Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հոգնակին կազմելու դժվարությունների 12 դեպք

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը «Art 365» կայքում այս անգամ անդրադարձել է հոգնակիի կազմության որոշ դժվարությունների։ 

 

Հայախոս և հայակիրթ (հայկական կրթություն ստացած) մարդը երբեմն դժվարությունների է հանդիպում անգամ գոյականի և դերանվան հոգնակին կազմելիս։ Ներկայացնում ենք այդպիսի դժվարությունների տասներկու դեպք։

 

 

 

 

1. ՄԱՐԴԻԿ

 

ՄԱՐԴ բառի հոգնակին կազմվում է –իկ մասնիկով՝ ՄԱՐԴԻԿ, այդպես էլ՝ ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՆԱԽԱՄԱՐԴԻԿ։ ՄԱՐԴԻԿ ձևը բացառություն է, ինչպես որ բացառություն է ԿԻՆ բառի հոգնակին՝ ԿԱՆԱՅՔ։ Շատերը սխալմամբ ՄԱՐԴԻԿ-ը գրում են –ք-ով՝ «մարդիք»՝ կարծելով, թե գրաբարյան –ք հոգնակիակերտ մասնիկն է, ինչպես՝ որդի – որդիք կամ ժողովրդական խոսքում պահպանված այդ նույն –ք-ն՝ գյուղացի – գյուղացիք։

 

 

 

2. ԱՆՁԻՆՔ

 

ԱՆՁՆ բառի գրաբարյան հոգնակին է ԱՆՁԻՆՔ, որն այդպես փոխանցվել է նոր հայերենին (անշուշտ ճիշտ է նաև ԱՆՁԵՐ ձևը): Ն-ի անկումով առաջացած «անձիք» սխալ տարբերակը որևէ կերպ չի հիմնավորվում:

 

 

 

3. ՆՌՆԵՐ

 

ՆՈՒՌ բառի հոգնակին կազմվում է –ներ մասնիկով, ու ձայնավորի հնչյունափոխությամբ՝ ՆՌՆԵՐ։ Միավանկ մի շարք բառեր գրաբարում ն են ունեցել, որը հոգնակին կազմելիս վերականգնվում է՝ բեռ – բեռներգառ – գառներդուռ – դռներեզ – եզներթոռ – թոռներլեռ – լեռներծոռ – ծոռներծունկ – ծնկներհարս – հարսներձուկ – ձկներմատ – մատներմուկ – մկներ (ինչպես տեսնում ենք, սրանցից երեքում էլ ու-ի հնչյունափոխություն կա)։

 

 

 

4. ՌՈՒՍՆԵՐ

 

ՌՈՒՍ բառի հոգնակին կազմվում է –ներ մասնիկով՝ ՌՈՒՍՆԵՐ (գրաբարում այս բառը չկար, այսինքն՝ վերջում ն չուներ)։ Միավանկ բառերի մեջ այդ առումով միակն է, որը –ներ է ստանում։ «Ռսներ» ձևը բարբառային է։ Որոշ մարդիկ այդ ձևը միտումնավոր են գործածում՝ որպես որոշակի վերաբերմունքի դրսևորում։

 

 

 
5. ԴՈՒՍՏՐԵՐ

 

ԴՈՒՍՏՐ բառի հոգնակին կազմվում է –եր մասնիկի հավելումով, առանց բառի ու ձայնավորի հնչյունափոխության։ «Դստրեր» ձևը մերժելի է։ Թերևս ազդել է սեռականի դստեր ճիշտ ձևը։

 

 

 

6. ԾԱՌԵՐ

 

Կանոնի համաձայն, քանի որ միավանկ բառ է, ԾԱՌ բառին ավելանում է –եր մասնիկը՝ ԾԱՌԵՐ։ Գրական խոսքում արտառոց է հնչում «ծառներ» սխալ կազմությունը։

 

 

 

7. ՍՊԱՆԵՐ

 

Քանի որ սպ-ից առաջ հստակ ը էր արտասանվում (այժմ այդ ը-ն շատ թույլ է կամ պարզապես չի արտասանվում), բառը փաստացի երկվանկ էր ՝ ըս-պա, ուստի հոգնակին կազմելիս ավելացել է –ներ մասնիկը՝ ՍՊԱՆԵՐ։ Հատկապես ռուսական կրթություն ստացած  շատ մարդիկ բառն ընկալում են միավանկ և հոգնակին կազմում «սպաեր» ձևով, որն անշուշտ սխալ է։

 

 

 

8. ԱՅԼՔ

 

ԱՅԼ դերանվան հոգնակին կազմվում է –ք մասնիկով՝ ԱՅԼՔ։ Մի քանի հազար տարի այդպես է։ Բայց այսօր մարդիկ այլք-ի սեռական հոլովի այլոց ճիշտ ձևի ո-ն  «բերել տեղավորել են» ԱՅԼՔ-ի –ք-ից առաջ՝ ստանալով մի նոր, բայց սխալ ձև՝ «այլոք»։ Այսպիսով՝ ԱՅԼՔ, ԱՅԼՈՑ ձևերը ճիշտ են, «այլոք»-ը՝ լիովին մերժելի։

 

 

 

9. ՈՄԱՆՔ

 

ՈՄՆ դերանվան հոգնակին՝ ՈՄԱՆՔ, որը անորոշ մարդիկ է ցույց տալիս։ Սխալ է այս ձևը գործածել իրերի առնչությամբ (օրինակ՝ «կազմակերպություններից ոմանք»), ինչպես որ սխալ է ՈՐՈՇ դերանվան «որոշներ» անհանձնարարելի ձևը գործածել անձերի վերաբերմամբ՝ ՈՄԱՆՔ-ի փոխարեն (օրինակ՝ «պատգամավորներից որոշները»)։

 

 

 

10. ԱՅՍՊԻՍԻՆԵՐ(Ը) / ԱՅՍՊԻՍԻՔ

 

Գրական հայերենում ԱՅՍՊԻՍԻ դերանվան հոգնակին երկու ձևով է կազմվում՝ –ներ մասնիկով՝  ԱՅՍՊԻՍԻՆԵՐ(Ը),  և –ք մասնիկով՝ ԱՅՍՊԻՍԻՔ։ Երկուսն էլ ընդունելի են։ Ոմանք ԱՅՍՊԻՍԻՆԵՐ(Ը)  ճիշտ ձևին անհիմն ավելացնում են ևս մեկ ն՝ «այնպիսինները», որը սխալ է։

 

 

 

11. ՇՏԱԲՆԵՐ

 

ՇՏԱԲ փոխառյալ բառը ոմանք ընկալում են միավանկ և կազմում հոգնակիի անընդունելի «շտաբեր» ձևը։ Այս բառը հայերենում երկվանկ է (ըշ-տաբ), ուստի հոգնակին –ներ մասնիկով է կազմվում, հայերեն երկվանկ բառերի պես՝ շտաբներ։

 

 

 

12. ԹԻՄԵՐ

 

Փոխառյալ բառերի ի-ն հոգնակին կազմելիս (և առհասարակ) չի հնչյունափոխվում, ուստի ԹԻՄ բառի կանոնական հոգնակին է ԹԻՄԵՐ։ Ականջ է սղոցում «թմեր» ձևը, որ լսվում է հայաստանյան բանավոր խոսքում։

 

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook