Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Մահացել է Սերգո Երիցյանը

Սերգո Երիցյան

Ցավով հայտնում ենք, որ 66 տարեկանում վախճանվել է  Լեզվի պետական տեսչության նախկին պետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։ 

Սերգո Երիցյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 11-ին Հայկական ԽՍՀ Ալավերդու (ներկայիս՝ Թումանյան) շրջանի Ճոճկան գյուղում։ 

1975-1978 թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

1987 թվականին պաշտպանել է «Հայաստանի հեռուստատեսությունը ԶԼՄ-ների համակարգում» թեմայով թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2004 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ պաշտպանելով «Հեռուստատեսություն. գործառույթները, զարգացման միտումները և հեռանկարները» թեմայով ատենախոսություն։

1981-1984 թթ. հեռուստառադիոպետկոմում աշխատել է որպես խմբագիր։ 

1987-1999 թթ.  Հայաստանի հեռուստատեսության և  ռադիոյի համակարգում եղել է մեկնաբան,  բաժնի վարիչ, «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»  ՊՓԲԸ  գործադիր տնօրեն։ 1992 թ․ հեղինակել և երկար տարիներ  վարել է հանրային  հեռուստատեսությամբ եթեր  հեռարձակվող «Կարծիք»  հաղորդաշարը։

1995-2003 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

2003-2006 թթ․ եղել է ՀՀ կրթության և գիտության նախարար։

2006-2008 թթ․ եղել է ՀՀ նախագահի խորհրդական։

2010-2018 թթ ղեկավարել է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը (ներկայիս Լեզվի կոմիտեն)։

Ս․ Երիցյանը եղել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահը։ Երկար տարիներ դասավանդել է Երևանի պետական, Հայ-ռուսական, Խ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում։ Նա տարաբնույթ հոդվածների, մենագրությունների, մասնագիտական 45 գրքի հեղինակ և համահեղինակ է։

    

    Սերգո Երիցյանը ամուսնացած էր, ուներ դուստր և որդի։  

Լեզվի կոմիտեն ցավակցում է Սերգո Երիցյանի հարազատներին, բարեկամներին ու ընկերներին։