Մենք չենք գերագնահատում հայերենը, երբ խոսում ենք լեզվական անաղարտությունից։ Չենք չափազանցում, երբ ասում ենք, որ
մանուկներին ներկայացվող խոսքը պետք է անթերի լինի։
Մանկական ֆիլմարտադրանքի որակը
քաղաքակիրթ երկրների օրակարգային խնդիրներից է։
Ստորև ներկայացնում ենք լեզվական սայթաքումներ՝ հայերեն
կրկնօրինակված մուլտֆիլմերից։
Մուլտֆիլմի փոքրիկ հերոսուհին՝ Քլոյին, մորը հարցնում է․ «Ինչո՞ւ ես սանտաներին այստեղ բերել»։ «Թզուկների համա՞ր ես ասում, Քլոյի՛»,- հարցին հարցով է պատասխանում մայրիկը («Թզուկները տանը»)։
Պարզ է, որ Քլոյին թզուկների համար չէր ասում, այլ նրանց մասին։
Ենթագրում ճիշտ է գրված՝ «Թզուկների մասի՞ն ես ասում, Քլոյի՛»։
«Նկատեցի՞ր ինչպիսի գեղեցիկ դաշնամուր է» («Թզուկները տանը»)։
Նշված դերանունը ցույց է տալիս առարկայի հատկություն, որպիսություն, բայց այստեղ ճիշտ է բացականչություն, զարմանք արտահայտող ինչ դերանունը։
Ճիշտ է՝ «Նկատեցի՞ր ինչ գեղեցիկ դաշնամուր է»։
Մայրիկը Քլոյին իրենց նոր տան մասին ասում է․ «Գիտեմ, որ արտաքինը այնքան էլ նոր չէ» («Թզուկները տանը»)։
Տան մասին ճիշտ է ասել․ «Գիտեմ, որ տեսքից այնքան էլ նոր չէ»։ Նախընտրելի է․ «Գիտեմ, տունը այնքան էլ նոր չէ»։
Քլոյին հեռախոսի մեջ ձայնային ազդանշան է թողնում․ «Կհիշեցնես, որպեսզի լամպեր գնենք» («Թզուկները տանը»)։
Որպեսզի շաղկապն այստեղ գործածելը ճիշտ չէ, քանի որ երկրորդական նախադասությունը նպատակի պարագա չէ․ չի պատասխանում ինչո՞ւ, ի՞նչ նպատակով հարցերին։ Սա բավականին տարածված սխալ է։
Ճիշտ է՝ «Կհիշեցնես, որ լամպեր գնենք»։
Նույն սխալը՝ նշված մուլտֆիլմում․
«Առաջարկեցին, որպեսզի նրանց հետ պարելու գնամ»։
Այստեղ նաև՝ ոչ թե նրանց հետ, այլ իրենց հետ, քանի որ Քլոյին հենց առաջարկողների հետ պիտի պարելու գնար, այլ ոչ ուրիշների։
Ճիշտ է՝ «Առաջարկեցին, որ իրենց հետ պարելու գնամ»։
«Դուք չեք ուզում, որպեսզի ես պաշտպանեմ ձեզ թրոգներից»։
Ճիշտ է՝ «Դուք չեք ուզում, որ ես պաշտպանեմ ձեզ թրոգներից»։
Քլոյին իրենց հարևանների հասցեին ասում է․ «Շնորհակալություն, որ ոչ մի գաղտնաբառ չեք դրել» (խոսքը վայֆայի գաղտնաբառի մասին է)։ («Թզուկները տանը»)։
Նշված ոչ մի-ն այստեղ ավելորդ է, քանի որ գաղտնաբառը մեկն է լինում։
Պարզապես՝ «Շնորհակալություն, որ գաղտնաբառ չեք դրել»։
Քլոյին ասում է․ «Միևնույնն է, շուտով կտեղափոխվենք» («Թզուկները տանը»)։
Հաճախ հանդիպող սխալ է։ Եթե միևնույն բառը կարող ենք փոխարինել նույն-ով, ուրեմն վերջում երկու ն պիտի լինի։ Օրինակ՝ «Այս երկուսը կարծես միևնույնն են/նույնն են»։ Իսկ եթե միևնույն-ը փոխարինվում է մեկ-ով, ուրեմն վերջում երկու ն չի կարող լինել՝ «Ինձ համար միևնույն է/մեկ է, թե ինչ կլինի»։ Պարզ է, որ այստեղ երկրորդ դեպքն է։ Եվ դարձյալ տեսնում ենք, որ ենթագրում ճիշտ է գրված՝ «Միևնույն է, շուտով կտեղափոխվենք»։
«Սա իմ մտերիմ ընկերներն են» («Թզուկները տանը»)։
Ենթակայի (սա) ու ստորոգյալի (ընկերներ են) թվային անհամաձայնություն է։
Այստեղ պետք էր ենթական թվով համաձայնեցնել ստորոգյալի հետ։
Այսպես՝ «Սրանք իմ մտերիմ ընկերներն են»։
«Աղջկա հետ ամեն ինչ լավ է» («Թզուկները տանը»)։
Հետ կապի տարածված սխալ գործածություն է սա։
Հայերեն ճիշտ է՝ «Աղջիկը լավ է» կամ «Աղջկան բան չի պատահել»։
Այս կապի սխալ գործածության այլ դեպքեր․
«Լավ կանես՝ հիշես, թե ինչ ես արել բյուրեղի հետ» («Թզուկները տանը»)։
«Լավ կանես՝ հիշես, թե ինչ ես արել բյուրեղը»։
«Մի անհանգստացիր, Լիեմ, թզուկների հետ ամեն ինչ կարգին է»։
Ճիշտ է՝ «Մի անհանգստացիր, Լիեմ, թզուկները լավ են»։
«Եթե սրա հետ մի բան պատահի․․․․» («Արքայադուստրը և գորտը»)։
Ճիշտ է՝ «Եթե սրան մի բան պատահի․․․․»։
«Լսի՛ր, էլֆերի մոտ կանաչ գլխարկներ են» («Թզուկները տանը»)։
Սա էլ մոտ կապի սխալ գործածության դեպք է՝ թարգմանվող լեզվից պատճենում, որը կարող է ունկնդրին թյուրիմացության մեջ գցել։ Իրականում կանաչ գլխարկները էլֆերի մոտ չեն, այլ նրանց գլխին։
Ուրեմն՝ «Լսի՛ր, էլֆերը կանաչ գլխարկով են» կամ «Լսի՛ր, էլֆերի գլխարկները կանաչ են»։
Այս կապի սխալ գործածության այլ դեպք․
«Քեզ մոտ ամեն ինչ կստացվի, Քլոյի» («Թզուկները տանը»)։
Ճիշտ է՝ «Դու կկարողանաս, Քլոյի»։
«Այն տղան է, ով Չառլիին իր հետ է տարել» («Թզուկները տանը»)։
Ով դերանունն այստեղ սխալ է գործածված։ Ոչ թե տղան է, ով, այլ տղան է, որը (ով/ովքեր-ը միայն դերանունների հետ են գործածվում՝ նա է, ով/նրանք են, ովքեր)։
Սա նույնպես ենթագրում ճիշտ է գրված՝ «Այն տղան է, որը Չառլիին իր հետ է տարել»։
Քլոյին ընկերոջն ասում է․ «Զգուշացնում էի քեզ։ Նրանք ողջ են» (Թզուկները տանը)։
Ողջ են նշանակում է՝ կենդանի են, մեռած չեն։ Բայց համատեքստից պարզ է դառնում, որ խոսքը թրոգների իրական կամ անիրական լինելու մասին է։
Ճիշտ է՝ «Զգուշացնում էի քեզ։ Նրանք իրական են»։
«Ամեն ինչ այդքան էլ վատ չէ» («Թզուկները տանը»)։
Հայերենում կա այնքան էլ արտահայտությունը, որը ունի ոչ բոլորովին կամ բոլորովին էլ ոչ իմաստները։ Այդ իմաստները չունեն այդքան էլ կամ այսքան էլ արտահայտությունները։
Ճիշտ է՝ «Ամեն ինչ այնքան էլ վատ չէ»։
Նույն սխալի այլ դեպքեր․
«Մենք կվերադառնանք Իսպանիա։ Վերջին հաշվով՝ էդքան էլ վատ չէինք ապրում էնտեղ» («ճանապարհ դեպի Էլդորադո»)։
«Մենք կվերադառնանք Իսպանիա։ Վերջին հաշվով՝ էնքան էլ (այնքան էլ) վատ չէինք ապրում էնտեղ (այնտեղ)»։
«Ի՞նչ կասեք։ Առաջին հրամանս այդքան էլ վատը չէր, չէ՞» («ճանապարհ դեպի Էլդորադո»)։
Ճիշտ է՝ «Ի՞նչ կասեք։ Առաջին հրամանս այնքան էլ վատը չէր, չէ՞»։
«Ես էդքան էլ չեմ վստահում քեզ» («ճանապարհ դեպի Էլդորադո»)։
Ճիշտ է՝ «Ես էնքան էլ (այնքան էլ) չեմ վստահում քեզ»։
«Ինչո՞ւ է այսքան վատ բուրում» («Թզուկները տանը»)։
Խոսքը լորձի մասին է, իսկ լորձը չի կարող բուրել՝ անուշահոտություն տարածել։ Եվ ընդհանրապես որևէ բան չի կարող վատ բուրել։
Ճիշտ է՝ «Ինչո՞ւ է այսքան վատ հոտ գալիս» կամ «Ինչո՞ւ է այսքան գարշահոտ»։
«Դու ինձ հիմարեցրիր» («Արքայադուստրը և գորտը»)։
Հիմարանալ բայը ստանում է պատճառական ացն, այլ ոչ եցն ածանցը՝ հիմարացնել, հիմարացրու և այլն։
Ճիշտ է՝ «Դու ինձ հիմարացրիր»։
«Ամբողջ Նոր Օռլեանը իմ ձեռքերում կլինի»,- ասում է կախարդը («Արքայադուստրը և գորտը»)։
Հայերենում կան դարձվածքներ՝ լեզվական պատրաստի միավորներ, որոնք խոսքը պատկերավոր են դարձնում։ Օրինակ՝ աչքի առաջ ունենալ, ականջի հետև գցել, ձեռքից բաց թողնել և այլն։ Վերջին շրջանում այս դարձվածքները հաճախ գործածում են՝ հիմնաբառը հոգնակի թվով, ինչը հատուկ չէ այս փոխաբերական արտահայտություններին։
Ճիշտ է՝ «Ամբողջ Նոր Օռլեանը իմ ձեռքում կլինի»։
Նույն տեսակի ևս մի սխալ․
«Կվերադառնանք Իսպանիա ու թագավորների պես կապրենք» («ճանապարհ դեպի Էլդորադո»)։
Լավ ապրելու մասին այս դարձվածքը եզակի թվով ասում է՝ թագավորի պես ապրել՝ անկախ այն բանից՝ մեկ, թե մի քանի հոգու մասին է խոսքը։
Ուրեմն՝ «Կվերադառնանք Իսպանիա ու թագավորի պես կապրենք»։
«Հարցնեմ տիրուհուց» («Արքայադուստրը և գորտը»)։
Տիրուհուց կարելի է իմանալ, բայց հարցնել տիրուհուց՝ սխալ է։
Ճիշտ է՝ «Հարցնեմ տիրուհուն»։
«Ես ոչ մի հարստություն էլ չունեմ» («Արքայադուստրը և գորտը»)։
Հարստության մասին մի/ոչ մի ասելը ճիշտ չէ։
Ճիշտ է՝ «Ես հարստություն չունեմ»։
«Խիզախություն ունեցիր մահդ ազնիվ դիմավորել» («ճանապարհ դեպի Էլդորադո»)։
Փորձենք փոխել նախադասության շարադասությունը՝ «Մահդ ազնիվ դիմավորել խիզախություն ունեցիր»։ Արդյոք ճի՞շտ է նշված բայը ուղիղ ձևով գործածելը։ Պարզ է՝ ոչ։ Մեջբերված օրինակում դա նույնպես սխալ է։
Ճիշտ է՝ «Խիզախություն ունեցիր մահդ ազնիվ դիմավորելու»։ Կամ՝ «Մահդ ազնիվ դիմավորելու խիզախություն ունեցիր»։
Հերոսներից մեկը հարցնում է․ «Ուտելիքից ինչ-որ բան մնացե՞լ է»։ «Դե՛, ինչպե՞ս քեզ ասեմ։ Ե՛վ այո, և՛ ոչ»,- պատասխանում է մյուսը («ճանապարհ դեպի Էլդորադո»)։
Խոսքը ասելու ձևի մասին չէ, և ճիշտ չէ ինչպե՞ս հարցը։ Դա ճիշտ կլինի, օրինակ, ռուսերեն՝ как тебе сказать?։
Հայերեն ճիշտ է՝ «Դե՛, ի՞նչ ասեմ քեզ»։
Մուլտֆիլմում երկու ընկեր հայտնվել են բնիկների տարածքում, ու նրանց պետք է հավատացնեն, թե իրենք աստվածներ են։ Եվ ահա ընկերներից մեկն ասում է․ «Նրանք սկսում են անհանգստանալ, և եթե մենք հիմա ինչ-որ անմարդկային բան չանենք ․․․․» («ճանապարհ դեպի Էլդորադո»)։
Սխալ բառ է գործածվել։ Բնիկները նրանցից անմարդկային արարք չէին սպասում։
Ճիշտ է՝ «․․․․ եթե մենք հիմա ինչ-որ գերմարդկային/գերբնական բան չանենք ․․․․»։
«Քեզ երկար չմնաց ուրախանալու համար» («ճանապարհ դեպի Էլդորադո»)։
Կա՞րճ մնաց։ Իհարկե ոչ։ Ուրեմն սխալ է նաև երկար չմնաց-ը։
Ճիշտ է՝ «Քեզ շատ չմնաց ուրախանալու համար»։ Նախընտրելի է՝ «Քեզ շատ չի մնացել ուրախանալու համար»։
«Չփորձվես շարժվել» («ճանապարհ դեպի Էլդորադո»)։
Այս բառը կրավորականի վ-ով գործածելը տարածված սխալ է։
Ճիշտ է՝ «Չփորձես շարժվել»։
«Դուք կկամենաք, որ զոհերը կապվա՞ծ լինեն զոհասեղանից» («ճանապարհ դեպի Էլդորադո»)։
Կարելի է կախված լինել ինչ-որ բանից, բայց կապված՝ ինչ-որ բանին։
Ենթագրում ճիշտ է գրված՝ «Դուք կկամենաք, որ զոհերը կապվա՞ծ լինեն զոհասեղանին»։
«Երբևիցե դեռ չէի լսել այդպիսի ձևի գոյության մասին» («ճանապարհ դեպի Էլդորադո»)։
Առաջին երկու բառը միասին գործածելը ճիշտ չէ։ Երկրորդ նշումը նույնպես սխալ ձևակերպում է։
Ճիշտ է՝ «Երբևիցե/երբեք չէի լսել գոյության այդպիսի ձևի մասին»։ Նախընտրելի է՝ «Չգիտեի, որ այդպիսի կյանք գոյության ունի»։ Կամ՝ «Չգիտեի, որ այդպիսի կյանք կա»։
«Այլևս չեն լինի ոչ մի զոհաբերություններ» («ճանապարհ դեպի Էլդորադո»)։
Ոչ մի-ի հետ հոգնակի թիվ գործածելը ճիշտ չէ։
Ճիշտ է՝ «Այլևս չի լինի ոչ մի զոհաբերություն»։ Կամ «Այլևս չեն լինի զոհաբերություններ»։
«Նկատի ունեմ՝ արդյո՞ք սա վայել է աստվածների համար։ («ճանապարհ դեպի Էլդորադո»)։
Վայել լինել-ը կապ չի պահանջում։
Ճիշտ է՝ «Նկատի ունեմ՝ արդյո՞ք սա վայել է աստվածներին»։
«Ես այստեղ այդպիսիններին չեմ տեսնում»։ («ճանապարհ դեպի Էլդորադո»)։
Այդպիսի դերանունը կարող է որոշյալ հոդ ստանալ՝ այդպիսին։ Բայց հոգնակիի ներ-ը ավելանում է ոչ թե այդպիսին-ին, այդ այդպիսի-ին։
Ենթագրում ճիշտ է գրված՝ այդպիսիներին։
«Ուրախ էի քեզ պես գործընկեր ունենալ, Տուլիո» («ճանապարհ դեպի Էլդորադո»)։
Տուլիոն կարող էր պատասխանել․ «Իսկ հիմա ուրախ չե՞ս»։
Անցյալ ժամանակով գործածվող այս արտահայտությունը օտար լեզվից է պատճենված։ Այնքան է պատճենվել, որ արդեն հաճախադեպ է նաև ոչ թարգմանական խոսքում։ Լսում ենք՝ ուրախ էի ծանոթանալ, ուրախ էի, որ ողջ ես մնացել։ Այստեղ շարունակությունն էլ հայերեն չէ՝ ուրախ էի․․․․ ունենալ։
Ճիշտ է՝ «Ուրախ եմ, որ քեզ պես գործընկեր ունեմ/ունեցա, Տուլիո»։ Կամ՝ «Ուրախ եմ քեզ պես գործընկեր ունենալու համար, Տուլիո»։
Մուլտֆիլմում եղջերուն ասում է․ «Գեղատեսիլ վայրեր տեսա, ներկայացման մեջ մասնակցեցի» («Որսի սեզոն»)։
Եթե տեսա բառի հետ գեղատեսիլ-ը նախընտրելի չէ, ապա մեջբերման մեջ նշվածը լեզվական սխալ է։ Մասնակցում են որևէ բանի, այլ ոչ որևէ բանի մեջ։
Ճիշտ է՝ «Գեղատեսիլ վայրերում եղա (Գեղեցիկ վայրեր տեսա), ներկայացմանը մասնակցեցի»։
Մեծ եղջերուն մյուսներին ասում է․ «Շրջա՛ն կազմեք։ Հիմարնե՛ր, դա օվալ է։ Ավելի՛ շրջան» («Որսի սեզոն»)։
Շրջան-ը ածական չէ, ուստի ճիշտ չէ ասել ավելի շրջան։
Ենթագրում ճիշտ է գրված՝ «ավելի կլոր»։
Մանկական ֆիլմերի, մուլտֆիլմերի լեզուն կարևոր է, որ ոչ միայն անսխալ, այլև գեղեցիկ ու դյուրընկալ լինի։
«Արքայադուստրը և գորտը» մուլտֆիլմում հայրիկը Թիանային ասում է․ «Քո ցանկացած երազանքը կկատարվի»։ Երեխայի ըմբռնումները նկատի ունենալով՝ ցանկանալ ու երազել բառերը միասին գործածել պետք չէ։ Ավելի լավ է՝ «Ինչ էլ որ երազես, կկատարվի»։ Կամ՝ «ճանապարհ դեպի Էլդորադո» մուլտֆիլմում բնիկը հուզված սրբում է աչքերը ու ասում․ «Վերջապես ինչ-որ արդյունք կա»։ Պատկերի հետ համադրելով՝ երեխան կարող է շփոթել արցունք և արցյունք արտասանվող արդյունք բառերը։ Լավ կլիներ, որ բնիկն ասեր, օրինակ՝ «Վերջապես մի բանի հասա»։
Սրանք լեզվական կոպիտ սխալներ չեն։ Վերջիններիս առատության պատճառով մենք սովորաբար չենք անդրադառնում այսպիսի երևույթների։ Բայց երեխաներին որևէ բան մատուցելիս պետք է չափազանց բծախնդիր լինենք։
Մի նկատառում ևս․ բավական շատ են դեպքերը, երբ ենթագրի անսխալ տեքստը կրկնօրինակող դերասանները ընթերցում են սխալներով։ Խորհուրդ ենք տալիս հավատարիմ մնալ թարգմանչի ներկայացրած տարբերակին։
Երազիկ Գրիգորյան