Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Մեզ հարցնում են (7)

Շատ եմ լսել, երբ ասում են, օրինակ, «Գրվածը աղերս չունի իրականության հետ», «Ասվածը աղերս չունի իրավաբանության հետ», «Քաղաքական ուժերի օրակարգը աղերս չունի մարտահրավերների հետ»։

Իմ կարծիքով՝ այսպիսի դեպքերում  «աղերս» բառի գործածությունը ճիշտ չէ։

Խնդրում եմ մեկնաբանել։

 

Հարցի պատասխանը գտնելու համար պետք է պարզել, թե ի՛նչ իմաստներ ունի աղերս բառը։

Մինչ այդ խոսենք բազմիմաստ և համանուն (նույնանուն) բառերի մասին։

Ինչպես գիտենք, բազմիմաստ են համարվում այն բառերը, որոնք ունեն մեկից ավելի իմաստ։ Բազմիմաստ է բառերի մեծ մասը։ Օրինակ, գրիչ բառը, ըստ բացատրական բառարանների, ունի վեց իմաստ։ Նշանակում է՝ թանաքով գրելու գրենական պիտույք, հին ձեռագիր արտագրող, գրագիր և այլն։

Էդ․ Աղայանը «Արդի հայերենի բացատրական բառարանում» նշում է լավ բառի քսանինը իմաստ։

Բազմիմաստ բառերը չպետք է շփոթել համանունների հետ։ Հիշեցնենք․ սրանք այն բառերն են, որոնք ձևով նույնն են, իմաստով՝ տարբեր։ Այլ մեկնաբանությամբ՝ համանունները հնչյունական նույն կազմն ունեցող, նույն ձևով գրվող, բայց տարբեր իմաստներ ունեցող տարբեր բառեր են։ Օրինակ՝

1․ բազուկ (մարմնի մաս)․

2․ բազուկ (ճակնդեղ)։

Աղերս-ի դեպքում նույնպես ունենք նույն գրությամբ ու արտասանությամբ տարբեր բառեր։

Ըստ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի»՝ դրանք նշանակում են․

ԱՂԵՐՍ1, 1․ աղաչանք, պաղատանք, աղերսանք։ Ոչ մի խնդիր և ոչ մի աղերս չէր կարող փափկացնել նրա սիրտը (Ա. Բակունց) ․․․․

ԱՂԵՐՍ2, կապ, առնչություն։ Այդ երկու երևույթների միջև ոչ մի աղերս չկա։

Էդ․ Աղայանն այս իմաստներին ավելացնում է նաև հարաբերություն-ը։

Դառնանք տրված հարցին։ Կարո՞ղ է արդյոք գրվածը աղերս (կապ, առնչություն) չունենալ իրականության հետ։

Իհա՛րկե։

Եվ նույն կերպ էլ անգամ իրավաբանի ասածը երբեմն կարող է կապ չունենալ իրավաբանության հետ, քաղաքական ուժերի օրակարգը՝ մարտահրավերների հետ։

Սա նշանակում է, որ ճիշտ են քաղաքացու նշած բոլոր օրինակները։

Ի դեպ, ըստ լեզվաբան Վ․ Առաքելյանի, աղերս բառը նախապես նշանակել է հույս։ Այդ իմաստով է գործածվել Աստվածաշնչում։ Հարաբերություն-ը դրա հետ կապ չի ունեցել, և աղերս-ի այդ իմաստով գործածումը հետևանք է սխալ ընկալման։

Հնարավոր է։ Լեզվում, այո՛, երբեմն ճիշտ է դառնում սխալը․․․

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook