Տակացու բառը կազմված է տակ արմատից և -ացու վերջածանցից։
Ածանցները նույնպես ունեն իմաստ, որը հաղորդում են այն բառին, որին ավելանում են։ Նշանակում է՝ հարցին պատասխանելու համար նախ պետք է ճշտենք, թե ի՛նչ իմաստ ունի -ացու վերջածանցը։
Ընդունված է ասել, որ այն ունի «մի բանի համար սահմանված լինելու, մի բան դառնալու ենթակա» բառակազմական ընդհանուր իմաստ։ Հիշենք այդ ածանցով կազմված բառեր՝ հարսնացու, փեսացու, սերմացու, տիրացու, մահկանացու։
Նշանակում է՝ կոշիկի տակացուն այն է, որը կոշիկի տակ դեռևս չի դարձել․ նախատեսված է, որ դառնա։ Օրինակ՝ շուկայում կարող են վաճառվել կոշիկի տակացուներ, որպեսզի կոշկակարը գնի և կոշիկ կարելիս կամ նորոգելիս օգտագործի։
Կոշիկի տակացու ասելը ճիշտ է նման դեպքերում։ Իսկ երբ խոսքը արդեն կոշիկի տակ դարձած հատվածի մասին է, բնականաբար, դա տակացու անվանելը ճիշտ չէ։ Այդ դեպքում պետք է գործածել տակ բառը։