Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հորդորակ Վ ածանցով սխալ բայաձևեր կազմելու և գործածելու մասին

Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս գործողություն, որը ենթական կրում է իր վրա։ Կազմվում են միայն ներգործական սեռի բայերից, որոնց ավելանում է Վ ածանցը, ինչպես՝ գնահատել – գնահատվել, հրավիրել – հրավիրվել։

Հասկանալի է, Վ ածանց կարող են ստանալ ոչ բոլոր բայերը, սակայն որոշ դեպքերում մենք դա նրանց «պարտադրում ենք»՝ կազմելով սխալ ձևեր կամ սխալ գործածելով։ Օրինակ՝ «խնդրել» բայից կազմվող խնդրվել-ը հաճախ տեսնում ենք զանազան գրություններում՝ «Խնդրվում է չծխել», ժողովների ժամանակ բարձրախոսով «խնդրվում է անցնել դահլիճ», հասարակական վայրերում «խնդրվում է չաղտոտել»։ Այս բոլոր դեպքերում պետք է ասել (գրել). «Խնդրում ենք չծխել», «Խնդրում ենք / եմ անցնել դահլիճ», «Խնդրում ենք չաղտոտել»։ 

Սխալներ հանդիպում են նաև «սպասել» և «սպասվել» բառերի գործածության ժամանակ։ Ոմանք չեն կողմնորոշվում, թե ո՛րն է ճիշտ․ օրինակ՝ «Երիտասարդությանը սպասո՞ւմ է, թե՞ սպասվում է լավ ապագա» կամ «Առաջիկայում բնակչությանն սպասո՞ւմ են, թե՞ սպասվում են անակնկալներ»։

Բնականաբար, ճիշտ չեն «Հայաստանին սպասվում է լավ ապագա», «Բնակչությանն սպասվում են անակնկալներ» և համանման նախադասությունները, որովհետև ինչպես «Ուսուցչին սպասում են աշակերտները» կամ «Ուղևորները սպասում են ավտոբուսի», այնպես էլ «Հայաստանին սպասում է լավ ապագա» կամ «Բնակչությանը սպասում են անակնկալներ»։

Կարող է հարց ծագել. իսկ սխալ չե՞ն, օրինակ, «Վաղը սպասվում է անձրև», «Հաջորդ շաբաթ սպասվում է ձյուն» և նման ձևակերպումները, որոնք լսում ենք հաճախ։

Հակառակ որոշ առարկությունների՝ սրանք թերևս կարելի է ճիշտ համարել, որովհետև հայերենն ընդունել է այս արտահայտությունները։

Սխալ կլիներ, եթե շեշտվեր, թե ո՛ւմ է սպասում անձրև, կամ թե ո՛ւմ է սպասում տաք եղանակ․ «Վաղը մեզ անձրև է սպասվում», «Եկող ամիս երևանցիներին սպասվում է տաք եղանակ»և այլն։

Բոլորովին ցանկալի չէ, սակայն, այս արտահայտությունները չարաշահելը, ասելիքը միշտ նույն կաղապարով ներկայացնելը: Այդ ամենը կարելի է շարադրել նաև այլ կերպ՝ գործածելով հոմանիշ բառեր։ Օրինակ՝ «Կանխատեսվել է անձրև (ձյուն)» կամ «Ըստ օդերևութաբանների կանխատեսման՝ առաջիկա օրերին կլինեն տեղումներ»։ Կամ՝ «Վաղը ձյուն է ակնկալվում» և այլն…

Անդրադառնանք նաև «տուժվել» բայի գործածությանը։ Սխալների պատճառով, օրինակ, մենք տուժո՞ւմ ենք, թե՞ տուժվում։

Թեև ժամանակակից հայերենի բառարաններում արձանագրված է նաև տուժվել-ը, սակայն ներկայումս միակ ճիշտ և կանոնական ձևը տուժել-ն է (Վ-ն ավելորդ է, քանի որ Վ ածանց կարող են ստանալ միայն ներգործական սեռի բայերը, իսկ տուժել-ը չեզոք է)։

Հիշեցնենք նաև, որ սխալ է «քծնել» բայից կազմված քծնվել-ը, որը տարածված է հատկապես բանավոր խոսքում։

Կրկնենք. քծնել-ը չեզոք բայ է, Վ չի կարող ստանալ։

Անդրադառնանք ևս մի սխալի, որը հաճախ է հանդիպում հատկապես պատգամավորների, պաշտոնյաների խոսքում։ «Կրկնվեմ մեկ անգամ ևս», «Ես նորից կրկնվեմ», «Պետք է դարձյալ կրկնվեմ» և այս կարգի այլ արտահայտություններ ճիշտ չեն, քանի որ այս և նման դեպքերում կրկնել-ը Վ չի ստանում, կրավորական չի դառնում․ մեր լեզվատրամաբանությամբ անձը կրկնում է ասածը, ոչ թե ինքն իրեն։

Ուրեմն հիշենք ու այսուհետև նորից, դարձյալ կամ մեկ անգամ ևս ոչ թե կրկնվենք, այլ միայն և միայն կրկնենք։

Նույն տրամաբանությամբ՝ սխալ է նաև խոստովանվել-ը: Այստեղ ևս չկա Վ-ի կարիքը։ Մեր մեղքը, հանցանքը կամ զանցանքը ինքներս մեզ կամ թե ուրիշի խոստովանում ենք, այլ ոչ խոստովանվում։ Թերևս մեր սխալները խոստովանելով էլ պայմանավորվենք այսուհետև ոչ թե իրար զանգվել, այլ բացառապես զանգել։ Հարկ եղած դեպքում՝ վիճել, ոչ թե վիճվել։ Եվ ամեն դատարկ բանի համար չնեղսրտել

      Հիմք ընդունելով ասվածը՝
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

նկատի ունենալ լեզվական նշված օրինաչափությունները և Վ ածանցով բայերը ճիշտ ձևով գործածել ճիշտ տեղում։

Նմանատիպ նյութեր
Հատկապես պաշտոնական և հրապարակային խոսքում անհրաժեշտ է խուսափել օտար այն բառերից,  որոնք հայերեն ընդունելի համարժեքներ
Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ ու մասնագետներ: Oտար բառերի հայերեն համարժեքների այս
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները վերափոխել են իրենց
Արագ զարգացող աշխարհում, որտեղ «սահմանները» շատ մոտ են կամ վերացել են, կարևոր է պահպանել լեզուն
Առօրյա և պաշտոնական հաղորդակցության ընթացքում գործածվող օտար բառերի մեծ մասը հայերեն ընդունելի համարժեքներ ունի վաղուց,

Հարգելի՛ քաղաքացիներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում խնդրում ենք լեզվական տարատեսակ պարզաբանումներին առնչվող նամակները, դիմումները առաջիկա օրերին Լեզվի կոմիտեին փոխանցել կապի հետևյալ միջոցներով․

📧 contact@langcom.am
☎️ 010 266879, ներքին՝ 1 կամ 2

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

Ավելին