Հետ-ը հայերենի ամենից հաճախ գործածվող կապերից է, ու թերևս դա է պատճառը, որ շատ են հանդիպում դրա գործածության հետ կապված սխալներ։
Մեր կազմած նախադասության մեջ այն գործածված է ճիշտ, սակայն սխալ է դրա կիրառությունն այն դեպքերում, որոնց մասին հարցնում է նամակագիրը։
Ըստ տվյալ օրինակներում ասվածի՝ հարցազրույց վարում են ոչ թե Նարե Քոչարյանը, Կարինե Պետրոսյանը կամ Պետրոս Ղազարյանը, այլ նրանց հետ հարցազրույց է վարում մեկ ուրիշ լրագրող։
Իսկ որպեսզի հարցազրույց վարողները լինեն նրանք, միտքը պետք է ձևակերպել այլ ձևով։ Օրինակ այսպես՝ հարցազրույցը վարում է Նարե Քոչարյանը, հարցազրույցը վարում է Պետրոս Ղազարյանը․․․