Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ (14)

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

 

    Իմաստային ի՞նչ տարբերություններ ունեն «հավաքել» և «հավաքագրել» բառերը։ Արդյո՞ք ճիշտ է, երբ «հավաքագրում» են, օրինակ, վարձերը, հարկերը, տեղեկութ­յունները։

 

Քանի որ «հավաքել»-ը գործածության խնդիրներ չի առաջացնում, խոսենք «հավաքա­գրել» բառի մասին։

Ի՞նչ իմաստներ ունի այն։

Ըստ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի» (հատոր 3, Երևան, 1974, էջ 312)՝ այս բառը նշանակում է․ «Նոր ուժեր հավաքել, նոր ուժեր ցուցակագրել»։

Ըստ Էդ․ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» (Երևան, 1976, էջ 835)՝ հավաքագրել-ը նշանակում է․ «1․ Շատերին վարձել՝ վարձով հավաքել մի բանի համար։ 2․ փխբ․ Կողմնակիցներ գտնել, գրավել, ներգրավել։ 3․ փխբ․ Համալրել, կազմը ուժեղացնել։ 4․ փխբ․ Համախմբել, միավորել»։

Այս բայից է կազմվել հավաքագրում գոյականը։

Այժմ, մտքում պահելով վերոբերյալ իմաստները, ընթերցենք տարբեր կայքերից վերցված  մի քանի նախադասություն․

«Նրանք արդեն ավելի քան 200.000 էջ տվյալներ են հավաքագրել»:

«Եղել է հրապարակում աղբահանության վարձերի հավաքագրման վերաբերյալ»։ «Նախարարությունն սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր»:

Ճի՞շտ է արդյոք «հավաքագրել», «հավաքագրում» բառերի կիրառությունն այս օրինակներում։

Անշուշտ՝ ո՛չ։

Նշված դեպքերում պետք էր ոչ թե «հավաքագրել», այլ «հավաքել» և՛ տվյալները, և՛  վարձերը, և՛ համակարգչային սարքերը։

Այդպես պետք է «հավաքել» նաև (ոչ թե «հավաքագրել») հարկերը, տեղեկությունները, գումարները․․․

Ոմանք գուցե հարցնեն․ «Իսկ եթե «հավաքագրել» բառն իմաստափոխվել է, և կարելի է գրանցելով, ցուցակագրելով հավաքել ոչ միայն մարդկանց, այլև վարձն ու հա՞րկը»։ Այդպիսի ընթացք է։

Ի դեպ, «հավաքագրել»-ն արդեն հավակնում է գրավել նաև այլ բառերի տեղը։

Բերենք այդպիսի օրինակներ․

«Պաշտպանն այցելել է աուտիզմ ունեցող անձանց կենտրոն․ ի՞նչ խնդիրներ է հավա­քագրել»։

«Պատգամավորը լսել ու հավաքագրել է բնակիչների խնդիրները»։

Կարելի է ենթադրել, որ «հավաքագրել» ասելով՝ հեղինակններն այս դեպքերում նկատի են ունեցել արձանագրելը, գրանցելը։

Հավելենք, որ այս բառի սխալ գործածության մասին գրել է նաև լեզվաբան Պետրոս Բեդիրյանը «Հայ լեզուն և մեր խոսքը» գրքում (Երևան, 1999, էջ 52), որն անպայման արժի ընթերցել։