Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

«Մաքրուհի՜ ջան, Մաքրուհի՜․․․»

Մաքրուհի անձնանունը, ըստ Հրաչյա Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանի», նորակերտ է: Այն Աստվածածնի յոթ անուններից մեկն է՝ Աստվածածին, Մարիամ, Թագուհի, Սրբուհի, Տիրուհի, Մաքրուհի, Դշխուհի։ Իսկ շարականներում Աստվածամոր հիմնական բնորոշիչներն են կույս, Աստվածածին, Սրբուհի և մայր բառերը (կույս և մայր բառերը հետագայում դարձել են պատվանուններ):

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանում (Երևան, 2002թ.), նշվում է, թե Գրիգոր Նարեկացին իր «Մատյան ողբերգության» աղոթամատյանում ինչպե՛ս է կոչել կամ բնութագրել Մարիամ Աստվածածնին՝ «Մարմնատեսիլ քերովբէ», «Եդեմ շնչական», «Ծառ կենացն անմահից՝ բոցեղէն սրովն պարունակեալ», «Հանգստեամբ Հոգւոյն հանդերձեալ և մաքրագործեալ», «Խնամակալ Բարեխօս», «Ողջացուցիչ երկանցն Եւայի», «Տաճար երկնային», «Աղախին աստուծոյ և մայր», «անարատ», «երջանիկ», «բարեշնորհ» և այլն: Ի դեպ, ընդգծված բառերը հանրագիտարանում փոքրատառով են գրված, այսինքն՝ դիտվել են որպես ածականներ։

Մաքրուհի անձնանունը սովորական է արևմտահայերի մեջ: Մաքրուհի անունը կրողներին փաղաքշաբար ասում են Մաքրուկ, Մաքրիկ:

Գեղարվեստական գրականության մեջ ևս հանդիպում են այդ անունը կրող հերոսուհիներ, իսկ արձակագիր Հովհաննես Հիսարյանի՝ դեռ 1851 թվականին «Բանասեր»-ում տպագրած վեպը վերնագրված է «Խոսրով և Մաքրուհի»։

Մաքրուհի-ն մինչև նոր ժամանակները միայն հատուկ անվան արժեք ուներ:  Հասարակ անվան արժեքով բառն արձանագրված չէ ժամանակակից հայերենի (արևելահայերենի և արևմտահայերենի) ընդարձակ բացատրական բառարաններում, հոմանիշների բառարաններում: Քանի որ հատուկ անուն էր, այն չկա նաև գրաբարի բառարաններում: 

Միայն Նորայր Պողոսյանի «Նորահայտ բառեր վաղաշխարհաբարյան աղբյուրներում» բառարանում (Երևան, 2014) կա մաքրուհի բառը, որը բացատրված է այսպես՝ «մաքրասեր, մաքրակենցաղ կին»։ Բառն այս նշանակությամբ կիրառվել է  Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանի «Ստամպօլոյ պատմութիւն» գրքում (Վիեննա, 1913 թ.)։

Վերջին շրջանում մաքրուհի են կոչում այն կանանց, որոնք որևէ հաստատությունում հավաքարարի աշխատանք են կատարում։ 

Մաքրուհի բառի հասարակ անվան արժեքը, այսպիսով, առնվազն մեկ դարի կենսագրություն ունի։ «Հավաքարար» նշանակությունը իմաստային զարգացման հետևանք է։

Այն, որ հոգևոր ստեղծագործություններում Մարիամ Աստվածածնին նաև Մաքրուհի են կոչել,  հիմք չի տալիս մտածելու, թե անպատշաճ է այդ բառը հասարակ անվան նշանակությամբ կիրառելը։ 

Աշխատանքային հարաբերություններում անհարկի կիրառվող օտար բառերն ու արտահայտությունները գործածողների «ծուլության» պատճառով ներթափանցում են մայրենի լեզու, ապականում այն։
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-16/

🚛 Ներկայացնում ենք տարբեր նշանակություն ունեցող բեռնատար, շինարարական, գյուղատնտեսական, փրկարար և այլ մեքենաների անվանումներ։
Իմանանք և գործածենք մեքենաների հայերեն անվանումները։

4

✈️Ներկայացնում ենք օդանավակայանին և օդանավերին առնչվող հայերեն բառապաշարի մի մասը՝ հիմնականում նրանք, որոնք միայն մասնագիտական չեն։
🧳Հուսով ենք, որ ճամփորդությունների ժամանակ այս բառերը հաճախ կգործածեք։ Հայերեն բառերը թող ամուր տեղ ունենան մեր խոսքում և թևածեն ամենուրեք։

4
Ավելին
facebook