Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (21-րդ թողարկում)

Արվեստի որևէ գործ նկարագրելիս, քննելիս, վերլուծելիս, դրա մասին կարծիք հայտնելիս անհրաժեշտ է հասկանալի, արվեստին վայել խոսք։ Մայրենի լեզվով ասած խոսքը ներկայանալի է և մատչելի, երբ զերծ է օտարաբանություններից, այսինքն՝ այն բառերից, որոնց հայերեն համարժեքները կան։

Առանձնացրել և ներկայացնում ենք արվեստի տարբեր ճյուղերում հանդիպող օտար բառերի հայերեն համարժեքները, որոնք օգտակար կլինեն հատկապես արվեստասեր (նաև արվեստագետ) հանրությանը։

  1.   ակվարել – 1. ջրաներկ, 2․ ջրանկար
  2.   բյուստ – կիսանդրի
  3.   դոկումենտալ – վավերագրական
  4.   դուետ – 1․ զուգերգ, 2․ զուգանվագ, 3. զուգապար
  5.   էկզեմպլյար – նմուշ
  6.   էսքիզ – 1. ուրվանկար, 2. ուրվագիծ, 3. ճեպանկար
  7.   էքսպոնատ – ցուցանմուշ
  8.   կուլիս – հետնաբեմ
  9.   կուլմինացիա – բարձրակետ, գագաթնակետ
  10.   կվարտետ – քառյակ
  11.   կրեատիվ – ստեղծագործ, ստեղծարար
  12.   մարիոնետ – խամաճիկ, խաղատիկնիկ
  13.   միմիկա – դիմախաղ
  14.   մոլբերտ – նկարակալ
  15.   մոնոլոգ – մենախոսություն
  16.   նոմինացիա – անվանակարգ
  17.   շեդևր – գլուխգործոց
  18.   պալիտրա – ներկապնակ, գունապնակ
  19.   պեյզաժ – բնանկար, բնապատկեր
  20.   պորտրետ – դիմանկար
  21.   ռեժիսոր – բեմադրիչ
  22.   ռեպերտուար – 1. խաղացանկ, 2. երգացանկ, 3. երաժշտացանկ
  23.   ռեստավրացիա – վերականգնում
  24.   ռետրոսպեկտիվ – հետահայաց
  25.   սոլիստ – մենակատար
  26.   սուֆլյոր – հուշարար
  27.   վիտրաժ – ապակենկար
  28.   օրկեստր – նվագախումբ, երաժշտախումբ
  29.   օրնամենտ – 1․ զարդանախշ, զարդապատկեր, 2․ երժշ ձայնադրվագ
  30.   ֆրեսկա – որմնանկար