Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Մեզ հարցնում են (9)

Տեղյակ եմ, որ անգամ գիտական շրջանակներում կա կարծիք, թե վերնագրերում (վեպերի, բանաստեղծությունների, հոդվածների և այլն) կետադրական նշաններ չպետք է դրվեն։ Խնդրում եմ այս հարցը պարզաբանել։

 

Հարցը շատ ընթերցողների հավանաբար թվաց տարօրինակ։ Չթաքցնենք․ մեզ համար նույնպես անսպասելի էր: Նման հարցի չէինք անդրադառնա, եթե տրված չլիներ հենց գիտական շրջանակների կողմից։

Բայց մինչև պատասխանելը մի անսովոր հարց տանք նաև մենք․ կարո՞ղ է վերնագիր ընտրելու հարցում լինել որևէ սահմանափակում։ Օրինակ՝ պահանջ, որ այն պետք է լինի ընդամենը երկու բառ, կամ՝ որ չպետք է վերնագիր դառնա ամբողջական նախադասությունը։

Ի դեպ, մի ժամանակ «նորաձև» էին դարձել հենց այդպիսի՝ երկար նախադասություններով վերնագրերը։ Ընթերցողն ինքն էլ կարող է հիշել գեղարվեստական գործերի այդպիսի վերնագրեր։ Դրանք հիմա էլ մամուլում սակավ չեն։ Եվ քանի որ նախադեպը կա վաղուց, ասենք, որ մենք էլ առաջիկայում հրապարակելիք մեր հոդվածը մտադիր ենք վերնագրել այսպես․ «Կարենին ներել պետք չէ գնդակահարել»։

Կասեք, թե ծեծվա՞ծ նախադասություն է։ Դեմ չենք, սակայն եթե նկատեցիք, խնդիրը մենք «բարդացրել» ենք ևս մեկ աստիճանով…

Բայց դա թողնենք և տանք հաջորդ հարցը․ ի՞նչ ենք հասկանում այս չկետադրված նախադասությունից։

Ոչի՛նչ։ Այնինչ այն ունի երեք իմաստ՝ նայած, թե ինչպես կկետադրենք։ Կարդանք այդ տարբերակները․

«Կարենին․ ներել պետք չէ, գնդակահարե՛լ»։

«Կարենին․ ներե՛լ, պետք չէ գնդակահարել»։

«Կարենին ներել․ պետք չէ գնդակահարել»։

Նախադասության իմաստը այսպես պա՞րզ է։ Անշո՛ւշտ։ Իսկ ի՞նչ արեցինք դրա համար։ Ոչինչ․ ընդամենը կետադրեցինք․․․

Եվ քանի որ դրանից հասկանալի դարձավ նախադասությունը, նշանակում է՝ կետադրական նշանների գործածումն ինքնանպատակ, գրածը գեղեցկացնելու համար չէ։ Նշանակում է՝ դրանք ոչ թե զարդանախշեր են, այլ լեզվական իմաստակիր միավորներ։

Որ կարելի է ասվածի իմաստը փոխել, անգամ շրջել՝ ընդամենը փոխելով կետադրությունը, նույնիսկ քննարկման հարց չէ, և անիմաստ ենք համարում բերել այդպիսի օրինակներ։

Ինչպես ասացինք, տարօրինակ է, որ ծագել է այսպիսի հարց։ Բայց քանի որ ծագել է, ուստի տանք նաև գիտական մեկնաբանություն, թե ինչի՛ համար են կետադրական նշանները։

«․․․․ կետադրական նշանները առաջին հերթին ծառայում են գրավոր խոսքի առանձին հատվածների շարահյուսական-կառուցվածքային մասնատմանը, տրոհմանը, որը և նպաստում է բաղադրիչների (բառերի, բառակապակցությունների, նախադասությունների) շարահյուսական, հետևաբար և իմաստային կապերի ճշգրիտ արտահայտմանը» (Գ Գարեգինյան, «Ժամանակակից հայոց լեզու», Երևան, 1991, էջ 397)։

Մեջբերենք նաև լեզվաբան Ս․ Աբրահամյանի խոսքը․ «․․․․ գրավոր խոսքն առանց կետադրության՝ համր կամ համարյա համր է, կետադրությունն է այն դարձնում «խոսող»» («Հայերենի կետադրություն», Երևան, 1999, էջ 5)։

Ասենք նաև, որ անցյալում գործածվել են շատ քիչ կետադրական նշաններ։ Դրանց քանակն ավելացել է հետագայում՝ աստիճանաբար, ինչպես քիչ առաջ ասվեց՝ ճշգրիտ արտահայտելու համար բաղադրիչների իմաստային կապերը։ Իսկ այդ իմաստային կապերն ուրիշ էլ որտե՞ղ է հարկավոր արտահայտել առավել ճշգրիտ, եթե ոչ վերնագրերում։

Չընկնենք մոլորության մեջ։ Կետադրական նշանների գործածությունը պարտադիր է գրավոր ամեն խոսքում, եթե ցանկանում ենք ասելիքն արտահայտել հստակ, խոսել հասկանալի։

Հիշենք շատերիս հայտնի մի քանի վերնագիր․

«Տաղ՝ ձոնված բնությանը» (Ե․ Չարենց)․

«Դու մի՛ հարցրու․ «Սիրո՞ւմ ես ինձ»» (Պ․ Սևակ)․

«Մենք ենք, մեր սարերը» (Հ․ Մաթևոսյան)։

Իսկ Դ․ Գյուրջինյանի բառարան-տեղեկատուներից մեկի վերնագրում նույնիսկ երկու պարույկ (հարցական նշան) կա՝ «Մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ»։

Գուրգեն Միքայելյան

🏖 Ծովափին կամ լողավազանին կից կան երկար աթոռներ, պառկելու հարմարանքներ, որոնց վրա պառկում, կիսապառկում են հանգստացողները։
Այս առարկան հայերեն անվանելու մի քանի տարբերակ կա։
Ո՞ր տարբերակն եք նախընտրում դուք։
Քվեարկեք մեր կայքում ⤵
https://cutt.ly/dReh8FB

https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-24/ Օտար բառերից խուսափելու համար⤵️

Խաղա՞նք
https://www.langcom.am/%d5%ad%d5%a1%d5%b2-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-3/

Ներկայացնում ենք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-14/

Ավելին
facebook