Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ԼԵԶՎԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Լեզվական ուսումնասիրության ենք ենթարկել հաղորդաշարի՝ 2022 թվականին համացանցում տեղադրված հաղորդումները։

Ստորև ներկայացված սխալները միայն հաղորդավարների խոսքից են։ Հաղորդման հյուրերի խոսքը չենք վերլուծում։ 

 

«Բացի այն գիտելիքը և օրենքները, որոնք պետք է տիրապետենք ․․․․» (14․01․2022)։

Տիրապետում են ոչ թե որևէ բան, այլ որևէ բանի՝ գիտելիքի, օրենքների, մասնագիտության և այլն, ուրեմն այստեղ ոչ թե որոնք, այլ որոնց։

Ճիշտ է՝ «Բացի այն գիտելիքը և օրենքները, որոնց պետք է տիրապետենք ․․․․»։

 

«Պետք է համոզենք մեր հյուրին, որպեսզի մի անակնկալ պատրաստի» (18․01․2022)։

Որպեսզի շաղկապը նպատակի պարագա երկրորդական նախադասությունը կապակցում է գլխավորին։ Այստեղ թեև հյուրին համոզելու նպատակը անակնկալ պատրաստելն է, բայց երկրորդական նախադասությունը բնույթով նպատակի պարագա չէ, և որպեսզի-ն գործածելը սխալ է։ Երկրորդական նախադասությունն այստեղ պատասխանում է ի՞նչ հարցին (համոզենք ի՞նչ

Ճիշտ է՝ «Պետք է համոզենք մեր հյուրին, որ մի անակնկալ պատրաստի»։

Նույնն են․

«Ուզում եմ խնդրել Ռուբենին, որպեսզի եթե ինչ-որ բան չասեց ․․․․» (19․02․2022)։

Ե խոնարհման ասել բայն անկանոն է, և նրա անցյալ կատարյալ ժամանակաձևն է ասաց, այլ ոչ ասեց։

Ճիշտ է՝ «Ուզում եմ խնդրել Ռուբենին, որ եթե ինչ-որ բան չասաց ․․․․»։

«Մտածե՞լ էիր՝ ինչ անես, որպեսզի քեզ չճանաչեն» (19․02․2022)։

Ճիշտ է՝ «Մտածե՞լ էիր՝ ինչ անես, որ քեզ չճանաչեն»։

 

«Հասմիկ Բաղդասարյանից բացի, ով սոպրանո է ․․․․» (18․01․2022)։

Ոչ թե Հասմիկ Բաղդասարյանից բացի, ով ․․․․, այլ Հասմիկ Բաղդասարյանից բացի, որը ․․․․։ Ում, ով/ովքեր-ը գործածվում է միայն դերանունների հետ (դու, ում, կամ նա, ով/նրանք, ովքեր

Ճիշտ է՝ «Հասմիկ Բաղդասարյանից բացի, որը սոպրանո է ․․․․»։

Նույնն են․

«Ինչպես է ընտրվում այն գրողը, ում պետք է հյուրընկալել» (21․01․2022)։

Ճիշտ է՝ «Ինչպես է ընտրվում այն գրողը, որին պետք է հյուրընկալել»։

«Մենք ճանաչում ենք ամենաքիչը մի այլմոլորակայինի, ով մեզ համոզում էր ․․․․» (19․02․2022)։

Ճիշտ է՝ «Մենք ճանա­­չում ենք ամենա­քիչը մի այլմոլորակայինի, որը մեզ համոզում էր․․․․»։

«Իմ հյուրն արդեն տաղավարում է՝ մարդ, ում վաղուց չէի տեսել» (24․01․2022)։

Ճիշտ է՝ «Իմ հյուրն արդեն տաղավարում է՝ մարդ, որին վաղուց չէի տեսել»։

«Այդպես էր մտածում Ստիվ Ջոբսը, ով դպրոցական տարիքից հետաքրքրվում էր էլեկտրոնիկայով» (24․02․2022)։

Ճիշտ է՝ «Այդպես էր մտածում Ստիվ Ջոբսը, որը դպրոցական տարիքից հետաքրքրվում էր էլեկտրոնիկայով»։

«Դու այն հյուրերից էիր, ով օգնում էր սկսնակ հաղորդավարներին» (01․03․2022)։

Ճիշտ է՝ «Դու այն հյուրերից էիր, որն օգնում էր սկսնակ հաղորդավարներին»։

«Հյուրեր կան, ովքեր չեն սպասում, որպեսզի դու խոսես» (01․03․2022)։

Այստեղ նաև այս ամփոփագրի նախորդ սխալը կա։

Ճիշտ է՝ «Հյուրեր կան, որոնք չեն սպասում, որ դու խոսես»։

 

«Կոնֆուցիից մի հարց» (19․01․2022)։

Սա չինացի փիլիսոփայի անվան ռուսական տարբերակն է։

Հայերենում ճիշտ է՝ «Կոնֆուցիոսից մի հարց»։

 

«Երեխաները, հա՞, ի՞նչ են սիրում կարդալ» (21․01․2022)։

Մակաբույծ հա՞-ն անընդհատ ներկա է մեր հաղորդավարների խոսքում։

Ճիշտ է՝ «Երեխաներն ի՞նչ են սիրում կարդալ»։

Նույնն է՝

«Ձեր հարթակը, հա՞, հնարավորություն տալի՞ս է գրքեր գնելու» (21․01․2022)։

Ճիշտ է՝ «Ձեր հարթակը հնարավորություն տալի՞ս է գրքեր գնելու»։

 

«Այո, ինչո՞ւ ոչ, շատ գեղեցիկ հնչեղություն ունեցող գործիք է» (08․02․2022)

Այս ինչու ոչ-ը նույնպես մակաբույծ է։ Ոչ ոք չի հերքել՝ ասելով՝ ոչ։ Ուրեմն ինչի՞ համար է այս ինչո՞ւ ոչ-ը (կամ ինչո՞ւ չէ-ն), որ անդադար հնչում է հայկական եթերից։

Հավելենք նաև՝ երաժշտական գործիքները հնչողություն են ունենում։ Հնչեղություն ունենում են խնդիրները, դեպքերը և այլն։

Ճիշտ է՝ «Այո, շատ գեղեցիկ հնչողություն ունեցող գործիք է»։

 

«Այդ երգերը ստեղծելուց նա հստակ գիտեր, թե ում համար է գրում» (21․01․2022)։

Խոսքն այն մասին է, որ Առնո Բաբաջանյանն իր երգերը ստեղծելու ընթացքում իմացել է, թե ում համար է գրում։ Որևէ բան անելու ընթացքը արտահայտվում է ոչ թե բացառական հոլովի օգնությամբ (այս հոլովը պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց հարցերին), այլ համակատար դերբայի միջոցով։

Ճիշտ է՝ «Այդ երգերը ստեղծելիս նա հստակ գիտեր, թե ում համար է գրում»։

 

«Այսօրվա դրությամբ քանի՞ դիմորդներ ունեք» (08․02․2022)։

Քանի՞ հարցական դերանունը պահանջում է եզակի թիվ («Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու», Հ․Թ․)։

Ճիշտ է՝ «Այսօրվա դրությամբ քանի՞ դիմորդ ունեք»։

 

«Ժամը 19 զրո-զրոյին Նարեկացի արվեստի միությունում ․․․․» (08․02․2022)։

Ճիշտ է, երբ գրում ենք ժամը 19․00-ին, ժամը 12․05-ից կամ ժամը 301-ը և այլն։ Բայց սխալ է ասել ժամը 19 զրո-զրոյին, ժամը 12 զրո-հինգից կամ ժամը 3 զրո-մեկը և այլն։

Ճիշտ է՝ «Ժամը 19-ին Նարեկացի արվեստի միությունում ․․․․» (ժամը 12-ն անց 5-ից, ժամը 3-ն անց 1-ը

 

«Ի՞նչ համագործակցության մասին է խոսքը գնում» (09․02․2022)։

Սա օտար լեզվից պատճենված արտահայտություն է։ Հայերենում խոսքը չի գնում։

Ճիշտ է՝ «Ի՞նչ համագործակցության մասին եք խոսում» կամ «Ի՞նչ համագործակցության մասին է խոսքը»։

Նույնն են․

«Սա դասական թանգարան չէ, որտեղ որ չի կարելի ձեռք տալ, ինչի՞ մասին է խոսքը գնում» (10․02․2022)։

Այստեղ նաև խոսքը սովորական թանգարանի մասին է, և հենց այդպես էլ պետք էր ասել։ Նաև ոչ թե որտեղ որ, այլ որտեղ։ Որտեղ, որոնք, որը և այլ դերանուններ որ դերանվան հետ միաժամանակ գործածելը հաճախ հանդիպող սխալ է հայկական եթերում՝ որտեղ որ, որոնք որ, որը որ և այլն։

Ճիշտ է՝ «Սա սովորական թանգարան չէ, որտեղ չի կարելի ձեռք տալ, ինչի՞ մասին է խոսքը»։

«Իսկ թե ինչի՞ մասին է խոսքը գնում՝ չեք կարող հասկանալ ․․․․» (10․02․2022)։

Ճիշտ է՝ «Իսկ թե ինչի՞ մասին է խոսքը՝ չեք կարող հասկանալ ․․․․»։

 

«Սա առաջի՞ն համագործակցությունն է դեսպանատան և մշակութային կառույցների հետ» (10․02․2022)։

Սխալ ձևակերպված նախադասություն է։

Համատեքստից դատելով՝ ճիշտ է՝ «Սա առաջի՞ն համագործակցությունն է դեսպանատան և մշակութային կառույցների միջև» կամ «Սա դեսպանատան առաջի՞ն համագործակցությունն է մշակութային կառույցների հետ»։

 

«Քեզ մեծամասնությունը ճանաչում են» (19․02․2022)։

Թվային անհամաձայնության դեպք է։ Մեծամասնությունը ենթական եզակի թվով է և պահանջում է եզակի ստորոգյալ։

Ճիշտ է՝ «Քեզ մեծամասնությունը ճանաչում է»։

Նույնն են սրանք․

«Բառեր կան, որոնք չեմ հասկանում, թե դա ինչ է նշանակում» (24․01․2022)։

Եթե բառեր, ուրեմն՝ ոչ թե ինչ է նշանակում, այլ ինչ են նշանակում։ Իսկ դա-ն ոչ թե հոգնակի պիտի լիներ, այլ առհասարակ  չպիտի լիներ, քանի որ ենթական դերանվամբ կրկնելը օտարաբանություն է։

Ճիշտ է՝ «Բառեր կան, որոնք չեմ հասկանում, թե ինչ են նշանակում»։

«Արշավները, նշեցիք, փոքր խմբերի համար է» (22․03․2022)։

Այստեղ ենթական՝ արշավները, հոգնակի թվով է, իսկ համար է ստորոգյալը՝ եզակի։

Ճիշտ է՝ «Արշավները, նշեցիք, փոքր խմբերի համար են»։

 

«Դու՝ որպես մասնակից, այդքան ժամանակ չէիր ունենում, որպեսզի մնայիր դահլիճում» (19․02․2022)։

Սխալ դերանուններ են ընտրված։ Այստեղ խոսքը հստակ ժամանակահատվածի մասին չէ, այլ մի անորոշի, ենթադրականի։ Այսպիսի դեպքերում հայերենում ընդունված է գործածել այնքան դերանունը։ Երկրորդ սխալը վերևում մեկնաբանվել է։

Ճիշտ է՝ «Դու՝ որպես մասնակից, այնքան ժամանակ չէիր ունենում, որ մնայիր դահլիճում»։

 

«Ինչ-որ նորություններ կա՞ն։ Կա՞ն մտահաղացումներ» (24․01․2022)։

Ինչ-որ անորոշ դերանունը, ինչպես որևէ-ն, հոգնակի թվի հետ գործածելը սխալ է։ Կամ էլ դերանունը պետք չէր գործածել։ Երկրորդ նշված բառը այս ձևով գործածելը տարածված սխալներից է։ Այս բառը կազմված է միտք և հղանալ (հղացում) բառերից, և նշանակում է միտք՝ ենթադրություն՝ կռահում ունենալ, միտք ծնել։

Ճիշտ է՝ «Ինչ-որ նորություն կա՞։ Կա՞ն մտահղացումներ»։ Կամ «Նորություններ կա՞ն։ Կա՞ն մտահղացումներ»։

 

«Կարողացան նրան մոտիվացնել, և արդեն թվանշանը նեգատիվ չի ազդում, այլ բառից լավ իմաստով՝ ստիպում է, որ նա սովորի» (24․02․2022)։

Այս նախադասության մեջ երկու օտար բառ կա, որոնք հանձնարարելի հայերեն համարժեք ունեն։ Նշված բառից լավ իմաստով սխալ արտահայտությունը հաճախ  հանդիպողներից է (ինչպես բառից բուն իմաստով-ը)։ Այստեղ սխալ է գործածված նաև թվանշան բառը։

Ճիշտ է՝ «Կարողացան նրան ոգևորել/տրամադրել/շահագրգռել, և արդեն գնահատականը բացասաբար չի ազդում, այլ բառիս/բառի լավ իմաստով՝ ստիպում է, որ նա սովորի»։

 

«Ստիվ Ջոբսն ասում էր, որ նրանք իմ իսկական ծնողներն են»։

Տարածված սխալ ձևակերպում է։ Սա ճիշտ կլիներ, եթե պատմողի ծնողների մասին լիներ խոսքը։

Ճիշտ է՝ «Ստիվ Ջոբսն ասում էր, որ նրանք իր իսկական ծնողներն են»։ Կամ՝ «Ստիվ Ջոբսն ասում էր «Նրանք իմ իսկական ծնողներն են» (24․02․2022)։

 

«Առաջին մի քանիսի համար Ձեր գործընկեր ընկերը օգնել է։ Կա՞ն արդյոք բարեգործ թե՛ թիմեր, թե՛ խմբեր, թե՛ կամավորներ, ովքեր միանում են ձեզ» (22․03․2022)։

Առաջին նշումի մեջ ընկեր-ն ավելորդ է, քանի որ գործընկեր բառի մեջ այն կա։ Իսկ եթե նպատակը ընկեր բառը շեշտելն է, ապա այլ ձևակերպում էր պետք։ Այս համատեքստում թիմն ու խումբը նույնն են, կրկնել պետք չէ, նաև՝ ինչպես խմբերը, այնպես էլ անհատները բարեգործ են, քանի որ խոսքը տուրիզմին կամավորաբար աջակցելու մասին է։ Կա՞ն հարցի դեպքում ճիշտ չէ կրկնել թե շաղկապը։ Մեջբերման մեջ կա նաև այս ամփոփագրում նշված առաջին սխալը։ Մի նախադասության մեջ՝ այսքան շատ սխալ։

Ճիշտ է՝ «Առաջին մի քանիսի համար Ձեր գործընկերը (կամ՝ Ձեր ընկերը, որի հետ համագործակցում եք) օգնել է։ Կա՞ն արդյոք բարեգործ խմբեր կամ անհատներ, որոնք միանում են ձեզ»։

 

«Ռոզային գրեթե ոչ մեկ չէր ճանաչում» (23․03․2022)։

Սա ժողովրդախոսակցական լեզվից եթեր թափանցած սխալներից է։

Ճիշտ է՝ «Ռոզային գրեթե ոչ ոք չէր ճանաչում»։

 

«Եվ նաև հետաքրքիր է՝ ֆիլմեր սիրո՞ւմ եք» (28․03․2022)։

Նշված շաղկապները նույն իմաստն ունեն, և դրանք միասին գործածելը սխալ է։

Ճիշտ է՝ «Եվ հետաքրքիր է՝ ֆիլմեր սիրո՞ւմ եք» կամ «Նաև հետաքրքիր է՝ ֆիլմեր սիրո՞ւմ եք»։

 

«Ձեր ինստագրամից երևում է, որ Հայաստանով շրջագայել սիրում եք» (28․03․2022)։

Շրջում, զբոսնում, քայլում են ոչ թե Հայաստանով, փողոցով, զբոսայգով և այլն, այլ Հայաստանում, փողոցում, զբոսայգում։

Ճիշտ է՝ «Ձեր ինստագրամից (նախընտրելի է՝ ինստագրամյան էջից) երևում է, որ Հայաստանում շրջագայել սիրում եք»։

Նույնն է․

«Իմ հյուրերը թող շուտ գնան, պտտվեն Եվրոպայով» (28․03․2022)։

«Իմ հյուրերը թող շուտ գնան, պտտվեն Եվրոպայում»։

 

«Էդ մարդիկ իրարամերժող գործեր անո՞ղ պիտի լինեն» (28․03․2022)։

Նշված բառը սխալ ձևով է գործածվել։

Ճիշտ է՝ «Էդ (Այդ) մարդիկ իրարամերժ գործեր անո՞ղ պիտի լինեն»։

 

Հաղորդաշարն ունի «Համեղ առավոտ Շաղիկի հետ» խոհարարական էջը։ Վարողի խոսքը լեցուն է օտար բառերով, որը հակասում է «Լեզվի մասին օրենքի» պահանջին։ Էջում լեզվական սխալներ չկան, բացի մեկից, որը համատարած գործածվում է  խոհարարական հաղորդումներում։ Դեռևս դատարկ թավայի կամ կաթսայի մեջ հենց առաջին բաղադրիչը լցնելիս կամ դնելիս ասում են՝ ավելացնում ենք։ Բայց չէ՞ որ ավելացնում են արդեն եղած որևէ բանի վրա։ Դատարկ ամանի մեջ որևէ սննդամթերք չեն ավելացնում։

Ճիշտ է՝ լցնում ենք բուսայուղ կամ կաթսայի մեջ կարագ ենք դնում։

 

Երազիկ Գրիգորյան

ՀԱՅԵՐԵՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ

Սիրելի՛ հետևորդներ, ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրը:

Օրը նշանավորելու համար Լեզվի կոմիտեն մասնագետներին առաջարկում է միանալ հայտարարված նախաձեռությանը։ Մանրամասները՝ կայքում https://www.langcom.am/

Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը⤵️
https://www.langcom.am/%d6%84%d5%bd%d5%b8%d5%9e%d6%82%d5%af-%d5%a9%d5%a5%d5%9e-%d6%84%d5%bd%d5%b8%d6%82%d6%84%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4/

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

Ավելին
facebook