Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեր վերջին հրապարակումներից մեկում առիթ եղավ խոսելու մի սխալ մտայնության մասին։ Չգիտես ինչու, ոմանց թվում է, թե հոմանիշ բառերն իրար փոխարինում են բոլոր դեպքերում, բոլոր նախադասությունների մեջ։

Պետք չէ ունենալ լեզվական հարուստ գիտելիքներ կամ իմանալ քերականական բազում կանոններ՝ զգալու համար, որ այդպես լինել չի կարող։

Թեև մեկ անգամ արդեն գրել ենք, սակայն հիշեցնենք նորից, որ «հոմանիշներ են կոչվում միևնույն հասկացությունն արտահայտող այն բառերը, որոնք ունեն մոտ կամ նույն իմաստներ և միաժամանակ կարող են տարբերվել ոճական կիրառությամբ, հուզաարտահայտչական գունավորմամբ, ինչպես նաև գործածականությամբ և ուրիշ բառերի հետ կապակցվելու տարբեր ունակությամբ»։

Lեզվաբան Աշոտ Սուքիասյանի այս ձևակերպմամբ պարզաբանված է ամեն բան։

Ասվածը մեկնաբանենք օրինակներով։

Հոմանիշներ են մաքուր-ը, պարզ-ը, հստակ-ը, ջինջ-ը, վճիտ-ը, զուլալ-ը, ականակիտ-ը, անապակ-ը, անապական-ը․․․

Ինչպես կարող ենք ասել, օրինակ, մաքուր ջուր, պարզ ջուր, այնպես էլ՝ վճիտ ջուր, զուլալ ջուր, անապակ ջուր։

Մաքուր-ը կարող ենք կապել նաև շատ այլ բառերի ու ասել, օրինակ, մաքուր հատակ, մաքուր հագուստ, մաքուր մարդ։ Բայց կարո՞ղ ենք նույն բառերի հետ գործածել վերջինիս նշված հոմանիշներն ու ասել հստակ հատակ, վճիտ հագուստ, ականակիտ մարդ։

Հավանաբար թվում է այնքան տարօրինակ, որ նույնիսկ մտածում եք, թե ինչո՛ւ է այս մասին խոսվում։

Այդ դեպքում գրեմ երկու այլ հոմանիշ բառ՝ խրախուսել, քաջալերել։

Ո՛չ մի կասկած․ խրախուսել բառի առաջին իմաստներից մեկը քաջալերել-ն է և հակառակը։ Ուրեմն կարո՞ղ են սրանք իրար փոխարինել։ Իհա՛րկե։ Այլապես ինչո՞ւ պիտի համարվեին հոմանիշ։ Բայց չմոռանանք քիչ առաջ ասվածը՝ հոմանիշներն իրարից կարող են տարբերվել և՛ ոճական կիրառությամբ, հուզաարտահայտչական երանգավորմամբ, և՛  այլ բառերի հետ կապակցվելու տարբեր ունակությամբ։

Ահա այստեղ է, որ պետք է մի քիչ ունենալ լեզվական հոտառություն։

Կարո՞ղ ենք խրախուսել զինվորներին։

Ոչ միայն կարող ենք, այլև պարտավոր ենք։

Իսկ քաջալերե՞լ։

Դե, Էլ ուրիշ ո՞ւմ է հարկավոր քաջալերել, եթե ոչ հենց զինվորներին։

Ամեն բան թվում է պարզ։ Այո՛, այս դեպքում՝ պարզ, բայց ո՛չ դրա հոմանիշներով ասած՝ անպաճույճ, անապակ, ջինջ․․․

Սակայն արի ու տես, որ ամեն ինչ պարզ է թվում առաջին հայացքից, իսկ իրականում քաջալերել բառի իմաստը շատերի համար մշուշոտ է։ Այս պատճառով էլ այնքան են տարածվել դրա գործածության սխալները, որ հանդիպում են անգամ պաշտոնական փաստաթղթերում, զանազան գրություններում ու լրագրողների խոսքում։ Քաջալերվում է այն, ինչը քաջալերվող բան չէ․․․

Օրինակ՝ քաջալերվում է․․․ ձգտումը («Բանախոսը հորդորեց քաջալերել անկախացման ձգտումը»), գաղափարը («Կազմակերպությունը մտադիր է քաջալերել քոլեջի համար գումար խնայելու գաղափարը»), գործունեությունը («ՊԵԿ-ը այս հարցում բավական կառուցողական դեր է ունեցել և Կառավարությունում քաջալերել է այս գործունեությունը):

Բերենք այլ օրինակներ՝ վերցված մամուլից ու տարբեր գրություններից․

«Հայաստանն ու Գերմանիան քաջալերում են երկկողմ հարաբերությունների զարգա­ցումը»։

«ԵՄՀ-ն քաջալերում է առաջընթացը»։

«Կողմերը քաջալերում են անմիջական ներդրումները»։

«Շվեյցարիան քաջալերում է Հայաստան-Իրան հարաբերությունները»:

«Առաջադեմ երկրները քաջալերում են նորարարությունը»:

Թեև աշակերտները նույնպես քաջալերման կարիք զգում են հաճախ, բայց դժվար թե այսպիսի դեպքերում․ «Ընթերցանության ժամանակ պետք է հարցեր տալ և քաջալերել, որ աշակերտը ամբողջական նախադասություններով պատասխանի հարցերին»։

Շատերը հիմա թերևս դժվարությամբ են համաձայնում պատվաստվել, սակայն չենք կարծում, թե բանը հասել է նրան, որ դրա համար բնակչությանն սկսել են քաջալերել․ «Թել Ավիվում մարդկանց քաջալերում են COVID-19-ի դեմ պատվաստվել»:

Հեշտ է նկատել, որ այս նախադասություններում ամեն բան տեղը կընկնի, եթե քաջալերել-ը փոխարինենք իր հոմանիշ խրախուսել-ով։ Որպես օրինակ՝ ճշտենք դրանցից մի քանիսը․

«Հայաստանն ու Գերմանիան խրախուսում են երկկողմ հարաբերությունների զարգա­ցումը»։

«ԵՄՀ-ն խրախուսում է առաջընթացը»։

«Կողմերը խրախուսում են անմիջական ներդրումները»։

«Շվեյցարիան խրախուսում է Հայաստան-Իրան հարաբերությունները»:

Սխալվելու պատճառներից մեկն էլ ռուսերենից ոչ ճիշտ թարգմանությունն է։ Քանի որ поощрить (поощрять) բառը նշանակում է և՛ խրախուսել, և՛ քաջալերել, ոմանց թվում է, թե ամեն պարագայում դրանցից ո՛րն ուզեն կընտրեն ու ինչպես կխրախուսեն, այնպես էլ կքաջալերեն աշխատանքը, ձեռնարկատիրությունը, առևտուրը․․․

Մեր մեկ այլ լեզվաբան՝ Մայա Ավագյանն ասում էր․ «Ճիշտ բառը ճիշտ տեղում»։

Պետրոս Բեդիրյանի հոմանիշների բառարանը կոչվում է «Բառի ընտրությունը», քանի որ մեծագույն խնդիրը ճիշտ բառ ընտրելն է։

Հոմանիշների բազում բառաբույլերի մեջ գտնենք, ուրեմն, ասելիքը ճիշտ արտահայտող բառը և իր տեղը դնելուց առաջ հիշենք, որ այն նույնպես ունի իր ոճական առանձնահատկությունը, գործածության շրջանակն ու այլ բառերի հետ կապվելու յուրահատկությունը։

 

 

Գուրգեն Միքայելյան

 

Խաղա՞նք
https://www.langcom.am/%d5%ad%d5%a1%d5%b2-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-3/

Ներկայացնում ենք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-14/

Այս տարի նշվում է «․հայ» դոմենային անունների տիրույթի ստեղծման 5-րդ տարեդարձը։

Այդ առիթով կազմակերպվել էր միջոցառում, որը նվիրված էր հայատառ «․հայ» տիրույթի խնդիրներին և զարգացման ուղիներին։
https://bit.ly/3d1qGwI

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

Ավելին
facebook