկսելու ցանկություն չունեն, մեկ պաշտոնյայի համար ամբողջ գործավարությունը օտար լեզվով է կատարվում, շատ տեղերում նախապատվությունը տալիս են ռուսերեն իմացողներին, իսկ դատարանի քննիչի հայերեն գրված զեկուցումը հետ է տրվել: Այս ամենը պերճախոս փաստեր են օրենքի անհրաժեշտության, ուստի այն պիտի ընդունվի[33]:

Կ. Սասունին նշում է, որ երբ հռչակվել է անկախ Հայաստան, հայերենն էլ պիտի հռչակվեր պետական, բայց դա չի արվել: Նա հարց է տալիս. «Հայաստանում մի քանի գործածական լեզուներ կան, բնականորեն հարց է ծագում, թե հայերենը ի՞նչ տեղ է բռնում»[34]: Ձգտում կա պահել ռուսերենը մի փոքրամասնության համար, սակայն այդ ձգտումը կխորտակվի, որովհետև լեզվի հարցը քաղաքականից զատ գերազանցապես ժողովրդական բնույթ ունի: Պատգամավորը չէր կարծում, թե երեք ամսում հայացումը կավարտվի, գուցե երեք տարի է պետք դրա համար, բայց վստահ էր, որ արագ քայլերով պիտի գնալ դեպի պետականացում:

Երկարատև քննարկումից հետո երկու հոդվածից բաղկացած օրենքն ընդունվում է. Հայաստանի Հանրապետության պետական լեզու հռչակվում է հայերենը և պարտադիր դառնում պետական ու հասարակական հաստատություններում և բանակում: Հիմնարկությունները պարտավոր են վեց ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկել հայերենը պետական գործավարության պաշտոնական լեզու դարձնելու ուղղությամբ: Այլ լեզուների գործածությունը պիտի սահմանվեր հատուկ օրենքով[35]: 

1919 թ. դեկտեմբերի 26-ի օրենքով հայերենը հայտարարվեց պետական լեզու[36]:

Հայերենը հայության կյանքում պետական լեզվի գործառույթ չէր ունեցել Կիլիկյան հայկական թագավորության շրջանից[37] ի վեր, հինգ հարյուր տարուց ավելի: Աշխարհաբարը կամ նոր հայերենն իր երեքհարյուրամյա պատմության ընթացքում պետական լեզվի կարգավիճակ էր ստանում առաջին անգամ[38]: Ազգային պետության կայացման առումով հայերենի պետականացումը մեծ նշանակություն ունեցավ[39]:

Ընդունված օրենքը ՀԱՅԵՐԵՆԻ մասին էր, չկար որևէ տարբերակում՝ արևելահայերեն / արևմտահայերեն, որ հատվածականություն չդրսևորելու, նրանից վեր կանգնելու միանգամայն ճիշտ մոտեցում էր[40]: Այս մոտեցումը հետագայում որդեգրվեց Խորհրդային Հայաստանի, ապա և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ, նաև 1993 թ. ապրիլի 17-ին ընդունված «Լեզվի մասին» ՀՀ օրենքում: Թեև հայտնի է, որ հայերեն ասելով հասկացվում էր արևելահայերենը[41]:

Հայերենի հարցին զուգահեռ հայոց պետության ուշադրության կենտրոնում են եղել երկրի այլազգի քաղաքացիների լեզվական խնդիրները: Խորհրդարանի վերոհիշյալ նիստում, որի ընթացքում հայերենը պետական լեզու հռչակվեց, առաջարկություններ են արվել (Ա. Աբեղյան, Հ. Սարգսյան, Ա. Խոնդկարյան)՝ օրենքով ապահովելու այլազգի քաղաքացիների մայրենի լեզվի գործադրումը: Առաջարկվել է հայերենին վերաբերող օրինագիծը վերադարձնել հանձնաժողովին, քանի որ «անտես է առնված նաև այլազգիների լեզվի հարցը» (Ա. Մելքոնյան): Ա. Հովհաննիսյանը, զուգահեռ անցկացնելով Ռուսաստանի հետ, նշել է, որ այնտեղ ճնշվում էր փոքր ազգերի լեզուն, որի հետևանքով այդ ազգերն ատելությամբ էին լցված պետության հանդեպ, ուստի Հայաստանը չի կարող գնալ նույն ճանապարհով. փոքր ազգերի լեզուն պիտի ապահովվի Հայաստանի Հանրապետությունում: Արվել է առաջարկություն՝ օրինագիծը մերժելու և նորը (փոքր ազգերի լեզվի գործածության մասին) մշակելու և ոչ թե հայերենը պետականացնելու[42]:

Հայոց լեզվի խնդրին մասնակի անդրադարձ եղել է 1920 թ. հունվարի 3-ի խորհրդարանի 58-րդ նիստում: Գրագիտական, գրավարժական և հանրային համալսարանի օրինագծի մասին զեկուցում է Ա. Աբեղյանը՝ նշելով, որ ցարական կարգերի հետևանքով ժողովրդի զգալի մասը մնացել է անգրագետ, որ անհանդուրժելի է: Հանրային կրթության նախարարն առաջարկում է չափահասների համար բացել երեք կարգի դպրոց. անգրագետների համար՝ գրավարժական, գրաճանաչների` գրագիտական դասընթացներ և համարյա բոլոր քաղաքներում՝ ժողովրդական համալսարաններ: Դասընթացներում սովորելու են հայոց լեզու և թվաբանություն, ժողովրդական համալսարաններում` հումանիտար առարկաներ[43]:

Խորհրդարանում հայերենին առնչվող հարցերը միայն օրինաստեղծ ոլորտում չեն սահմանափակվել. հայերենի իրավունքների պաշտպանությունը դրսևորվել է նաև այլ կերպ: Այսպես. 1919 թ. ապրիլի 15-ի նիստին սոցիալիստ-հեղափոխական պատգամավոր Լ. Թումանյանն իր գրավոր մի հարցապնդումը հիմնավորելիս խոսում է ռուսերեն: Դաշնակցական խմբակցությունը պահանջում է հայերեն խոսել, սակայն պատգամավորն ընդդիմանում է, ընկերներն էլ սատարում են նրան: Անտեսվում է ներկա հասարակության պահանջը ևս: Իսկ երբ Ա. Խոնդկարյանն անվանարկում է ՀՅ Դաշնակցությանը, դաշնակցական խմբակցությունը և հասարակությունը լքում են խորհրդարանը, նիստն ընդհատվում է: Թերթերից մեկը հռետորական հարց է հնչեցնում. «Ե՞րբ պիտի խելքի գան այս խելակորույսները»[44]: «Խելակորույս» անվանյալները չէին գիտակցում հայոց լեզվի դերն անկախ Հայաստանում:

Ինչպես ասացինք, հայերենի հարցերին  անդրադարձներ եղել են նաև Հայաստանի կառավարության նիստերում:

1919 թ. մայիսի 10-ին  լսում են հանրային կրթության նախարարի զեկուցումը` հայերեն ներկայացումներից պատերազմական տուրքը վերացնելու մասին: Կարևոր չէ այն, որ հարցի առնչությամբ որոշում չի ընդունվել և այն հետաձգվել է: Մեր կարծիքով կարևորը հայերենին վերաբերող հարցի արծարծումն էր, որ տուրքից ազատվելը կարող էր նպաստել մայրենի լեզվով ներկայացումների ավելացմանը[45]:

1919 թ. հոկտեմբերի 14-ին կառավարությունը հավանություն է տալիս Երևանում և Ալեքսանդրապոլում պաշտոնեության համար հայոց լեզվի դասընթացներ հիմնելու համար վարկ բացելու օրինագծին և հաստատման ներկայացնում խորհրդարանին[46]:

Պետական լեզվի մասին օրենքի ընդունումից հետո՝ 1920 թ. սկզբին, կազմակերպվում են հայերենի դասընթացները, որոնց մասնակից պաշտոնյաների ցուցակը կազմում են նախարարությունները: Դասընթացը գործնական բնույթ էր ունենալու․ նպատակն էր լինելու պաշտոնական թղթերն ընթեռնելի գրել սովորեցնելը և, բնականաբար, նման գրություններ կարդալը (և հասկանալը): Նախատեսվում էր շաբաթական 6 ժամ պարապմունք (առնվազն 4 օր), սակայն դասերն անկանոն էին ընթանում, և  Ալեքսանդրապոլի դասընթացի ղեկավար Լ. Սարգսյանը հանրային կրթության նախարարին գրում էր, որ ցուցակագրված 73-ի փոխարեն դասընթացին մասնակցել է 48 պաշտոնյա (ի դեպ, կանոնավոր հաճախել են օտարազգիները), իսկ զինվորական իշխանությունների նշած 38 հոգուց որևէ մեկը չի ներկայացել[47]: Կրթության նախարարը ստեղծված վիճակի մասին տեղեկացնում է նախարարություններին և խնդրում ծանուցել հայերեն սակավ իմացող պաշտոնյաներին, որ նրանք հետագայում խնդիրներ կունենան[48]:

1920 թ. մայիսի 30-ին օրենք է ընդունվում  հայերեն չիմացող պաշտոնյաներին աշխատանքից ազատելու պայմանների մասին[49] («Պետական լեզուն չիմացող պաշտոնյաների լիկվիդացիայի մասին»): Պաշտոնատար անձանց լեզվի իմացությունը ստուգելու նպատակով ստեղծվում էին հանձնաժողովներ, իսկ հայոց լեզու չիմացողները ենթարկվելու էին քննության և անհաջողության դեպքում, օրենքի համաձայն, ազատվելու էին պաշտոններից[50]: Կառավարությունն անզիջում էր, բացառություն էր արվում միայն փորձառու սպաների առնչությամբ, քանի որ նրանց հրաժարեցումը կվնասեր բանակին, երկրի անվտանգությանը:

1920 թ. հունվարի 5-ին հաստատում են հանրային կրթության և արվեստի նախարարի՝ Երևանում և Կարսում բացվելիք հաշվապահական դասընթացների համար վարկ բացելու օրինագիծը: Որոշման մեջ մեզ հետաքրքրողը առաջին կետն է, որտեղ շեշտվում է, որ դասավանդումը պետք է իրականացվի հայերեն[51]:

1920 թ. մայիսի 11-ին վարչապետ[52] Հ. Օհանջանյանի նախագահությամբ լսում են Հանրային կրթության նախարարի զեկուցումը համալսարանի դասավանդումը հայերեն իրականացնելու մասին[53]:

1920 թ. հունիսի 10-ին կառավարությունում լսում են կրթության նախարարի զեկուցումը համալսարանի հայերենին անտեղյակ ուսուցիչների մասին: Որոշում են վարվել համաձայն մայիսի 30-ին ընդունված օրենքի, բացառություն նկատել միայն մասնագետները[54] (ամենայն հավանականությամբ նկատի են առնվում «առանձնահատուկ՝ նեղ» մասնագետները):

Կառավարությունն աշխատեց աստիճանաբար հայացնել բոլոր պետական հիմնարկությունները՝ խուսափելով, սակայն, կտրուկ միջոցներից: Հապաղումը ջղայնացնում էր (Ս. Վրացյանի բառն է – Դ.Գ.) հասարակության որոշ մասերին, մանավանդ արևմտահայերին, որոնք պահանջում էին անմիջապես հայացնել ամբողջ պետական մեքենան[55]: Մամուլը անողոք քննադատում էր այն հիմնարկները, որտեղ ազգայնացումը դանդաղ էր ընթանում [56]: Հարկ է ուշադրություն դարձնել Ս. Վրացյանի գործածած «ազգայնացում» բառին. սա հասկանալ է տալիս, որ հայացում-հայերենացումը ազգայնացում է նշանակում, որ պետական մարմինները ազգային (հայկական) կարող են կոչվել միայն հայերենի միջոցով:

Եթե հետևենք Ալ. Խատիսյանի կատարած շրջանաբաժանմանը, ըստ որի ՀՀ կառավարության գործունեությունը բաժանվում է երեք շրջանի[57], ապա կարելի է արձանագրել, որ հայերենի խնդիրներն ավելի շատ արծարծվել են երկրորդ շրջանում (1919 թ. սկզբից մինչև 1920 թ. մայիսի 5): Հենց այս շրջանում հայերենը դարձավ ՀՀ պետական լեզուն:

Խատիսյանն իր վարչապետության շրջանի կառավարության գործունեությունը ներկայացնում է ըստ նախարարությունների: Հանրային կրթության նախարարության (նախարար՝ Ն. Աղբալյան) աշխատանքը գնահատելիս կարևոր է համարում ոչ միայն տարաստիճան կրթական հաստատությունների բացումը (տարրական դպրոցից մինչև Ալեքսանդրապոլում հիմնված համալսարան), այլև առանձին նշում է. «Հիմնուեցան նաեւ հայերէն լեզուի դասընթացքներ պաշտօնեաներու համար, որոնք բոլորը չէին տիրապետեր հայերէն լեզուին»[58]: Սա ցույց է տալիս, թե որքան նշանակալից է եղել այդ գործընթացը նրա ընկալմամբ: Առաջին հանրապետության շրջանի լեզվական քաղաքականությանը, որպես կանոն, խորհրդային շրջանում չէին անդրադառնում[59]:

Առաջին հանրապետության շրջանի պետական լեզվաքաղաքականության դասերը կիրառվեցին 1991 թ. սեպտեմբերի 21-ին հռչակված անկախությունից հետո: Խորհրդային կարգի փլուզումից հետո նորանկախ Հայաստանի առջև ծառացան 1918-1920 թթ. խնդիրներին նման (իհարկե, ոչ նույն ընդգրկմամբ) հիմնահարցեր՝ պաշտոնական գրագրության հայերենացում, հայերեն չիմացող պաշտոնյաների պաշտոնավարման նպատակահարմարության քննարկում[60], ռուսական դպրոցների խիտ ցանցի վերացում և այլն: Մեծապես կարևորվում էր Լեզվի մասին օրենքի ընդունումը[61], որի միջոցով պետական լեզվի լիարժեք կարգավիճակ կշնորհվեր հայոց լեզվին, որ մեր ինքնության գլխավոր նշանն է[62]:

Այսպիսով կարող ենք մի քանի եզրակացություններ անել:

  1.  1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության մտավորական շրջանակներում սկիզբ առած հայացման (իմա՛ հայերենացման) շարժումը պետական լեզվական քաղաքականության նախադրյալներ ստեղծեց:
  2. Մեծ ջանքեր գործադրվեցին հայերենը դարձնելու Հայաստանի պետական և հասարակական հիմնարկների, հայոց բանակի աշխատանքային լեզուն (գրավոր և բանավոր):
  3. Հայաստանի Հանրապետությունն ուշադրության կենտրոնում էր պահում հանրային կրթության ոլորտը. պետական հովանու ներքո բացվեց համալսարան, լայն թափով՝ տարբեր աստիճանի դպրոցներ, որոնց ուսուցման լեզուն հայերենն էր:
  4. 1919 թ. դեկտեմբերի 26-ին հայերենը պաշտոնապես հռչակվեց  Հայաստանի Հանրապետության պետական լեզու:
  5. Հանրապետության շրջանում որոշակի աշխատանք է կատարվել օտար եզրերի հայերեն համարժեքները գտնելու կամ ստեղծելու, հայոց լեզուն օտարաբանություններից մաքրելու, գործավարության լեզուն մշակելու ուղղությամբ:
  6. 1918-1920 թթ. լեզվական քաղաքականությունը որոշակի նախահիմք դարձավ հայերենի նկատմամբ պետական լեզվաքաղաքականության համար մասամբ խորհրդային շրջանում, առավելաբար 1991-ից հետո՝ անկախ Հայաստանի Հանրապետությունում, որը 1993 թ. ապրիլի 17-ին ընդունեց «Լեզվի մասին» օրենքը:
  7. 1918-1920 թթ. լեզվական քննարկումներում (ապա և օրենքում) գործածվել է միայն «հայերեն» եզրը, որևէ անգամ արևելահայերեն / արևմտահայերեն տարանջատում չի կատարվել․ դա նշանակում է, թե իշխել է ազգային միասնական մտածողությունը, որ կա մեկ հայերեն՝ իր երկու գրական դրսևորումներով:

Ծանոթագրություններ

[1] Իր սեղմությամբ և սրությամբ հիշեցնում է այս դիմապատկերը «Ազգային ջոջերից». «Կարապետ Պեյ Երեմյան ծնած է 1830-ին: Կազմով բարեձև, սև աչերով և սև ընքվիներով մարդ մ’է: Մզկիթ մը շինել տված է» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկեր, Եր., «Սովետական գրող», 1979, էջ 177):

[2] Տե՛ս «Աշխատանք», թիվ 11, 19 ապրիլի 1919 թ.:

[3] Տե՛ս «Հայաստանի աշխատաւոր», թիվ 47, 27 ապրիլի 1919 թ.:

[4] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ: 1918-1920 / Գլխավոր խմբագիր և կազմող՝ Ա. Վիրաբյան, Եր., Հայաստանի ազգային արխիվ, 2010, էջ 44 (ըստ «Զանգ» թերթի, 24 սեպտեմբերի 1918):

[5] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 47 (ըստ «Զանգ» թերթի, 28 սեպտեմբերի 1918):

[6] Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ: 1918-1920 / Գլխավոր խմբագիր և կազմող՝ Ա. Վիրաբյան, Եր., Հայաստանի ազգային արխիվ, 2014, էջ 308:

[7] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 17 (ըստ «Զանգ» թերթի, 17 օգոստոսի 1918):

[8] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 363-364 (ըստ «Յառաջ» թերթի, թ. 61, 3 դեկտեմբերի 1919):

[9] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 229:

[10] Ակադեմիական բացատրական բառարանը հայացում-ը բացատրում է իբրև «հայացնելը, հայ դարձնելը» (տե՛ս Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հտ. 3, Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1976, էջ 282 ), Էդ. Աղայանի բառարանը՝ «հայանալը, հայացնելը, հայացվելը» (տե՛ս Է. Բ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., «Հայաստան», 1976, էջ 811), արևմտահայերենի երկհատորյա բացատրական բառարանը ներկայացնում է բառի երկու իմաստ՝ «1. Հայացնելու-հայացուելու՝ հայ դարձնելու-դարձուելու գործողութիւն. 2. օտար լեզուէ հայերէն թարգմանելու-թարգմանուելու գործողութիւն» (տե՛ս Գնէլ արք. Ճէրէճեան, Փ. Կ. Տօնիկեան, Արտ. Տէր Խաչատուրեան, Հայոց լեզուի բառարան, հտ. 1, Պէյրութ, «Տօնիկեան եւ որդիք», 1992, էջ 1138): Զարմանալի է, որ Ստ. Մալխասյանցի բացատրական բառարանը, ինչպես նաև հայկական հանրագիտարանները հայացում գլխաբառ չունեն:

[11] Տե՛ս Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Եր., «Հայաստան», 1993, էջ 373: Տե՛ս նաև «Հայաստանի աշխատաւոր», թիվ 47, 27 ապրիլի 1919 թ.:

[12] Տե՛ս «Հայաստանի աշխատաւոր», թիվ 47, 27 ապրիլի 1919 թ.:

[13] Նույն տեղում:

[14] Նույն տեղում:

[15] Տե՛ս Ս. Վրացյան , Հայաստանի Հանրապետություն, էջ 374:

[16] Հմմտ. «Հայաստանի Առաջին Հանրապետութեան առաջնակարգ խնդիրներից է եղել՝ «ՀԱՅԱՑՆԵ՛Լ» բոլոր պետական հիմնարկները իրենց գրագրութիւնների բոլո՛ր գործառնութիւններով՝ վերեւից ներքեւ, համընդհանուր եւ ամբողջական ընդգրկումով, առանց բացառութեան, նախապատուութեամբ կառավարական պաշտօնները տրամադրելով նախևառաջ հայեցի կրթութիւն ստացած հայորդիներին» (Լ. Գ. Խաչերեան, Հայոց համազգային մատոցեան համակարգուած միասնական եւ միակերպ ուղղագրութեան պատմութիւնը (Ե.-Ի. դարեր), Լոս Անջելըս, «Նոր Կեանք» մատենաշարի հրատ., 1999, էջ 261): Հետաքրքրական է, որ պրոֆեսորը «Հայաստանի առաջին հանրապետութեան լեզուական քաղաքականութիւնը» ենթավերնագրի տակ խիստ համառոտակի խոսում է միայն հայացման մասին՝ ծավալուն մեջբերում անելով Ս. Վրացյանից: Սա ցույց է տալիս, թե որքա՛ն կարևոր է նկատվել հայացման գործընթացը (տե՛ս նույն տեղում, էջ 261-263):

[17] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 230 (ըստ «Հայաստանի աշխատավոր» թերթի, 7, 8, 10, 11, 14, 15, 20, 21 հունիսի 1919 թ.):

[18] Տե՛ս «Սոցիալիստ յեղափոխական», Երևան, 15 հունիսի 1919 թ.:

[19] Ծավալված քննարկման մասին տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 403-407 (ըստ «Յառաջ» օրաթերթի, թիվ 80,  31 դեկտեմբերի 1919թ.):

[20] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 403:

[21] Նույն տեղում:

[22] Նույն տեղում:

[23] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 404:

[24] Նույն տեղում:

[25] Նույն տեղում:

[26] Նույն տեղում:

[27] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 407:

[28] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 405:

[29] Տարիներ անց այս շրջանի մասին խոսելիս Ս. Վրացյանը գրում է, թե տարվա վերջին պետական և հանրային հիմնարկությունների մեծ մասը արդեն հայացված էր (տե՛ս Ս. Վրացյան , Հայաստանի Հանրապետություն, էջ 374), այնինչ ժամանակի մամուլը և խորհրդարանական քննարկումներն հակառակն են ասում:

[30] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 405:

[31] Նույն տեղում:

[32] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 405-406:

[33] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 406:

[34] Նույն տեղում:

[35] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի օրենքները, Եր., Պատմության կենտրանական պետական արխիվ, 1998, էջ 209:

[36] Եթե խորհրդային շրջանում հայերենը բնութագրվում էր միայն որպես Հայկական ՍՍՀ պետական լեզու (տե՛ս «Հայկական սովետական հանրագիտարան», հտ. 6, Եր., Հայկական սովետական հանրագիտարանի գլխ. խմբագրություն, 1980, էջ 159), ապա 1991-ի անկախությունից հետո՝ Հայաստանի Հանրապետության (1918-20), ՀԽՍՀ (1920-91), Հայաստանի Հանրապետության (1991-ից) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (1991-ից) պետական լեզուն (Հայկական համառոտ հանրագիտարան, հտ. 3, Եր., Հայկական հանրագիտարանի գլխ. խմբագրություն, 1999, էջ 232):

[37] Կիլիկյան Հայաստանում պետական-պաշտոնական լեզու էր հայերենի գրական դրսևորումներից նա, որը հաջորդեց գրաբարին՝ միջին հայերենը (տե՛ս Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, II մաս, Եր., Հայպետհրատ, 1951, էջ 235, Ս. Ղ. Ղազարյան, Հայոց լեզվի համառոտ պատմություն, 2-րդ հրատ., Եր., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1981, էջ 285-286):

[38] Պատմական այս կարևոր իրադարձության մասին հայոց լեզվի պատմությանը վերաբերող աշխատությունները սովորաբար ոչինչ չի ասվում:

[39] Մեկ տարի անց՝ 1920 թվականի դեկտեմբերի 6-ին (ըստ այլ կարծիքների՝ 9-ին), Հայաստանի Հեղկոմը դեկրետ ընդունեց պետական լեզվի մասին, որի համաձայն հանրապետության սահմաններում պետական լեզու ճանաչվեց հայերենը (տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հտ. VII, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Եր., 1967, էջ 42): Ակադեմիական բազմահատորյակում, սակայն, որևէ խոսք չկա այն մասին, որ առաջին հանրապետության շրջանում հայերենը հռչակվել էր պետական լեզու: Խորհրդային Հայաստանի բոլոր սահմանադրություններում (1922, 1936, 1978) ամրագրված է, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, թեև Խորհրդային Միություն կոչված կայսրությունում հայերենի խնդիրները լիովին լուծված չեն եղել:

[40] Քննարկման ժամանակ ամենևին չի արծարծվում արևմտահայության լեզվական խնդիրը: Պատգամավոր Հ. Մանուկյանը միայն նշում է. «Չկա նաև թուրքահայի խնդիր. թուրքահայը շատ լավ իմանալով թուրքերեն, կռվում էր նրա դեմ, որպես բռնությամբ իր վզին փաթաթված լեզվի» (տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 406):

[41] Բուհական դասագրքերից մեկում խորհրդային շրջանի վերաբերյալ գրված է. «Արևելահայ գրական լեզուն դառնում է պետական լեզու» (Գ. Բ. Ջահուկյան և ուրիշներ, Հայոց լեզու, I մաս, Ա պրակ, Եր., «Լույս», 1980, էջ 35):

[42] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 405-406:

[43] Տե՛ս Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ, էջ 426 (ըստ «Յառաջ» թերթի, թ. 8,9, 11, 13 հունվարի 1920):

[44] Տե՛ս «Աշխատանք», թ. 11, 19 ապրիլի 1919 թ.:

[45] Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ, էջ 185:

[46] Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ, էջ 322:

[47] Տե՛ս Կ. Ալեքսանյան, Հայաստանի առաջին հանրապետությունում լեզվական քաղաքականության հարցի շուրջ, ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի «Գիտական աշխատություններ», հտ. 14, Գյումրի, 2011, էջ 59-60:

[48] Նույն տեղում:

[49] Տե՛ս Հայաստանի Հանրապետության օրենքները, էջ 318:

[50] Տե՛ս Ա. Հակոբյան, Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ., Եր., «Լուսակն», 2018, էջ 96:

[51] Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ, էջ 372:

[52] Նկատելի է, որ անգամ պետական բարձր պաշտոնների անունների գործածությունը լիարժեք չէր կանոնակարգված. Պետական կառավարման հայերեն եզրաբանությունը ձևավորման և կայունացման փուլում էր: Այսպես՝ հունիսյան նիստի արձանագրության մեջ վարչապետը կոչվել է նախարարապետ: Մի դեպքում գործածվում է նախարար, մեկ այլ դեպքում՝ մինիստր և այլն:

[53] Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ, էջ 452:

[54] Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններ, էջ 483:

[55] Դա պարզ երևում է Հայացման կոմիտեի կոչի այս հատվածում. «…մեր քաղաքացիների 80 տոկոսը, մանաւանդ ամբողջ տաճկահայութիւնը, իրեն այստեղ չհասկացւած, խորթ ու անհարազատ է զգում: Այսպիսի աննորմալութիւն չէ կարող լինել: Մեր պ.պ. մինիստրներն ու նրանց գրասենեակի կառավարիչները և այլն պէտք է ընդունեն, որ նախ այս պետութիւնը Հայաստան է և ապա որ նրա մէջ ապրող հարիւրհազարաւոր՝ ռուսերէն և ոչ մի բառ չհասկացող տաճկահայերն ու հայ գիւղացիներն էլ Հայաստանի ռամկավար հանրապետութեան քաղաքացիներ են: Ուստի և մենք պահանջում ենք, որ՝ թեկուզ աստիճանաբար, բայց անյապաղ ու հաստատապէս հայերէնը պետականացւի և գլխաւոր գործնական լեզուն դառնայ բոլոր հաստատութիւններում» (տե՛ս «Հայաստանի աշխատաւոր», թիվ 47, 27 ապրիլի 1919 թ.):

[56] Տե՛ս Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, էջ 374:

[57] Իր գրքի «Իմ վարչապետութեան շրջանը» բաժնում Խատիսյանը գրում է. «1918 թ. ամառէն սկսած մինչեւ 1920 թ. Դեկտեմբեր ամիսը Հայաստանի կառավարութեան խորհուրդը կարելի է բաժնել երեք շրջանի: Առաջին շրջանը – կառավարութիւնը նախագահութեամբ Քաջազնունիի – պետական-կազմակերպչական էր, երկրորդ շրջանը – Ալ. Խատիսեանի նախագահութեամբ եղած կառավարութիւնը քաղաքացիական-ստեղծագործական եւ երրորդ շրջանը Հ. Օհանջանեանի եւ Ս. Վրացեան; նախագահութեամբ եղած կառավարութիւնները – արտաքին եւ ներքին թշնամիներու հետ կռուի շրջան, որ վերջացաւ Դեկտեմբեր 2ին, Թուրքիայի հետ Ալեքսանդրապոլի դաշնագրով եւ իշխանութիւնը մեծամասնականներուն յանձնուեցաւ (տե՛ս Ալ. Խատիսեան, Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Բ տպագր., Պէյրութ, տպ. «Համազգային», 1968, էջ 133):

[58] Տե՛ս Ալ. Խատիսեան, նշվ.աշխ., էջ 138:

[59] Առաջին հանրապետության շրջանի մասին ահա թե ինչ բնութագիր է տրված խորհրդային ժամանակաշրջանում հրատարակված համալսարանական գրքում. «Դաշնակցականների կառավարությունը չկարողացավ որևէ քայլ կատարել երկրի մշակութային առաջընթացի ուղղությամբ: Պետությունը աննշան նպաստ էր բաց թողնում դպրոցներին, որոնց թիվը սկսեց խիստ նվազել: Տասնյակ հազարավոր աշակերտներ մնացին փողոցում, լավագույն աշխատողները հեռացան դպրոցից» (տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», Մ. Գ. Ներսիսյանի խմբագրությամբ, Եր., Երևանի համալսարանի հրատ., 1972, էջ 450): Ոչ մի խոսք հայերենը պետական լեզու հայտարարելու և հայացման քաղաքականության կամ համալսարան հիմնելու մասին: Անկախության շրջանի համալսարանական դասագրքերում արդեն անդրադարձ կա հայերենը պետական լեզու հռչակելու փաստին և հայացման գործընթացին (տե՛ս «Հայոց պատմություն», Հր. Ռ. Սիմոնյանի խմբագրությամբ, Եր., ԵՊՀ հրատ., 2012, էջ 527-528): Ի դեպ, անկախության շրջանի դպրոցական դասագրքերում, ավելի վաղ, քան բուհական դասագրքերում, գրեթե նույն պատկերն ենք տեսնում. հիշատակվում են թե՛ հայերենը պետական լեզու հայտարարելը և թե՛ հայացումը (տե՛ս, օրինակ, Ա. Մելքոնյան և ուրիշներ, Հայոց պատմություն, 12-րդ դասարան, հումանիտար հոսք, Եր., «Զանգակ-97», 2011, էջ 12):

[60] Հմմտ. Ալ. Մյասնիկյանի հետևյալ մտքերը. «Այդ տարրին պատկանող մտավորականները չեն ցանկանում ամենևին ուսումնասիրել հայ լեզուն և կյանքը ու գերադասում են կառավարել երկիրը ռուսական լեզվի միջոցով» և «Հայաստանը հայ աշխատավորների, հայ ժողովրդի պետությունն է: Եվ այդտեղ պետական լեզուն հայերենն է: Նա, ով չի ցանկանում այդ ըմբռնել, ով դիտավորությամբ խուսափում է գործածել հայերենը պետական հիմնարկությունների մեջ, իրապես վարում է հակահեղափոխական մի գործ: Նա, ով չի կարող համակերպվել մեր պետության այս պահանջին, կարող է հեռանալ երկրից» (տե՛ս «Խորհրդային Հայաստան», 1 հուլիսի 1921 թ.): Նա, ով չի կարող համակերպվել մեր պետության այս պահանջին, կարող է հեռանալ երկրից:

[61] Հմմտ. Վ. Միրզոյեան, Լեզուաբանութիւն եւ լեզուաքաղաքականութիւն, Պէյրութ, «Սիփան», 1998:

[62] Տե՛ս Ռ. Իշխանյան, Մեր ինքնության գլխավոր նշանը, Եր., «Նաիրի», 1991:


Զեկուցումը կարդացվել է «Հայաստանի Հանրապետության պատմության դասերը» խորագրով գիտաժողովում և հրատարակվել «Վէմ» հանդեսի թիվ 4 (64) (հոկտեմբեր-դեկտեմբեր) համարում, էջ 247-264։

Նմանատիպ նյութեր
Դավիթ Գյուրջինյան Արդի արևելահայերենի ուղղագրությունը 1922 թվականի, այնուհետև 1940-ի փոփոխությունից հետո1 տասնամյակների ընթացքում որոշակիորեն կանոնարկվել
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հոկտեմբերի 23-ին Բուխարեստում մասնակցել է «Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի

Հայերեն ո՞ր համարժեքը կշրջանառեք Zipline-ի փոխարեն։ Առաջարկում ենք տարբերակներ․ քվեարկե՛ք մեր կայքում։⏳➡️ https://t.co/0YPQoxSY9C

Աշխարհի տարբեր երկրներում կան լեզուների թանգարաններ, որտեղ ներկայացվում են լեզուները, նրանց այբուբենները, գրային համակարգերը և այլն:

🔗https://t.co/nN8HE3mues

Հուլիսի 22-ին Դավիթ Գյուրջինյանը #ՀՊՄՀ-ում հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ։ Նա ներկայացրեց Կոմիտեի աշխատանքը, տեղեկացրեց շուտով թողարկվող https://t.co/Ax4fMcOmIb կայքի մասին։

2

❌ Նկարը ԿԱԽՎԱԾ Է պատի վրա:
❌ Պարանը ԿԱԽՎԱԾ Է ծառի վրա:

✅ Նկարը ԿԱԽՎԱԾ Է պատից:
✅ Պարանը ԿԱԽՎԱԾ Է ծառից:

ՈՒՐԱԽ և ՏԽՈՒՐ բառերն առաջացել են նույն արմատից՝ ԽՈՒՐ-ից: Խուր-խուրախ-խրախ. նշանակում է խինդ, ուրախություն:

#Ստուգաբանություն

Ավելին