Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ (13)

Ըստ «Բաղադրյալ հատուկ անուններում մեծատառերի գործածության մասին» որոշման («Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու»[1], 2006, էջ 286)՝ պետական գերատեսչությունների, դատական մարմինների, մշակութային կառույցների, բուհերի անվանումները, եթե տեղայնացված չեն, այսինքն՝ նշված չէ դրանց աշխարհագրական, վարչական պատկանելությունը, ապա որպես հասարակ անուններ, գրվում են փոքրատառով։ Օրինակ՝ արտաքին գործերի նախարարություն, գլխավոր դատախազություն, ազգային գրադարան, բժշկական համալսարան և այլն։ Տեղայնացված բաղադրյալ անվանումները գրվում են մեծատառով՝ Հայաստանի պետական պատկերասրահ, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարություն, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Երևանյան գոգավորություն, Գերմանական կարմիր խաչի ընկերություն և այլն։

Բաղադրյալ հատուկ անունների գրության ձևերը կարգավորելու նպատակով ընդունած այս որոշումից հետո էլ հատկապես նշված խմբի անվանումների գրության խնդիրը չլուծված մնաց։  Ի դեպ, այդ որոշումը ժամանակին քննադատվեց մամուլում։

2018 թվականին ընդունվել է երկու օրենք՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»[2] և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին»[3]։ Առաջին օրենքի «Կառավարության կազմը և կառուցվածքը» հոդվածում (հոդված 2) նախարարությունների անունները գրվել են չտեղայնացված և փոքրատառով՝ շրջակա միջավայրի նախարարություն, ֆինանսների նախարարություն և այլն։ Երկրորդ օրենքում Կառավարությանը, վարչապետին և նախարարությանը ենթակա մարմինների անունները (համապատասխանաբար՝ հոդված 4, 5, 6) գրվել են մեծատառով՝ Կադաստրի կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և այլն։ Ըստ այս օրենքների՝ նախարարությանն առընթեր մարմինների լրիվ, չհապավված անվանումն սկսվում է փոքրատառով, բուն անվանումը՝ մեծատառով (օրինակ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Լեզվի կոմիտե)։

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը 2003 թվականին իր «Մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ» բառարան-տեղեկատուի նախաբանում գրում է․ «Տասնամյակներ շարունակ փոքրատառով գրվող որոշ բաղադրյալ անուններ հաճախադեպ են մեծատառով գրությամբ, և հակասություն է առաջանում այս կամ այն հիմնարկի պաշտոնական ամբողջական անվանման և նրա կրճատ տարբերակի գրության միջև»։

Ինչպես տեսնում ենք, Դավիթ Գյուրջինյանն իր մտահոգությունը հայտնել է վերոնշյալ որոշումն ու օրենքներն ընդունելուց տարիներ առաջ։ Բայց այսօր էլ խնդիրը մնում է առկա, քանի որ վերոնշյալ որոշումը չի տարբերակում այս խմբի բաղադրյալ հատուկ անունների կրճատ գրության ձևը նույն բովանդակությամբ չտեղայնացված հասարակ անվանումների գրելաձևից։ Օրենքները նույնպես հստակություն չեն մտցնում։

Կա որոշում, կան օրենքներ, բայց պետական գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների անունների գրության ձևերը դեռևս հստակ չեն։ Ժամանակի ընթացքում նման խնդիրներն ամենից լավ լեզուն ինքն է լուծում։ Այժմ բաղադրյալ հատուկ անունների գրության զուգաձևությունը տակավին շարունակվում է։

 

Երազիկ Գրիգորյան

[1] https://bit.ly/3xRdvYP

[2] https://www.arlis.am/documentview.aspx?docID=143868

[3] https://www.arlis.am/

 

Աշխատանքային հարաբերություններում անհարկի կիրառվող օտար բառերն ու արտահայտությունները գործածողների «ծուլության» պատճառով ներթափանցում են մայրենի լեզու, ապականում այն։
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-16/

🚛 Ներկայացնում ենք տարբեր նշանակություն ունեցող բեռնատար, շինարարական, գյուղատնտեսական, փրկարար և այլ մեքենաների անվանումներ։
Իմանանք և գործածենք մեքենաների հայերեն անվանումները։

4

✈️Ներկայացնում ենք օդանավակայանին և օդանավերին առնչվող հայերեն բառապաշարի մի մասը՝ հիմնականում նրանք, որոնք միայն մասնագիտական չեն։
🧳Հուսով ենք, որ ճամփորդությունների ժամանակ այս բառերը հաճախ կգործածեք։ Հայերեն բառերը թող ամուր տեղ ունենան մեր խոսքում և թևածեն ամենուրեք։

4
Ավելին
facebook