Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հորդորակ կախման կետերի եվ բազմակետի գործածության մասին

Կախման կետերի ու բազմակետի ընկալման և գործածության անմիօրինակություն է նկատվում:

Կախման կետերը (…) դրվում են կիսատ թողած մտքի փոխարեն, երբ նախադասության մեջ առկա են չդրսևորված հույզ, զգացմունք, միտքը շարունակելու կամ ավարտելու դժվարություն, անվճռականություն: Կախման կետեր կարող են դրվել նախադասության տարբեր հատվածներում: Օրինակ՝

Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ…
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
(Հովհ. Թումանյան)

Մութը հյուսում է տրտմության ժանյակ,
Ծաղիկներն անուշ բույր են բուրվառում.
– Իմ սիրտը տրտո՜ւմ, իմ սիրտը մենա՜կ…
(Վ. Տերյան)

Ինչ տեսա՞… Հիմա… Հիմա, հիմա… Որտե՞ղ ինչ տեսա… Տա՞նը… Ո՞ւմ տանը… Ի՞նչ տուն… Ես եմ սպանել… (Պ. Զեյթունցյան)

Կախման կետերը ցույց են տալիս նաև ինչ-ինչ պատճառներով մտքի ընդհատված լինելը, տևական դադարները մտքի տարբեր հատվածների միջև: Օրինակ՝ Իսկ նա… նա պարտավոր է ինձ ատել, արհամարհել… այնպես չէ՞… (Ալ. Շիրվանզադե)

Երբ ավարտուն միտք ենք ունենում, կախման կետերը վերջակետի արժեք են ձեռք բերում, և նրանցից հետո նախադասությունն սկսվում է մեծատառով: Օրինակ՝ Միրհավը թռել էր հեռուՄամռոտ քարի վրա երկու փետուր էր ընկած (Ա. Բակունց):

Կախման կետերը, ինչպես տեսանք, դրվում են նախորդող միավորին կից:

Բազմակետը (….) դրվում է մեջբերվող խոսքի կրճատված մասի փոխարեն: Օրինակ՝ Այս բաժանումը …. բացի աշխարհագրականից, ունի նաև պատմա-ավանդական և լեզվաբանական հիմք, եթե նկատի առնենք արևմտահայ և արևելահայ գրական լեզուների գոյությունը՝ ձևաբանական մի այնպիսի նկատելի տարբերությամբ, ինչպիսին ներկայի կազմությունն է (Գ. Ջահուկյան, «Հայ բարբառագիտության ներածություն»): Գ․ Ջահուկյանի խոսքից կրճատվել է «ինչպես հայտնի է» արտահայտությունը, որը տվյալ դեպքում անհրաժեշտ չէ:

Պետք է նկատի ունենալ, որ բազմակետը երկու կողմից առանձնանում է բացատներով:

Հավելենք, որ գիտական խոսքում բնագրի կրճատված մասի փոխարեն նաև այս՝ <…> պայմանական նշանն են դնում: Օրինակ՝ Այսպիսի պատկերումը կլուսավորի միայն մի փոքր տարածություն, իսկ կերպարը կստացվի շատ նեղ, սխեմատիկ, անարյուն, <…> չի արտահայտի իրականության բուն էությունը (Դ. Դեմիրճյան):

Կախման կետերն ու բազմակետը իրարից տարբերվում են միայն մեկ կետով, բայց տարբեր նշաններ են, և սխալ է կիրառել մեկը մյուսի փոխարեն: Կետադրական այս նշանների մասին անհրաժեշտ է իմանալ հետևյալը.

ա. կախման կետերի միջոցով նշվում են անավարտ մնացած, բառերով չարտահայտած, չդրսևորված միտք, հույզ կամ զգացմունք, իսկ բազմակետը նշում է մեջբերվող խոսքի որևէ հատվածի կրճատված լինելը․

բ. կախման կետերը բնորոշ են գեղարվեստական, իսկ բազմակետը՝ գիտական ոճին.

գ. կախման կետերը գործածվում են թե՛ հեղինակային, թե՛ մեջբերվող խոսքում, իսկ բազմակետը՝ միայն մեջբերվող խոսքում.

դ. կախման կետեր ունեցող հատվածն արտասանվում է ոչ ավարտուն հնչերանգով. բազմակետի դեպքում արտասանական առանձնահատուկ երանգ չի դրսևորվում:

Այսպիսով
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
բազմակետը և կախման կետերը ճիշտ ու տեղին գործածել:

Լեզվի կոմիտեն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվար սոցիալական հարթակներում հրապարակել է հորդորակ, նյութեր և հարցումներ դպրոցներում ուսուցչին դիմելու հայերեն ձևերի մասին։

➡️Ամբողջական՝ https://bit.ly/3a3kT7s

Հիշե՛ք

Բժշկական այս գործիքը, որն օգտագործում են վիրահատությունների ժամանակ, կոչվում է ՆՇՏԱՐ։
#ՉԱՍԵՔլանցետ

Կոտայքի Ավան գյուղը Երևանի այժմյան Ավան թաղամասն է: Անցյալում «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից: «Ավան» բառով կազմվել են շատ բնակավայրերի անուններ՝ Ստեփանավան, Սևակավան, Արտավան, Բերքավան և այլն:

ԻՆՉՊԵՍ ԵՆ «ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ» ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

Բառաչել - կով, եզ, ցուլ
Մկկալ - այծ
Մայել - ոչխար
Խռխռալ, խռնչալ - խոզ
Խրխնջալ, վրնջալ - ձի
Զռալ - ավանակ
Մռնչալ - վայրի գազաններ՝ առյուծ, վագր, արջ և այլն
Մլավել, մռլտալ, մռմռալ - կատու
Հաչել, կլանչել, կաղկանձել - շուն
Ոռնալ - գայլ

«Կոնդ» անվանումը տիպական է այն տեսակետից, որ հասարակ անունը դառնում է հատուկ տեղանուն: Բնակավայրը Կոնդ է կոչվել բարձր դիրքի պատճառով: Հայերեն նշանակություններից մեկն է «բլուր, բլրակ, թումբ»:

Կոնդի մի մասը հնում կոչվել է Ծիրանի թաղ:

Ավելին