Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Մենք էլ եղանք «Մոլորակ հմ. 612»-ում

Հայկական հեռուստաշուկայի «ցուցափեղկում» մանկական ապրանք քիչ կա: Չունենք հատուկ հեռուստաալիք, ոչ մանկական ալիքներում փոքր է մանուկ հեռուստադիտողի համար նախատեսված ծրագրերի քանակը, գրեթե ոչինչ չի առաջարկվում վաղ պատանեկան տարիքին: Սա՝ քանակի մասին: 

Անդրադառնանք եղած հեռուստաարտադրանքի որակին, որի կարևոր բաղադրիչն է նրա լեզվական պատկերը: Այդ առիթով «այցելեցինք» Հանրային հեռուստաընկերության «Մոլորակ հմ. 612» մանկապատանեկան հաղորդաշար:    

Հերոսները Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքի  գլխավոր  կերպարներն են: Օդաչուն ու փոքրիկ իշխանը հեռադիտակով կապվում են այլ աշխարհների հետ, իմանում իրենց ու հեռուստադիտողին հետաքրքրող հարցերի պատասխանները: Մտահղացումը լավն է, բայց հաղորդաշարի լեզուն ընդհանուր առմամբ գրավիչ չէ: Հերոսների խոսքը չոր է, անհետաքրքիր: Հումորը, լեզվատրամաբանական հնարքներն իսպառ բացակայում են: Առկա են նաև բազմաթիվ լեզվական սխալներ: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:  

Փոքրիկ իշխանն ասում է. «Իրականում այդքան էլ դժվար չէ քաղցր բամբակ պատրաստելը»: Սա վերջին շրջանում թարգմանական տեքստերից հայերենին անցած սխալներից է: Ռուսերեն ասում են՝ не так (не так уж) сложно: Հայերեն ճիշտ է ոչ թե այդքան էլ, այլ այնքան էլ: Սա լեզվական կայուն կաղապար է: Ուրեմն՝ «Իրականում այնքան էլ  դժվար չէ քաղցր բամբակ պատրաստելը»: 

«Այնպե՛ս շարիր, որ խորովելուց չընկնի»: Բայի խոնարհման սխալ ձև է ընտրված: Բանավոր խոսքում տարածված այս սխալը հարիր չէ եթերի լեզվին: Ճիշտ է՝ «Այնպե՛ս շարիր, որ խորովելիս չընկնի»:  

Բայց ահա մեր հերոսները ավելի՛ են խճճվում բայաձևեր ընտրելիս: «Սա պահենք, որ հենց մոլորակը զարդարելուց լինենք, այն ինչ-որ տեղ կփակցնենք»: Ճիշտ է՝ «Սա պահենք, որ հենց մոլորակը զարդարելիս լինենք (ավելի լավ է՝ հենց մոլորակը  զարդարենք), այն ինչ-որ տեղ փակցնենք»: 

«Կվերցնենք մատիտը, մի կետ կգծենք»,-ասում է օդաչուն՝ ինչ-որ հմտության հետ միասին լեզվական սխալ փոխանցելով մանուկ ունկնդրին: Կետը չեն գծում: Ճիշտ է՝ «Կվերցնենք մատիտը, մի կետ կդնենք»:   

«Կմիացնենք մեր բամբակե ապարատը»: «Բամբակե» նշանակում է՝ «բամբակից պատրաստված», մինչդեռ այստեղ խոսքը բամբակ պատրաստող սարքի մասին է: Իսկ ահա «ապարատ» բառը հայերեն համարժեք ունի: Պետք էր ասել. «Կմիացնենք մեր բամբակի սարքը»:   

«Կա մի ձմեռային սպորտաձև, ուր չմուշկներ են հարկավոր»: Այս ձևակերպումը հայերեն չէ: Ճիշտ է՝ «Կա մի ձմեռային մարզաձև, որի համար չմուշկներ են հարկավոր»: 

«Ֆիզիկական բարդ պատրաստվածություն է պահանջում այս մարզաձևը»: Պատրաստվածությունը չի կարող լինել բարդ: Այն կարող է լինել լուրջկարգին և այլն: 

Փոքրիկ իշխանն ասում է. «Արի խնդրենք իմ տարեկիցներից մեկին, թող ավելի հավաքված և հետաքրքիր պատմի այդ մասին»: «Հավաքված» բառն այստեղ տեղին չէ: Պատմում են ոչ թե հավաքված, այլ  մանրամասնամբողջական և այլն:   

«Շների քիթը տարբերվում է մերինից»: Մերինը, քոնինը  խոսակցական  սխալ  ձևեր են: Չի կարելի դրանք եթերից հնչեցնել: Չէ՞ որ երեխաները եթերի խոսքը ընկալում են որպես հանձնարարելի: Ճիշտ է՝ «Շների քիթը տարբերվում է մերից»:  

«Արի նայենք, թե նրանք ինչ են մտածում այս ամենի մասին»: Ոչ թե նայենք, այլ տեսնենքՆայել նշանակում է հայացքն ուղղել ինչ-որ բանի, իսկ տեսնել բառի մեջ իմանալու, հասկանալու, տեսողությամբ ընկալելու իմաստը կա:   

Օդաչուն փոքրիկ իշխանին ցույց է տալիս լամպը ու պատմում նրա կառուցվածքի մասին. «Տեսնո՞ւմ ես այս կտորը: Նրա միջոցով նավթը ներքևից բարձրանում է վերև»: Այստեղ լեզվական սխալ չկա: Բայց կարելի էր օգտվել առիթից ու այս կտորը ասելու փոխարեն երեխաներին սովորեցնել պատրույգ բառը: 

Մենք ներկայացրինք հաղորդաշարի լեզվական սխալներից մի քանիսը միայն: Նկատի ունենանք, որ սա վաղ պատանեկան տարիքին ուղղված հաղորդաշար է, որպիսիք հայկական եթերում, ինչպես ասում են՝ վերջին հորիզոնականում են: 

Հեղինակ՝ Երազիկ Գրիգորյան

Նյութը հրապարակվել է «Մոլորակ» ամսագրի 612-րդ համարում։

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Մեզ հարցնում են 👇 ․ #հայերեն #հայոցլեզու
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-10/

#հայերեն

Մեզ հարցնում են 👇
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-9/

Ավելին