Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հորդորակ բայերի ելակետային ձևերի սխալ գործածության մասին

Ժամանակակից արևելահայերենի բայերի ելակետային ձևերը  կազմվում են երկու վերջավորությամբ՝ ԵԼ և ԱԼ: Այսպես՝ գործել, շահել, զեղչել, թպրտալ, թնդալ, զղջալ: Վերջավորությունների Ե և Ա ձայնավորները պահպանվում են բայական տարբեր ձևերում, ինչպես՝ գործեցինք, զեղչեց, թնդացին, զղջաց և այլն: 

Կան նաև բայեր, որոնք ունեն խոնարհման զուգաձևություն, օրինակ՝ սարսռալ / սարսռել բայը ենթարկվում է թե՛ Ա, թե՛ Ե խոնարհման, այսպես՝ սարսռացի, սարսռացիր, սարսռաց կամ սարսռեցի, սարսռեցիր, սարսռեց: Այդպես էլ ափսոսալ և ափսոսել, փողփողալ և փողփողել, վետվետալ և վետվետել «թեթև՝ աննկատելի ալիքներով ծփալ», կաթել և խոսակցական կաթալ, ոստոստալ և ոստոստել «հաճախակի ոստյուններ անել», հաչել և խոսակցական հաչալ, հեծեծել և խոսակցական հեծեծալ «հառաչել, ողբալ» և այլն:

Միայն մեկ բացառություն կա: Հայերենի ամենագործածական բայերից  ասել-ը, որն անկանոն բայ է, պատկանում է Ե խոնարհման, սակայն ժամանակային որոշ ձևեր կազմելիս   ենթարկվում է Ա խոնարհման՝ ասացի, ասացիր, ասաց (հմմտ. ասացվածք, հեքիաթասաց, ասացող), ոչ թե ասեցի, ասեցիր, ասեց և այլն։ Ե-ով կազմված ձևերը բնորոշ են խոսակցական լեզվին:

Նույնքան հաճախական է խոսել բայը, որը, ի տարբերություն ասել-ի, կանոնական է. բայական դիմավոր և անդեմ ձևեր կազմելիս կիրառվում է Ե-ն: Այսպես՝ խոսեցի – խոսեցիր – խոսեց,  խոսել (է) – խոսելու – խոսելով – խոսած, խոսի՛ր…

Իսկ երբ ընտրվում է ելակետային սխալ ձևը, սկսվում է սխալների շղթան: Այսպես՝ խոսալ – խոսացի – խոսացիր – խոսաց,  խոսացել (է) – խոսալու – խոսալով – խոսացած, խոսա՛… Գրական հայերենում, մասնավորապես պաշտոնական խոսքում այս բայաձևերն անընդունելի են: Նրանց հաճախական գործածությունը հատկապես սերիալներում և հեռուստատեսային հաղորդումներում անտանելի է դարձել:

Մի շարք բայերի պարագայում ևս ելակետային սխալ ձևեր են ընտրվում, ինչպես՝ գովալ (փոխանակ՝ գովել), ծիծաղալ (փոխանակ՝ ծիծաղել), որը շղթայական սխալի պատճառ է դառնում և խաթարում հայերեն խոսքը:

Հիմք ընդունելով ասվածը՝
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
հատկապես պաշտոնական և հանրությանն ուղղված խոսքում հետևել գրական լեզվի կանոնին:

Հիշե՛ք

Բժշկական այս գործիքը, որն օգտագործում են վիրահատությունների ժամանակ, կոչվում է ՆՇՏԱՐ։
#ՉԱՍԵՔլանցետ

Կոտայքի Ավան գյուղը Երևանի այժմյան Ավան թաղամասն է: Անցյալում «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից: «Ավան» բառով կազմվել են շատ բնակավայրերի անուններ՝ Ստեփանավան, Սևակավան, Արտավան, Բերքավան և այլն:

ԻՆՉՊԵՍ ԵՆ «ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ» ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

Բառաչել - կով, եզ, ցուլ
Մկկալ - այծ
Մայել - ոչխար
Խռխռալ, խռնչալ - խոզ
Խրխնջալ, վրնջալ - ձի
Զռալ - ավանակ
Մռնչալ - վայրի գազաններ՝ առյուծ, վագր, արջ և այլն
Մլավել, մռլտալ, մռմռալ - կատու
Հաչել, կլանչել, կաղկանձել - շուն
Ոռնալ - գայլ

«Կոնդ» անվանումը տիպական է այն տեսակետից, որ հասարակ անունը դառնում է հատուկ տեղանուն: Բնակավայրը Կոնդ է կոչվել բարձր դիրքի պատճառով: Հայերեն նշանակություններից մեկն է «բլուր, բլրակ, թումբ»:

Կոնդի մի մասը հնում կոչվել է Ծիրանի թաղ:

Հիշե՛ք

Վարագույրի այս տեսակը, որը տարածված է հատկապես գրասենյակներում, ՇԵՐՏԱՎԱՐԱԳՈՒՅՐ է կոչվում։
#ՉԱՍԵՔժալյուզի

Ավելին