Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ (12)

պաշտոնին պաշտոնում

Նույն հաճախականությամբ հանդիպում են «պաշտոնին նշանակել» և «պաշտոնում նշանակել» արտահայտությունները։ Խնդրում ենք պարզաբանել դրանցից ո՞րն է ճիշտ։

 

Գրականության մեջ, իրավական փաստաթղթերում, մամուլում ու գրավոր խոսքում հաճախ հանդիպում է պաշտոնում նշանակել արտահայտությունը․ պաշտոնում նշանակվել է մրցույթին մասնակցելուց հետո, պաշտոնում նշանակել է Եվրամիության խորհուրդը և այլն։ Նույն հաճախականությամբ հանդիպում է պաշտոնի(ն) նշանակել արտահայտությունը․ կայացավ պաշտոնի նշանակման արարողությունը, այդ պաշտոնին նշանակվում է հրամանատարը։ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում կարդում ենք․ «Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցողը ․․․․ պաշտոնում նշանակում է ․․․․»։

Այսպիսով՝ ո՞րն է ճիշտ․ պաշտոնո՞ւմ նշանակել, թե՞ պաշտոնի(ն) նշանակել։

Ըստ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի» (Երևան, 1980), Է․ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» (Երևան, 1976) նշանակել բառի իմաստն է՝ «Կարգել, հաստատել, դնել (պաշտոնի, գործի)»։

Թեև նախընտրելի է պաշտոնի(ն) նշանակել-ը, պաշտոնում նշանակել-ը չենք մերժում՝ թողնելով դա ժամանակի «հայեցողությանը»։