Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Մադագասկար» մուլտֆիլմը երեխաները ոչ միայն դիտում, այլև լսում են

Երեխաները սիրում են մուլտֆիլմեր: Երեխաները սիրում են ջունգլիների մասին պատմություններ: Ահա թե ինչու նրանց սիրելի մուլտֆիլմերի ցանկում միշտ կա «Մադագասկարը»: Լավ է, որ այս մուլտֆիլմը թարգմանվել է հայերեն: Լավ է նաև, որ կրկնօրինակող խումբը բավական ջանք է թափել. հիանալի ձայներ են, դերասանական լավ աշխատանք է կատարված: Բայց ափսոս, շատ ափսոս, որ հայերեն տեքստը մեղմ ասած՝ անթերի չէ: Ահա դուրս գրված սխալներից մի քանիսը:  

Զեբր Մարտին ասում է առյուծ Ալեքսին. «Դու ճիշտ մարդու մոտ ես եկել, ընկերս»:  Մուլտֆիլմում ինչ ասես կարող է լինել: Ասենք, զեբրը կարող է մարդու պես խոսել: Բայց նա իր մասին չի ասի՝ ճիշտ մարդու մոտ ես եկել: Այստեղ հեշտությամբ կարելի էր խուսափել «մարդ» բառից: «Ինչ էլ գիտես, թե ում պիտի դիմես», «Լավ է, որ ինձ մոտ ես եկել» և այլն:

«Պետք է դուրս գաս նույն, ձանձրալի առօրյայից»: Եթե առօրյան ձանձրալի է, ուրեմն այն միապաղաղ է, անհետաքրքիր, բայց ոչ նույն(ը): Սա սխալ ձևակերպում է:

«Դրանից ավելի էլ ի՞նչ անեմ»: Ավելի-ն ու էլի-ն անհամատեղելի են: Ճիշտ է՝ «Դրանից ավելի ի՞նչ անեմ» կամ «Էլ ի՞նչ անեմ»:

Զեբրն ասում է, որ ուզում է գնալ վայրի բնություն: Առյուծը պատասխանում է. «Էլ այդպես չասես, թե չէ՝ իրոք անհանգստացել էի»: Այստեղ խոսքը ասելու ձևի՝ ինչպես ասելու մասին չէ, այլ ասվածի բովանդակության՝ ինչ ասելու մասին: Ուրեմն՝ «Էլ այդպիսի բան չասես…» կամ  «Էլ նման բան չասես…»:

«Իմ քաղցր, հյութալի սթեյք»,-ասում է առյուծը մսի կտորին: Գուցե անուշահամ, համեղ, բայց ո՛չ քաղցր:

 «Քո ընկերը որսորդ է, ով միս է ուզում», «Կենդանիների պաշտպանները, ում շնորհիվ այս կենդանիներին ուղարկել էին Աֆրիկա…»: Ո՛չ թե «ով», այլ «որը», ո՛չ թե «ում», այլ «որոնց»: Եվ ո՛չ այն պատճառով, որ խոսքը կենդանիների մասին է: Այդպես է նաև մարդկանց դեպքում՝ «երեխան, որը», «կանայք, որոնց»: Ուրեմն՝ «որսորդ է, որը» «պաշտպանները, որոնց»:

«Ո՞ւր վերացավ դասային անհավասարությունը»: Ճիշտ է, երբ ասում ենք «ո՞ւր կորավ», քանի որ կորած բանը մի այլ՝ անհայտ վայրում է: Իսկ այն, ինչ վերացել է, չի կարող այլ տեղում լինել: Ուրեմն պետք էր ասել  «Ինչո՞ւ վերացավ դասային անհավասարությունը» կամ «Ո՞ւր կորավ դասային անհավասարությունը»:

Մուլֆիլմի հերոսներից մեկը հարցնում է. «Ես երազո՞ւմ եմ»: Իրավիճակը շատ նման է և՛ երազի, և՛ երազանքի, բայց այստեղ խոսքը երազ տեսնելու մասին է: Ուրեմն իմաստային շփոթ չառաջացնելու համար ճիշտ կլիներ ասել «Ես երա՞զ եմ տեսնում»:

«Պետք է հեռանա հազար տարով կամ ամբողջ կյանքով»: Այս խոսքով առյուծին վտարում են Աֆրիկայից: Ամբողջ կյանքով-ն այստեղ ցմահ-ն է:

«Գլխումս մի քանի մտքեր ծանրութեթև անելուց հետո․․․», «Մենք գտել ենք մի քանի օգնող ձեռքեր»: Մի քանի-ն եզակի թիվ է պահանջում: Ճիշտ է՝ «Գլխումս մի քանի միտք ծանրութեթև անելուց հետո․․․», «Մենք գտել ենք մի քանի օգնող ձեռք»:

«Երբ հաղթեմ քեզ ու դառնամ առյուծների առաջնորդը, դու կկարողանաս ավելի շատ ժամանակ անցկացնել»: Պետք էր թարգմանել այսպես. «Երբ հաղթեմ քեզ ու դառնամ առյուծների առաջնորդը, դու ավելի շատ ազատ ժամանակ կունենաս»:

«Հետույքս որպես աղա՞նդ»,-հուզված հարցնում է զեբրը, երբ առյուծը բնազդաբար կծում է նրան: Աղանդը իշխող եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք է: Պարզ է, որ այստեղ խոսքը աղանդերի՝ ճաշից հետո մատուցվող թեթև ուտելիքի մասին է:

Մենք ձեզ հետ միասին այս ամենը գիտեինք կամ իմացանք, իսկ երեխաները, ավաղ,  կշարունակեն իրենց սիրելի մուլտֆիլմը դիտելուն զուգահեռ լսել այստեղ ներկայացված և մյուս բոլոր լեզվական սխալները:

Երազիկ Գրիգորյան

Նմանատիպ նյութեր
Հայկական հեռուստաշուկայի «ցուցափեղկում» մանկական ապրանք քիչ կա: Չունենք հատուկ հեռուստաալիք, ոչ մանկական ալիքներում փոքր է մանուկ հեռուստադիտողի համար նախատեսված
Արի՛ հետ պտտենք ժամացույցի սլաքները ու միասին գնանք դեպի այն ժամանակները, երբ համացանց չկար, ու
Խնդրառությունը բառերի (լրացյալի և լրացման) կապակցության այն եղանակն է, երբ մի բառը (լրացյալը) պահանջում է
Բարև՛, պատանի՛ բարեկամ: Ծանոթ երգ է հնչում՝ «Միայն սիրո լարը մնաց / Սրտիս անհուն խորքերում»:
Մեր խոսքում հաճախ հանդիպող սխալներից մեկը կապված է մի «անմեղ» բառի՝ «անգամ»-ի հետ։ Որքա՜ն ենք

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին