Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Հարրի Փոթերը» և նրա հայերեն կրկնօրինակումը – 2

Շարունակենք վերլուծել «Հարրի Փոթեր» ֆիլմաշարի հայերեն թարգմանության մեջ տեղ գտած լեզվական սխալները:


Ֆիլմի չորրորդ մասի վերնագիրը հայերեն թարգմանել են «Հարրի Փոթերը և հրե գավաթը»: Արդեն խոսել ենք այն մասին, որ այստեղ լեզվական սխալ կա (չէ՞ որ, օրինակ, ջրի բաժակին մենք չենք ասում «ջրե բաժակ»), և ճիշտ ու բարեհունչ կլիներ թարգմանել «Հարրի Փոթերը և կրակի գավաթը»: Այդ դեպքում Սիրիուս Բլեքը, լեզվական մեղքի բաժինն ավելացնելով, Փոթերին չէր ասի. «Հրե կրակի մեջ անունդ չե՞ս գցել»: Պարզ է՝ «գավաթի» փոխարեն «կրակ» ասելը կրկնօրինակման անփութություններից է: Ճիշտ կլիներ՝ «Կրակի գավաթի մեջ անունդ չե՞ս գցել»: Իսկ անփութություններ ֆիլմի հայերեն տարբերակում շատ կան: Ահա դրանցից մի քանիսը. «Ապշեցուցիչ հաջողականություն է» (ճիշտ է՝ հաջողակություն), «Որսորդներից ով որսա սմիչը, նա էլ կավարտի խաղը» (բարեհունչ է՝ որսորդներից ով բռնի սմիչը), «Բավական ճգնել ես ու հանգել սխալ եզրահանգման» (ճիշտ է՝ ճգնել ես ու հանգել սխալ եզրակացության, կամ՝ սխալ եզրահանգում արել), «Դժբախտաբար, բոլոր կոշիկներս առեղծվածաբար անհետացել են» (դժբախտաբար-ն ու առեղծվածաբար-ը «չհանդիպեցնելու» հազար հնար կա), «Կարծում եմ՝ կդիմի անհապաղ միջոցների» (ճիշտ է՝ կարծում եմ՝ անհապաղ միջոցների կդիմի)։
Անցնենք առաջ: Պրոֆեսոր Մաքգոնագոլն ասում է. «Ես կգրեմ ձեր ընտանիքներին և երկուսդ էլ պատժամիջոց կստանաք»: Պատժամիջոց կիրառում են պատժողները, իսկ պատժվողները պատիժ են ստանում: Ուրեմն՝ «Ես կգրեմ ձեր ընտանիքներին և երկուսդ էլ պատիժ կստանաք (կամ՝ կպատժվեք)»:
Իսկ ահա մթին արվեստներից պաշտպանության գիտակ Սևերուս Սնեյփը հայտարարում է. «Ով կփորձի օգնել Փոթերին, կպատժվի մեղքի ծանրագույն խստությամբ»: Սնեյփին հասկանալը դժվար է, բայց ո՛չ նրա խոսքերը: Իրականում նա ասում է. «Ով կփորձի օգնել Փոթերին, այդ ծանրագույն մեղքի համար խիստ կպատժվի»: Իսկ հետո Սնեյփը հեգնում է. «Սենտիմենտալ զգացմունքնե՜ր»: Բայց նա լավ գիտի, որ սենտիմենտը հենց զգացումը, զգացմունքն է: Ուրեմն՝ «Ինչպիսի՜ զգացմունքայնություն» կամ «Ի՜նչ գերզգայունություն»:


Լսում ենք՝ «Սիմուսն անկախ դուրս է տալիս»։ Ճիշտ է՝ «Սիմուսն անկախ իրենից դուրս է տալիս» կամ՝ «Սիմուսն անկապ դուրս է տալիս»:
Բուսաբանության դաս է: «Ձեր մարդախոտը հանում եք ամանից և հետ եք դնում մի այլ ամանի մեջ»,– ասում է պրոֆեսորը: Մի այլ ամանի մեջ հետ չեն դնում: Հետ դնել կարելի է նույն ամանի մեջ: Ուրեմն՝ «Ձեր մարդախոտը հանում եք ամանից և դնում եք մի այլ ամանի մեջ»:
Դամբլդորը Հորացիոսին ասում է. «Դու շատ ես նման իմ հին ընկերոջը: Մեկը մեկին»։ Այսպես կթարգմանի միայն համակարգչային ծրագիրը: Մեկը մեկին-ը ռուսերեն դարձվածք է՝ один к одному: Իսկ դարձվածքները բառացի չեն թարգմանվում: Հայերենում դրան համապատասխանում է՝ «ոնց որ խնձորը երկու կես անես»:


Հարրին ընկերներին ասում է. «Շոյված եմ ձեր մտահաղացումից»: Այս սխալը համառ վարակի պես տարածվում է: Մտահղացում-ը միտք և հղանալ՝ ծագել, ստեղծել, ծնել բառերի միասնությունից է: «Հաղանալ» բառ հայերենում չկա:


Ֆիլմում հնչում է. «Հիշե՛ք, ոչ ոքի հետ զրույցի չենք բռնվում, բացի ծայրահեղ անհրաժեշտությունից»: Այսինքն՝ զրուցում ենք միայն ծայրահեղ անհրաժեշտության հե՞տ: Իհարկե ո՛չ: Նաև՝ խոսքը ոչ թե զրուցելու, այլ առհասարակ խոսելու մասին է: Ուրեմն՝ «Հիշե՛ք, ոչ մեկի հետ չենք խոսում, եթե ծայրահեղ անհրաժեշտ չէ» կամ՝ «Հիշե՛ք, խոսում ենք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:


Ապա լսում ենք. «Դուք չեք կարող ներխուժել ներս»: Ներխուժել բառի մեջ ներս-ի իմաստը կա: Ուրեմն՝ «Դուք չեք կարող ներխուժել»:
«Րոպեներ առաջ այն ոչնչացվեց ինքն իսկ Վոլդեմորդի կողմից»: Ինչպիսի՜ վատ թարգմանություն: Ըստ տեսարանի՝ պետք էր թարգմանել. «Վոլդեմորն ինքը (անվան նախընտրելի՝ առանց դ-ի տարբերակի մասին խոսել ենք նախորդ հոդվածում) ոչնչացրեց այն մի քանի րոպե առաջ (կամ՝ քիչ առաջ)»:
Ֆիլմում ականջակալները դնելու փոխարեն դրանք հագնում կամ տեղադրում են: «Հաստատ դա չի» ասելու փոխարեն ասում են. «Կտրականապես դա չի»: Ֆիլմում հետո-ն գրեթե միշտ ավելի ուշ-ն է: Երջանիկ-ին ասում են եռչանիկ: Համարյա բոլոր դերասանները արձակուրդ-ին ասում են առծակուրտ (իսկ Հոգվորթսում, հակառակի պես, տարին մեկ արձակուրդ են գնում): Աշակերտներն այստեղ ոչ թե կարողանում են, այլ նրանց մոտ ստացվում է: Խնդիրը ոչ թե այն է, այլ նրանում է: Բայց այս ամենը Հոգվորթսի հետ կապ չունի: Հոգվորթսում ամեն ինչ կարգին է: Այս ամենը կատարվում է «Հարրի Փոթերը» ֆիլմաշարի հայերեն թարգմանության մեջ:

Երազիկ Գրիգորյան
Լեզվի կոմիտեի աշխատակից

Նմանատիպ նյութեր
Առցանց ուսուցման օրերին Հարրի Փոթերի հասակակիցների և ոչ միայն նրանց համար Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց աշխարհն
Տեխնոլոգիական հնարամտությունները մի հպումով փոխեցին աշխարհը: Խելացի հեռախոսը գերեց մարդուն՝ բառի տարբեր իմաստներով: Մարդը վերանայեց
«Արմենիա» հեռուստատեսության «Երգիր, թե կարող ես» հաղորդաշարը պարզապես ժամանցային չէ: Եթե ուզում ես անորակ երաժշտությունից
Շարունակենք մեր զրույցը պատմական թեմայով արտասահմանյան ֆիլմերի հայերեն թարգմանությունների որակի մասին: Նախորդ անգամ ներկայացրինք ուսումնասիրված
Մենք շարունակում ենք հայկական հեռուստաեթերի գրավիչ առաջարկներից մեկի՝ արտասահմանյան ֆիլմերի հայերեն թարգմանությունների ուսումնասիրությունը: Այս անգամ

Հարգելի՛ քաղաքացիներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում խնդրում ենք լեզվական տարատեսակ պարզաբանումներին առնչվող նամակները, դիմումները առաջիկա օրերին Լեզվի կոմիտեին փոխանցել կապի հետևյալ միջոցներով․

📧 contact@langcom.am
☎️ 010 266879, ներքին՝ 1 կամ 2

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

Ավելին