Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հարցական նշանի եվ հնչերանգի մասին

Փիլիսոփաներից մեկն ասել է. «Մարդու մասին ավելի հաճախ կարելի է կարծիք կազմել նրա տված հարցերից, քան պատասխաններից»։ Ուրեմն ինչքա՜ն կարևոր է խելացի հարցեր տալը և ոչ պակաս կարևոր՝ այդ հարցերը ճիշտ շեշտադրելը։

Հայտնի է, որ հայերենում հարցական նշանը դրվում է ոչ թե նախադասության վերջում, ինչպես անգլերենում, ռուսերենում և շատ այլ լեզուներում է, կամ նախադասության սկզբում և վերջում միաժամանակ, ինչպես իսպաներենում է, այլ հենց հարցում արտահայտող բառի վրա։ Բայց հաճախ սխալմունք է առաջանում հարցական նշանի (պարույկի) ճիշտ տեղը որոշելիս։

Պետք է հիշել ու կիրառել․ հայերենում հարցական նշանը գրեթե միշտ դրվում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա (շեշտի պես)։ Նույն օրինաչափությամբ է ձևավորվում նաև հարցական հնչերանգը։  Օրինակ՝ «Գիտե՞ք (ոչ թե գի՞տեք), թե տոնածառը տեղափոխելու համար ինչքա՛ն փող է հարկավոր»:

Շեշտի մասին պատահաբար չհիշեցինք։ Հարցական սխալ հնչերանգ կիրառողը հաճախ սխալվում է նաև բառը շեշտադրելիս. «Դուք հաստատ գի՛տեք (փոխանակ գիտե՛ք), թե տոնածառը տեղափոխելու համար ի՛նչքան (փոխանակ ինչքա՛ն) փող է հարկավոր»: 

Որոշ բացառությունների մասին

Եթե բառն ավարտվում է ը ձայնավորով, ապա հարցական հնչերանգ ստանում է դրան նախորդող վանկը(օրինակ՝ բառարա՞նը, խո՞սքը և այլն)։

Հարցում արտահայտող դերանունները բառի վերջին ձայնավորի վրա գրավոր խոսքում սովորաբար կրում են հարցական նշան, ինչպես՝ ե՞րբ, ինչո՞ւ, քանի՞, որտե՞ղ և այլն։ Կանոնից շեղվում են ո՞րերորդ, քանի՞երորդ, նո՞ւյնպես, նո՞ւյնչափ դերանունները, -երորդ մասնիկով կազմված թվականները (հի՞նգերորդ, տասնվե՞ցերորդ),  մի՞թե վերաբերականը, որոնց շեշտը դրվում է նախավերջին կամ դրան նախորդող վանկի վրա։

Որոշ հաղորդավարներ, գովազդ կարդացողներ երբեմն արտառոց, հայերենին անհարազատ ու սխալ լուծումներ են մատուցում եթերում: Օրինակ՝ «Մսա՞մթերք եք նախընտրում, թե՞ կաթնա՛մթերք»։ Եթե կարիք կա ընդգծելու մթերքի ինչպիսին լինելը, ապա կարելի է հետևյալ կերպ ասել՝ «Մսայի՞ն մթերք եք նախընտրում, թե՞ կաթնային» կամ «Մսամթե՞րք եք նախընտրում, թե՞ կաթնամթե՛րք»։

Օժանդակ բայերի վրա հարցական նշան դնո՞ւմ ենք

Տեսե՛ք՝ գրել ենք՝ դնո՞ւմ ենք (ոչ թե դնում ե՞նք)։ Հայերենում օժանդակ բայի վրա հարցական նշան չենք դնում, ուստի խրախուսելի է, որ բանավոր խոսքում նույնպես օժանդակ բայը չարտասանվի հարցական հնչերանգով (բարբառային խոսքը կամ անհատական մոտեցումը չհաշված)։ Օրինակ՝

«Արդեն քննարկե՞լ եք(ոչ թե քննարկել ե՞ք) հարցը»:
«Նոր տոնածառը փոխանցո՞ւմ է (ոչ թե փոխանցում է՞) տոնական տրամադրություն»:

Օժանդակ բայը հարցական հնչերանգով է արտասանվում և կրում հարցական նշան, եթե ժխտական խոնարհման բայաձև է: Օրինակ՝ «Դեռ չե՞ք եկել»։ «Գիրքը չէի՞ր կարդալու»։  «Չի՞ խոսելու»։

Հիշեցնենք նաև, որ մեր լեզվում կիրառելի է միայն պարույկը (ոչ թե «?», այլ «՞»)։ Հմմտ․ «Կարող եք գտնել այլ տարբերակներ?» փոխանակ «Կարո՞ղ եք գտնել այլ տարբերակներ»:

Ի դեպ, ոմանք «ու» տառի պարույկը դնում են ւ-ի վրա, ոմանք՝ ո-ի։ Ավանդաբար ընդունված է երկրորդ տարբերակը․ «Այդ ո՞ւր», «Ամո՞ւր ես կապել»։          Հորդորում ենք գրական բանավոր խոսքում պահպանել հայերենի հարցական ճիշտ հնչերանգը, իսկ գրավոր խոսքում հետևել կետադրելու ընդունված կանոնին։

Նմանատիպ նյութեր
Ներկայացնում ենք մի շարք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը՝ հորդորելով վերջիններիս տալ նախապատվությունը թե՛
Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս գործողություն, որը ենթական կրում է իր վրա։ Կազմվում են
Ամանորին մի քանի օր է մնացել, և Լեզվի կոմիտեն ցանկանում է անդրադառնալ  այս տոնին առնչվող
Կազմել ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Հայերեն բառերը շատերին հասկանալի են ու հայտնի,
«Չ» ածանցն ունեցող բայերը շատ չեն։ Դրանք անորոշ դերբայի ԵԼ մասնիկից առաջ ունեն «չ» ածանցը՝

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին