Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Հարրի Փոթերը» և նրա հայերեն կրկնօրինակումը

Առցանց ուսուցման օրերին Հարրի Փոթերի հասակակիցների և ոչ միայն նրանց համար Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց աշխարհն անզեն գրաված այս պատանու կյանքը ներկայացնող ֆիլմաշարը՝ հայերեն կրկնօրինակմամբ: Բնագիր օրինակը հիմնականում չի հիասթափեցրել ֆիլմի ստեղծումից դեռ շատ առաջ ռոուլինգյան վիպաշարով հմայվածներին: Բայց ֆիլմի հայերեն թարգմանությունն, ահա, գոհացնող չէ:

Ներկայացնում ենք ֆիլմաշարից դուրս գրված մի քանի լեզվական սխալներ:

«Նենգամիտ նրբանցքում վտանգավոր տեղ է»,– ասում է Հագրիդը: Փոթերի այս հաղթանդամ, կոշտուկոպիտ ընկերն ու ուսուցիչը կարող է և ինչ-որ բան սխալ ասել: Բայց ո՛չ հայերեն: Հայերեն նա պետք է ասեր. «Նենգամիտ նրբանցքում վտանգավոր է»: Կամ՝ «Նենգամիտ նրբանցքը վտանգավոր տեղ է»:

«Միաեղջյուրի արյունը խմողը թանկ գին կվճարի»,– ասում է մարդաձին: Գինը թանկ կամ էժան չի լինում: Այն լինում է բարձր կամ ցածր, մեծ կամ փոքր (այլ բան են թանկագին-ն ու էժանագին-ը): Պետք էր ասել. «Միաեղջյուրի արյունը խմողը թանկ կվճարի»:
Հարրին ասում է. «–Պարոն Մալֆոյ, սա Ձերն է։ –Ի՞մ»,– զարմանում է Մալֆոյը ու մատնում ոչ միայն թարգմանչի, այլև մի ամբողջ աշխատանքային խմբի լեզվական անփութությունը: Ռուսերեն мой-ը այստեղ պետք է թարգմանվեր՝ «Ի՞մն է» կամ «Ի՞մը»:
Եվս մի վատ թարգմանված երկխոսություն. «–Ջինը կգա:– Չի՛ գա, քանի դեռ չկանչեմ»: Ճիշտ կլիներ. «Չի՛ գա, քանի դեռ չեմ կանչել» կամ «Չի՛ գա, մինչև չկանչեմ»:

Ահա թե ֆիլմը հայերենացնողներն ինչպես են վարվել գտնվել բայի հետ. «Ո՞նց կարելի է միաժամանակ երկու դասի գտնվել» (ճիշտ է՝ մասնակցել), «Դու պետք է այստեղ գտնվես» (ճիշտ է՝ լինես), «Հայրդ չէր ցանկանա, որ ես մեռնեմ: Նա ներողամիտ կգտնվեր» (ճիշտ է՝ կլիներ), «Ինչպիսի՞ն էր խավարի լորդը, ինչպե՞ս էր նրա ներկայությամբ գտնվելը» (ճիշտ է՝ ինչպե՞ս էիր քեզ զգում նրա ներկայությամբ):
Գտնվել բայի սխալ գործածությունը հայկական եթերում բավական հաճախադեպ է: Իսկ ահա հաջորդ սխալը հազվադեպ պատահողներից է. «Յուրաքանչյուրիցդ ակնալում եմ, որ ձեզ կներկայացնեք ըստ լավագույնս»,– ասում է պրոֆեսոր Մաքգոնագոլը: Այստեղ ըստ կապն ավելորդ է:
Իսկ այժմ՝ մի արտառոց սխալ. «Դու ավելի հին տեսք ունես»: Պարզ է, որ թարգմանությունը կատարված է ֆիլմի ռուսերեն տարբերակից: Старый՝ հայերենում և՛ հին է նշանակում, և՛ ծեր: Այստեղ պետք էր թարգմանել. «Դու ավելի ծեր ես երևում»:

Ֆիլմում, բնականաբար, շատ են խոսում ստից ու կեղծիքից: Սխալներից էլ են խոսում, միայն, ափսոս, ո՛չ լեզվական: «Մի՛ ստիր ինձ»,– ասում է Սնեյփը: «Դու ինձ ստել ես»,– ասում է Վոլդեմորը (նրա անունը ֆիլմում ռուսերենի նմանողությամբ հնչում է՝ Վոլդեմորդ, բայց բնագրի հնչադարձությունը հուշում է, որ նախընտրելի է գրքի հայերեն թարգմանության Վոլդեմոր տարբերակը): Ստել-ը չեզոք սեռի բայ է: Մեկը մյուսին չի կարող ստել: Մարդիկ պարզապես ստում են: Մեկը մյուսին կարող է խաբե՛լ (ներգործական սեռ): Ուստի ֆիլմում մեծ մոգերը պիտի ասեին. «Մի՛ ստիր» կամ «Մի՛ խաբիր ինձ», ինչպես նաև՝ «Դու ստել ես» կամ «Դու ինձ խաբել ես»:

«Հարրի, դեմ չե՞ս լինի՝ մի երկու բառով փոխանակվենք»: Սա հայերեն չէ: Հայերենը սա է. «Հարրի, դեմ չե՞ս լինի՝ մի երկու բառ փոխանակենք»:
Հարրի Փոթերը վազում է, նրա ընկեր Ռոնը հետևից ձայն է տալիս. «Հա՛րրի, սպասի՛ր, ո՛չ այդքան արագ»: Տունը այրվում է, բնակիչները գոռում են. «Այստե՛ղ, օգնե՛ք»: Հագրիդն ասում է. «Մարդախոտերին մնացել է ևս մի քիչ աճել»: Ֆիլմի ռուսերեն տարբերակում բառացիորեն այսպես է: Բայց թարգմանել էր պետք ոչ թե բառերը, այլ տեքստը. «Հա՛րրի, սպասի՛ր, այդքան արագ մի գնա», «Հասե՛ք, օգնե՛ք», «Մարդախոտերը մի քիչ էլ պիտի աճեն»:

Ֆիլմի չորրորդ մասը կոչվում է «Հարրի Փոթերը և հրե գավաթը»: Հրե նշանակում է հրից՝ կրակից պատրաստված, կազմված: Մինչդեռ հուրն այս գավաթի մեջ է, նրանից է դուրս գալիս: «Հրի գավաթը» այնքան էլ լավ չի հնչում: Ուրեմն պետք էր թարգմանել այնպես, ինչպես թարգմանվել է Ջ. Ռոուլինգի հանրահայտ գրքի չորրորդ հատորի վերնագիրը՝ «Հարրի Փոթերը և կրակի գավաթը» (թարգմանիչ՝ Ալվարդ Ջիվանյան):
Ֆիլմի այս և մյուս մասերի լեզվական սխալների մասին՝ հաջորդ անգամ:

Երազիկ Գրիգորյան
Լեզվի կոմիտեի աշխատակից