Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Մեզ հարցնում են (11)

 

Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործա­ծութ­յան հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

 

Հարցը տարօրինակ թվաց հավանաբար շատերին։

Ի՞նչ մի հարցնելու բան է։ Ո՞վ չգիտի․ ամուրին չամուսնացած տղամարդն է, այրին՝ ամուսնուն կորցրած կինը։ Հիշենք թեկուզ Վարդան Այգեկցու՝ դեռ դպրոցից ծանոթ «Այրի կին և որդի» առակը։

Բայց արի ու տես, որ մենք որքան էլ համոզված լինենք ասվածում և այս բառերը գործածենք այդ նշանակությամբ, այնուամենայնիվ․․․

Այնուամենայնիվ, դրանք բազմիմաստ են, իմաստներից մեկով՝ հոմանիշ, և ամուրի-ն նշանակում է նաև այրի, այրի-ն՝ ամուրի։

Զարմանալի՞ է։ Գուցե։ Սակայն այդպես է։

Համոզվելու համար թերթենք բառարանները։

Սկսենք գրաբարից և կարդանք, թե ի՛նչ է գրված Ռուբեն Ղազարյանի «Գրաբարի բառարանում» (Երևան, 2000)․

ԱՄՈՒՐԻ –  Դեռևս չամուսնացած տղամարդ կամ կին, այրի մնացած (էջ 49)։

ԱՅՐԻ –  1․ Ամուսինը մեռած և այլևս չամուսնացած կին, որբևայրի։ 2․ Կնոջից զրկված և այլևս չամուսնացած տղամարդ (էջ 62)։

Նայենք Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կազմած «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը» (Երևան, 1969)․

ԱՄՈՒՐԻ – 1․ Չափահաս տղամարդ կամ կին, որ ամուսնացած չէ։ 2․ Ամուրիին՝ չամուսնացածին վերաբերող՝ հատուկ (հատոր 1, էջ 61)։

ԱՅՐԻ – 1․ Ամուսինը մեռած, որբևայրի (մեծ մասամբ կանանց մասին) (հատոր 1, էջ 71)։

Այս բառերին գրեթե նույն բացատրությունն է տրված նաև Ստեփան Մալխասյանցի հայերեն բացատրական  (Երևան, 1944) և Էդուարդ Աղայանի արդի հայերենի բացատրա­կան (Երևան, 1976) բառարաններում։

Հարցը, տեսնում ենք, բնավ էլ տարօրինակ չէր, ինչպես թվաց առաջին հայացքից։

Անշուշտ, հարկ է ընդունել նաև, որ ներկայումս ամուրի-ն հիմնականում (եթե ոչ միշտ) գործածվում է «կին չունեցող տղամարդ», այրի-ն՝ «ամուսնուն կորցրած կին» իմաստով։

Թե ապագան ի՛նչ իմաստներ «կամրագրի» այս բառերին, դրանք կմնան հոմա­նիշներ, թե ամբողջովին կտարբերակվեն, ցույց կտա ժամանակը։